Պատասխան Հայ կաթոլիկ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի հրապարակմանը
Կարդացի ձեր անստորագիր շարադրանքը: Այն ոչնչով չէր տաբերվում խորհրդային ժամանաշրջանի կուսակցականի քարոզից իր մեջբերումներով ու խրատներով:
Թույլ էր, և գրված էր խնդրով չմտահոգվածի հոգեբանությամբ: Ձեր շարքերում սերնդափոխություն տեղի չի՞ ունեցել: Նոր ուղեղներ չունե՞ք, որոնց մտածողությունը համընթաց գնա ազգի ցավի հետ:
Խնդիրը խորքային է, պետք չէ ինձ սովորեցնել, ինչպես որ ժամանակ առաջ Հայր Պետրոսն էր ինձ սովորեցնում` չմտնել Հայ Առաքելական եկեղեցի, դա «ծռում» է նշանակում:
Սովորեցրեք Անատոլի Իվանյուկին, որ պսակի ժամանակ նորահարսին չհարցնի, թե թու՞րքն է հային կոտորել, թե՞ հայը թուրքին («Հետք», 2-ը դեկտեմբերի 2010թ.) և ինքն էլ պատասխանի, իհարկե՝ հայը թուրքին: Ո՞վ է Անատոլի Իվանյուկը, որ հարցականի տակ դնի հայոց ցեղասպանության իրողությունը:
Առաջնորդարանից տեր Գրիգորը փայլուն գիտե, թե ինչ խնդիր կա Ծղալթբիլայում, խնդիրը կրոնավորի հակամարդկային գործունեության մեջ է: Եվ կախված տարվա տարբեր եղանակներից երևույթին թող տարբեր գնահատականներ չտա տեր Գրիգորը:
Անատոլի Իվանյուկ, լարեք Ձեր հիշողությունը և ասեք, քանի ՞ անգամ են Ձեզ անմարդկային ձևով վտարել գյուղացիները և քանի ՞ անգամ եք հետ եկել Ձեր թիկնապահ և Ձեզանից ալյուր, շաքար, պահածո օգնություն ստացող խմբի օգնությամբ: Ինչու՞ եք Դուք արտոնյալ և 20 տարի շարունակ մնում նույն տեղում: Առաջնորդի կողմից փորձության անգամ չեք ենթարկվում և նոր տարածք Ձեզ չեն տեղափոխում: Որովհետև սահմանվածից էլ ավել հա՞րկ եք վճարում ձեր աթոռին պինդ մնալու համար և դա հայ կաթոլիկ հավատացյալի հաշվի՞ն:
Այնպես որ, տյարք հոգևորականներ, խնդիրը քննարկեք ձեր մեջ և գտեք ելքը, որպեսզի չվարկաբեկվի ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ հավատացյալը: Այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը:
Իսկ ես պարզաբանում եմ. եղբորս՝ Սարգիս Հովհաննիսյանի հուղարկավորման համար ես Ռաֆայել սրբազանից խնդրել էի թույլտվություն, որ կարգը կատարի հարևան գյուղից տեր Պողոսը և ստացել թույլտվությունը: Հաջորդ օրը Անատոլու միջամտությամբ փոխվում է որոշումը և տեր Պողոսին պարտադրվում չգնալ հուղարկավորման, Ախալքալաքի Տուրցխ գյուղից Ծղալթբիլա է ուղարկվում Հայր Անդրեն, որն էլ դառնում է այդ բոլոր խառնաշփոթի պատճառը: Սրբազան Ռաֆայել Մինասյանը ինձ խորհուրդ է տվել թույլտվություն վերցնել Հայր Մեսրոպից, այդ գործերով նա է զբաղվում, որն էլ արել եմ:
Մի ՛ աղավաղեք դեպքերի ընթացքը:
Սարգիս Հովհաննիսյանի որդին Հայր Անատոլիից հեռաձայնով թույլտվություն է վերցրել զանգերը հնչեցնելու համար, ոչ հուղարկավորության համար: Ունեմ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Կհրապարակեմ, երբ կարիքը լինի:
Ես պահպանել եմ նաև արխիվային այլ նյութեր: Հարկ եղած դեպքում դրանք ևս կհրապարակեմ, իսկ այս անգամ միայն մի փոքրիկ մաս, որոնց, հույսով եմ կվերաբերվեք ամենայն լրջությամբ:
Ծղլաթբիլայի ս. Փրկիչ եկեղեցին դա նաև իմ աղոթատեղին է, իմ նախնինների ջանքերով կառուցած և գյուղի հոգևոր կարիքների բավարարման համար նախատեսված: Եվ եթե իմ կրոնը կոչվում է հայ կաթողիկ, ուրեմն հոգևոր հովիվը պիտի հայ լինի, նրա երակներում հայի արյուն պիտի հոսի, որպեսզի հասկանա ինձ և չլինի այն, ինչը լինում է այսօր:
Ազգերին աստված ինքն է ստեղծել, ո՛չ ես, բոլորին ել տվել է ինքնուրույն լեզու, մտածողություն և մշակույթ: Սրանով է մարդկությունը հարուստ: Իսկ մենք, ձգտելով լինել համամարդկային, հիմքում պարտավոր ենք պահպանել մեր տեսակը:
Անատոլի Իվանյուկ, Դուք կա՞րող եք պատասխանել ստորև ներկայացվելիք մի քանի փաստարկների, մնացածը կպահեմ պատեհ առիթի համար:
- Ինչու՞ 20 տարի առաջ Ձեր խամաճիկի անանուն գրությամբ (նամակի բնօրինակը՝ ստորև) կազմակերպեցիք հարձակում իմ հայրական տան վրա, որը նաև Մխիթարյան Հայր Վահան Հովահաննիսյանի հայրական տունն էր: Ինչու՞ քանդեցիք օժանդակ կառույցները, կոտրեցիք տան ապակիները, որոնց դեմը անգամ չկարողացավ առնել Հայր Ներսես սրբազանը: Միայն, երբ տեսաք, որ ամբոխը (թող ներեն ինձ իմ համագյուղացիները, բայց նրանք այդ պահին ամբոխի էին նման) անարգում է անգամ սրբազանի կողմից ժողովրդին պարզած խաչը, նետվեցիք սրբազանի ոտքերին և ներողություն խնդրեցիք:


Սա Դուք չեք կարող մոռանալ:
- Ու՞ր է Ծղալթբիլայի ս. Փրկիչ եկեղեցու Տիրամոր (Հրաշալի պատկերք) սրբապատկերի բնօրինակը: Անգամ ոչ մասնագետը կնկատի, որ եկեղեցում ցուցադրվածը բնօրինակը չէ: Հիշեցնեմ, որ ես գեղանկարիչ եմ, լավ եմ հասկանում նկարը և գիտեմ բնօրինակի արժեքը: Այն բավական գին ուներ Ձեր աթոռը ամրացնելու համար:

Բնօրինակը և նորոգվածը
Հարգելի հայ Կաթոլիկ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժին, ինչու՞ չեք նշում ինձ հետ երկխոսության մեջ մտած անհատի անունը, ու՞մ եմ ես պատասխանում ու հարցեր ուղում: Ձեր այս պարզաբանումները թույլ են և իմ ժամանակը չեմ վատնի զազրախոսությանը պատասխանելու համար: Վարեք գրագետ, աստվածահաճո, ազգանպաստ, հիմնավորված և կարևորը՝ ըստ էության խոսակցություն: Ինքներդ գտեք ելքը այս վիճակից դուրս գալու համար, թե չէ, ես էլ խորհուրդ կտամ, որ ընթերցեք Մաթևոս ավետարանիչին "Բայց վայ ձեզ դպիրներ և փարիսեցիներ, կեղծավորներ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, ինքներդ չեք մտնում ու մտնողներին էլ թույլ չեք տալիս մտնել (Մթ., 23:13):
Դու՛ք, այդ դուռ փակողներն եք:
Իսկ այն, ինչ կատարվել է և կարող է կատարվել, շարունակություն չպետք է ունենա: Ձեր գրության վերջին մասը աղանդավորական բովանդակություն ունի: Կրթության պակաս կա: Գտեք ճիշտ ուղին:
Վիկտոր Հովհաննիսյան
Հայ քրիստոնյա, որը կարողանում է տարբերակել աստծուն ծառայող կրոնավորին և վարդապետություն խաղացող աշխարհականին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել