Անլուրջ վերաբերմունք` անլուրջ բյուջե
Հունվարի 27-ին Ալավերդու քաղաքապետարանում հրավիրված ավագանու արտահերթ նիստում սովորույթի համաձայն առանց քննարկման ու առարկությունների հաստատվեց քաղաքի 2007թ. ճշտված բյուջեն, որտեղ եկամուտներ եւ պաշտոնական տրանսֆերտներ նախատեսվել է 289 մլն դրամ, որից 163 մլն դրամը պաշտոնական տրանսֆերտներ են, 125 մլն դրամը` եկամուտներ:
Համայնքի բյուջեի 2007թ. եկամուտների հիմնական աղբյուրներն են 31,2 տոկոս կազմող հարկային եկամուտներն ու 8.7 տոկոս կազմող ոչ հարկային եկամուտները: Առ 2007թ.-ի հունվարի 1-ը համայնքի բյուջեի ապառքը կազմում է 149 մլն դրամ, որից 52 մլն դրամը հողի հարկերի, իսկ 97 մլն դրամը գույքահարկի հարկատուների` քաղաքապետարանին ունեցած պարտքերն են: Ասենք, որ արդեն 10 տարի է Ալավերդու քաղաքապետարանում արձանագրվում է, որ բնակչության անվճարունակության պատճառով գույքահարկը եւ հողի հարկը դժվարությամբ են հավաքագրում: Ինչպես գրված էր բյուջեի նախագծում, քաղաքապետարանի հարկերի հավաքագրման բաժինը 2007-ին էլ պետք է անհրաժեշտ աշխատանք կատարի հողի եւ գույքի վարձակալման վճարների հաշվարկման եւ գանձման, ինչպես նաեւ համայնքի հաշվեկշռում գտնվող, բայց չօգտագործվող հիմնական միջոցների վաճառքի եւ ֆոնդային բյուջեի համալրման ուղղությամբ: Սակայն մեկ է` այս տարի էլ, չնայած խոսակցություններին, հազիվ թե արդյունավետ լուծվի գյուղատնտեսական նշանակության հարկատու հողատերերի հետ քաղաքապետարանի ունեցած տարաձայնությունների հարցը ու գույքահարկի ցուցակների մաքրումը հանգուցյալ հարկատուներից եւ այլեւս ոչ պիտանի ավտոմեքենաներից ու այլ գույքից: Ինչ վերաբերում է հիմնական միջոցների վաճառքին, ապա նախորդ տարիների գործարքների փորձը ցույց է տվել, որ դրանցից քաղաքային բյուջեն առանձնապես չի շահում. իրավական լուրջ ուսումնասիրության դեպքում կպարզվի, որ դրանց վաճառքի իրական արժեքներից գրոշներ են մուտքագրվել բյուջե:
Ըստ տնտեսագիտական դասակարգման` Ալավերդու 2007թ. բյուջեի ծախսերի մեծ մասը ( 35,5 տոկոս ) կազմում է աշխատավարձը: Բյուջեի ամբողջ ծախսերի մեջ նախորդ տարիների պարտքը կազմում է 9 տոկոս կամ 22 մլն դրամ, որից 15 մլն-ը աշխատավարձի պարտք է: Այդուհանդերձ, Ալավերդիում այդպես էլ համայնքի բյուջեն իրատեսորեն չի քննարկվում ո՛չ ավագանու նիստում, ո՛չ էլ բնակչության շրջանում: Չափազանց տխուր է ավագանու աշխատանքային կուլտուրան: Քննարկումների ժամանակ ավագանու անդամները եւ քաղաքապետը միմյանց չեն լսում: Միասին խոսում են, միասին լռում: Թեեւ, ըստ ավագանու նիստի օրակարգի, բյուջեի մասին պետք է զեկուցեր քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, սակայն նա չզեկուցեց` պատճառաբանելով, որ մեկ ամիս առաջ կայացած 2007թ. բյուջեի նախնական քննարկման ժամանակ ավագանու անդամների կողմից, իբր թե կետ առ կետ, մանրամասն քննարկվել են բյուջեի եկամտային աղբյուրներն ու առանձին հոդվածներով նախատեսված ծախսերը, որը, ինչպես հետո պարզեցինք, իրականությանը չէր համապատասխանում:
Երբ նիստն ավարտվում էր, եւ օրակարգի հարցերն էլ սպառվել էին, ավագանու անդամ Գագիկ Էվոյանը պահանջեց նիստի օրակարգ մտցնել բյուջեի եկամտային գործառույթներին վերաբերող Սանահին գյուղական թաղամասի 1993թ.-ից հողի հարկ չվճարած հարկատու գյուղացիների դեմ դատարան հայց ներկայացնելու հարցը: Նա առաջարկեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով ու մինչ դատարան ուղարկելը պարզել, թե այդ գյուղացիների անունով գրված հողատարածքները ինչ հիմքերով են գրված, երբ գյուղի ծխամատյանը վաղուց կորած է, իսկ գյուղացիների մեծ մասը չունեն հողի սեփականաշնորհման վկայականներ, եւ շատերը չգիտեն քաղաքապետարանում իրենց անունով գրված հողերի տեղը: Նա պահանջեց ուսումնասիրել հարցը եւ պատժել մեղավորներին:
«Նրանց մեջ կան ծեր, հաշմանդամ գյուղացիներ, ովքեր չեն կարող ներկայանալ դատարան, իսկ այս մարդկանց բացակայությամբ կարող է բավարարվել քաղաքապետարանի հայցը` ծանր կացության մեջ դնելով հաշմանդամ հարկատուներին»,- ասաց Գագիկ Էվոյանը:
Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, մոռանալով, որ ինքը նիստը ղեկավարում է ընդամենը խորհրդակցական ձայնի իրավունքով, անմիջապես նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ աննպատակահարմար գտավ հարցը ավագանու նիստում քննարկելը:
Ասենք, որ ավագանու նիստի օրակարգում հաստատված բոլոր ինը հարցերի զեկուցողը նույնպես քաղաքապետն էր: Ավագանու անդամին լռեցնելու գործին միացան քաղաքապետարանի աշխատակազմը եւ ավագանու մյուս անդամները: Նիստի ավարտին Գ. Էվոյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարից տեղեկանք էր պահանջում այն մասին, որ ինքն իր ընտրողներին հուզող հարց է ցանկացել ներկայացնել ավագանու քննարկմանը, սակայն իրեն թույլ չեն տվել:
Մեր հարցմանն ի պատասխան` Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի դատավոր Սուրեն Բաղդասարյանը հաստատեց ավագանու անդամ Գագիկ Էվոյանի մտահոգությունը հաշմանդամ հարկատուների դատարան ներկայանալու անկարողության պարագայում ի վնաս նրանց վճիռ կայացնելու հնարավորության մասին:
Ավագանու նիստում այդպես էլ չբացահայտվեց, թե ճշտված բյուջեում ինչ փոփոխություններ են կատարվել: Քաղաքապետի տեղեկությունը ճշտված բյուջեի մասին ծավալվեց ու սահմանափակվեց միայն այն մասով, որ կառավարության կողմից 48 մլն դրամ է հատկացվել Մադան թաղամասում գերեզմանատուն կառուցելու համար: Նա խոստացավ, որ ջանալու է ստեղծել հատուկ ծառայություն, ու չգիտես ինչու առանձնապես ծավալվեց գերեզմանափորների թեմայով:
Սակայն ճշտված բյուջեում կար նաեւ այլ փոփոխություն: Մեկ ամիս առաջ` նախնական քննարկման ժամանակ, բյուջեի պարտքերը կազմել էին 39 մլն դրամ, իսկ ճշտված բյուջեում այն 22 մլն դրամ էր: Բյուջեի հսկայական թվակույտի մեջ գրագիտությամբ առանձնապես չփայլող ավագանու անդամները հազիվ թե նկատեցին կամ հասկացան այդ փոփոխությունը: Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի ֆինբաժնի վարիչ Սամվել Աբելյանից, ճշտված բյուջեում 1,9 մլն դրամ էր հատկացվել Ալավերդու «Հայպետշին» շուկայով երկաթգծի գծանցին հարող մուտքը հենապատով փակելու համար, որը, անշուշտ, քննարկման կարիք ուներ:
Նախ` Ալավերդու երկաթգծով գնացքներ գրեթե չեն աշխատում, եւ հազիվ թե հատկացումը կատարվել էր մարդկանց անվտանգության համար, մանավանդ գծանցով քաղաքացիների անվտանգ երթեւեկությունը ապահովելու համար դեռ խորհրդային տարիներին այստեղ կառուցվել է կամուրջ: Հարցն այն է, որ հենապատի կառուցմամբ «Հայպետշին» շուկայով հետիոտնի անցուդարձը դադարում է` բնականաբար նվազեցնելով գնորդների քանակը, որի հետեւանքով առեւտրականները ճարահատյալ կտեղափոխվեն քաղաքապետի սեփականություն հանդիսացող շուկան, որից առեւտրականները մինչեւ օրս խույս են տալիս վաճառատեղերի թանկ գների պատճառով: Արժեր հանուն քաղաքապետի շահերի բյուջեի սուղ միջոցներից շուրջ 2մլն դրամ տրամադրել, այն էլ 10մ երկարությամբ եւ երկու մետր բարձրությամբ հենապատ կառուցելու համար: Հավանաբար, սա ոչ պատահականորեն չներկայացվեց եւ չքննարկվեց նիստում:
Ավագանին այդպես էլ անտարբեր մնաց ալավերդցիների համար կենսական «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի բյուջեին 2006- 2007թթ. մասհանումների հարցի նկատմամբ: Այս նպատակով 2006թ. հատկացվել է 19,9 մլն, իսկ 2007-ին` 9մլն դրամ: Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ այդ մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ եւ համայնքի տարածքում պետք է օգտագործվեն բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Քաղաքապետարանում, որտեղ անհնար է բանավիճել, օրենքը գիտակցաբար խեղաթյուրվում է:
Ըստ օրենքի` ծրագիրը ներառում է համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային եւ օդային տարածքների, բուսական ու կենդանական աշխարհի պահպանման եւ վերականգնման միջոցառումներ, ինչպես նաեւ բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ:
Ասենք, որ մասհանումների 2006թ.-ին հատկացված 19.9 մլն դրամից օրենքի պահանջին համապատասխանում է միայն քաղաքի մանկապարտեզների երեխաների լրացուցիչ սննդի համար հատկացված 2 մլն դրամը: Իսկ քաղաքի Էնգելս թաղամաս տանող ճանապարհի Դեբեդ գետին հարող հենապատի վերանորոգման համար ծախսված 6 մլն դրամը, քաղաքի հեղեղատարների մաքրմանը հատկացված շուրջ 5մլն դրամը, Ակներ գյուղական թաղամասի ակումբի շենքում բուժկետի ստեղծման համար 4 մլն դրամի ծախսումները, կատարված աշխատանքների համեմատ, արժանահավատ չեն դիտվում բնակչության շրջանում:
Ալավերդցիները հումորով են վերաբերվում նաեւ 2007թ. ճշտված բյուջեով հաստատված բնապահպանական 9 մլն դրամ մասհանմանը, որից շուրջ 5 մլն դրամ հատկացվել է Սանահին գյուղի վանքի բակում զուգարան կառուցելու նպատակով: Նրանք անհամբերությամբ սպասում են զուգարանին` կատակով ենթադրելով, որ այն, հավանաբար, լողավազանով ու ննջարանով է լինելու: Համայնքի 2007թ. բյուջեն առավելապես խոցելի է բնակարանային-կոմունալ տնտեսության ծախսային մասով. վարչական բյուջեին հատկացված 35 մլն դրամից 25 մլն դրամը նախատեսվել է քաղաքի աղբահանության համար:
Ինչպես այս, այնպես էլ նախորդ տարիների բյուջեներով քաղաքապետարանի կողմից կանաչապատման աշխատանքներ չեն նախատեսվել: Ցավոք, բյուջեի քննարկմանը չէին մասնակցում նրա ծախսումների վերահսկողությանն առնչվող պաշտոնյաները: Այս կապակցությամբ Ալավերդու գանձապետուհի Անահիտ Սարգսյանն ասաց, որ թեեւ իրեն հրավիրել են բյուջեի քննարկմանը, սակայն քաղաքապետարանում չեն կատարել իր խնդրանքը` նախապես ուսումնասիրելու համար մեկ շաբաթ առաջ իրեն բյուջեի նախագիծ տրամադրելու վերաբերյալ: Իսկ բյուջեի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը ստեղծում է անլուրջ բյուջե:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել