Էջմիածնի ծննդատունը 19 մլն դրամի պարտք ունի. ծնունդների թիվը նվազում է
Էջմիածնի եւ հարակից գյուղերի հղիների մոտ 40 %-ը նախընտրում են չօգտվել անվճար բուժօգնությունից եւ վճարովի ծննդաբերում են Երեւանի բուժհաստատություններում: Հիմնական պատճառն Էջմիածնի ծննդատան ոչ բարվոք վիճակն է:
Ծննդատան մասին տեղացիները շատ պատմություններ գիտեն, և այդ պատմությունները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում։ Բայց դրանք ծննդատնից խուսափելու միակ պատճառը չէ․շենքը, ինչպես և հարևանությամբ գտնվող քաղաքային հիվանդանոցը, կառուցման օրվանից կապիտալ չի վերանորոգվել։
Ծննդատունը կառուցվել է 1967թ.ին , մինչ օրս այն վերանորոգվել է միայն կոսմետիկ։ Եթե չլինեին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի վերջերս նվիրած՝ վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումները, ապա ծննդատանը որևէ այլ ժամանակակից սարք դժվար կլիներ գտնել։
Էջմիածնի ծննդատունը գտնվում է Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ։ Ծննդատան բյուջեն գոյանում է բացառապես պետպատվերի շրջանակներում ստացված գումարից։ Ամեն ծնունդի համար ծննդատունը ստանում է 107 հազար դրամ, ինչը 17 հազարով ավել է նախկինում տրամադրվող ծննդօգնությունից։ (Հիշեցնենք, որ Երևանի և մարզերի բուժհաստատությունների գումարը մինչև 2012թ․ օգոստոսի 1-ը տարբեր էր․Երևանում 100 հազար, այլ քաղաքներում՝ 90 հազար դրամ)։
Գոյացած գումարի հիմնական մասը, ծննդատան տնօրեն Աշոտ Սամսոնյանի խոսքերով, ծախսվում է աշխատավարձի, կոմունալ վճարների և եկամտահարկի վրա: «Հունվարին, օրինակ, ունեցել ենք 38 ծնունդ, դա ստացվում է մոտ 5 ու քանի միլիոն, իսկ մեր աշխատավարձը, եկամտահարկը կազմում են 6,5 միլիոն։ 2014թ․ի համեմատ՝ ծնունդերի թիվը նվազել է: 2013թ․ ունեցել ենք 748 ծննդաբերություն, 2014թ․ին՝ 120-ով պակաս (մոտ 630 հեղ․)։ Այս տարի նորից միտում կա պակասելու»,-ասում է Աշոտ Սամսոնյանը։
Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ ավելանում են կոմունալ ծախսերը, ինչի հետևանքով ծննդատունն այսօր կուտակել է 19 մլն դրամ պարտք։
Ստացվում է՝ 748 ծննդաբերությունը տարվա կտրվածքով (տվյալ դեպքում ՝ 2013թ․ի) ծննդատանը տալիս է մոտ 80 մլն դրամ, ամսական միջինը՝ 6,6 մլն դրամ, ինչը լիովին բավականացնում է աշխատավարձերի և եկամտահարկի ամսական 6,5 մլն դրամը վճարելուն։ Սակայն հենց 2013թ․ տվյալներով՝ ծննդատունն արդեն հասցրել էր 13 մլն դրամ պարտք կուտակել։
Տնօրենի խոսքով՝ տարեկան միջինը մոտ 500 հղի է Էջմիածնից գնում Երևան։ Իսկ դա կազմում է մոտ 53, 5 մլն դրամ, որից ծննդատունը զրկվում է։
«Պատճառը հիվանդանոցի այս վիճակն է,- կարծում է տնօրենը- և մեր հայ ժողովրդի ցուցամոլությունը։ Շատ մարդիկ կարող է իրենց տանն էլ սենց սանհանգույց չունենան, սենց սենյակում չապրեն»։
Էջմիածնի ծննդատուն գնացողները հիմնականում հարակից գյուղերից են ։
Ծնունդների թվի նվազման մեկ այլ պատճառ տնօրենը համարում է տեղամասային կանանց կոնսուլտացիայի բժիշկներն են, ովքեր իրենց հղիներին ուղղորդում են Երևան:
«Մեր տներում էլ կարող է բաքսի չլինի, կամ եսիմ ինչ չլինի, բայց մինիմալ պայմանները կան։ Դեռ հիմա ձմեռ է, հասկացանք․բայց ամառը հո տա՞ք է»,- ասում է տնօրենը։
Իսկ ձմեռը տաք չէ, որովհետև ծննդատանը մշտական ջեռուցում չկա․ձմռան ամիսներին այն տաքացվում է բացառապես էլեկտրական ձեռուցիչներով։
Մշտական ջրից ծննդատունը ևս զրկված է․ ջուրը գալիս է օրական 3 անգամ, հիմնականում այն ամբարվում է բակում գտնվող ավազանում եւ այլ տարաներում՝ հետագայում օգտագործելու համար։
Արմավիրի մարզպետարանը խոստացել է առաջիկայում մի քանի սենյակ վերանորոգել: Իսկ թե ե՞րբ դա տեղի կունենա, դեռևս հայտնի չէ։
«Մարզպետի հետ հանդիպման էինք երեկ (փետրվարի 11,-հեղ.), փոխմարզպետին հանձնանրարություն տրվեց, որ առաջիկայում գոնե առնվազն 5-6 սենյակ ընտիր սարքեն» ,- ասում է Ա․Սամսոնյանը:
Ծննդատանը կոսմետիկ վերանորոգված է միայն մի քանի սենյակ և նորածնային բաժանմունքի սանհանգույցը։ Գինեկոլոգիական բաժանմունքի մի շարք սենյակներում պատկերն այլ է:
Այնուամենայնիվ, Ա․Սամսոնյանը հավատում է, որ « ծնունդ սպասարկելու համար ծննդատանը վատ պայմաններ չեն»:
Անդրադառնալով մանկական մահացություններին՝ Ա․Սամսոնյանն նշեց, որ այդ առումով՝ ծննդատան վիճակագրությունը բավականին լավ է:
«Մեր ծննդատունը մի հատ մեռելածնված չունի, նորածնային մահ չունի: Չի եղել այնպիսի դեպք, որ կենդանի, պտղի սրտի աշխատանքով երեխայի ծնունդ ընդունվի ու մահացած երեխա բերի: 4 հատ է եղել ամբողջ տարվա ընթացքում (2014թ․,-հեղ)։ Իսկ մայրական մահացություն վերջին անգամ գրանցվել է 1979 թ-ին՝ 36 տարի առաջ»,- ասում է Ա․Սամսոնյանը:
Նշենք, որ Առողջապահության նախարարության 2009-2014թթ․ տվյալների համաձայն՝ Էջմիածնի ծննդատանը մահացել է 0-1 տարեկան 24 երեխա։ Մայրական մահացության դեպք չի գրանցվել։
Էջմիածնում հաշվառված կանայք, ովքեր բավականին գումար չեն ունենա պետպատվերից հրաժարվելու և ավելի լավ պայմաններում ծննդաբերելու, ստիպված են ծննդաբերել ԽՍՀՄ տարիներից մնացած գինեկոլոգիական բազմոցին, «կլինկորապատ» վիրահատական սեղանին, էլեկտրական պլիտայով ջեռուցվող, մշտակական ջուր չունեցող ծննդատանը։
Այնինչ, ընդամենը մի քանի կիլոմետր անցնելով, կարելի է հասնել Երևան և ծննդաբերել հարմարավետ պայմաններում՝ թեկուզև վճարելով։
Մեկնաբանել