Լոռիում գյուղապետերը գյուղնախարարին ներկայացրին ոլորտի խնդիրները
Գայանե Սարգսյան
Փետրվարի 17-ին Լոռու մարզպետարանում էին հավաքվել մարզի համայնքապետերը՝ հանդիպելու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի հետ: Նախարարը նախ ներկայացրեց Հայաստանի եւ Լոռու մարզի 2014թ.-ի գյուղատնտեսական ցուցանիշները, ապա պատասխանեց համայնքապետերին հուզող հարցերին:
Սարահարթի համայնքապետ Վասիլ Փիլոյանը բարձրաձայնեց ոռոգման ջրի խնդիրը. «Շուրջ չորս տարի է, համայնքում ոռոգման խնդիր ունենք: Պամպակայաններ ունեինք, որոնք ժամանակի ընթացքում թալանվել են: 300 հեկտար հողատարածքը չենք կարողանում ոռոգել: Անցյալ տարի գրավոր դիմել ենք ջրային տնտեսությանը, ոչ մի պատասխան չենք ստացել»:
Գագիկ Խաչատրյանը խոստացավ ուսումնասիրել հարցը եւ առաջիկայում պատասխանել:
Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը մի քանի հարց ուներ: Հարցերից առաջինը վերաբերում էր «Լալվարի» անտառտնտեսությունում 2008թ.-ից ի վեր կուտակված 300-350 խմ վառելափայտի իրացմանը: ՚
«Այդ վառելափայտը հիմնականում արդեն շարքից դուրս է եկել: Չնայած նրան, որ «Հայանտառը» գինը 50 տոկոսով իջեցրեց, 1 խմ-ի արժեքը 12.000 դրամից դարձնելով 6.000 դրամ, բայց էլի չի վաճառվում: Եթե այս տարի մինչեւ ջեռուցման սեզոնի ավարտը այն չիրացվի, այլեւս պիտանի չի լինի օգտագործման համար: Խնդրում եմ թույլատրեք, որ այն որոշակի քանակներով տրամադրենք սոցիալապես անապահով բնակիչներին»,- նախարարին դիմեց գյուղապետը:
«Ինձ զեկուցել են, որ այդ փայտանյութը տարիներ շարունակ մնացել եւ փտած է: Կաշխատենք մատչելի գներով այն տալ գյուղացիական տնտեսություններին»,- արձագանքեց նախարարը:
ՀՀ կառավարությունը 2011թ.-ի հոկտեմբերի 27-ի որոշմամբ ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել է բնօգտագործման վճարների գծով արտոնություն: Այս որոշմամբ անտառների մոտակա բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներ որպես պետական աջակցություն ապահովվում են անվճար վառելիքով. անտառամերձ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է մինչեւ 8 խմ թափուկ:
Սա, սակայն, Շնողի գյուղապետի կարծիքով, բավարար չէ: «8 խորանարդ մետրը ջեռուցման ամբողջ սեզոնի համար չի բավականացնում, որովեհետւ կան նաեւ չգազաֆիկացված համայնքներ, որոնք ողջ տարին վառելափայտ են օգտագործում: Խնդրում եմ, որ ազգաբնակչությանը թույլատրվի այդ 8 խմ-ից զատ եւս 8 խմ մատչելի գնով գնել»,- նշեց գյուղապետը, վստահեցնելով, որ դա կնպաստի ապօրինի անտառահատումների կրճատմանը:
Գյուղնախարարն առաջարկեց արդեն իսկ սկսել այս տարվա համար փայտանյութի տրամադրման հայտերի ներկայացման գործընթացը, որի ընթացքում կքննարկվի նաեւ լրացուցիչ հատկացումների հարցը:
ՀՀ բնապահպանության նախարարի 2008թ.-ի օգոստոսի 22-ի N 295-Ա եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008թ.-ի օգոստոսի 14-ի N 151-Ա համատեղ հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն` «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչեւ 2019թ.-ը պետք է հատի 714 հա անտառ: Ըստ ժամանակացույցի` արդեն հատվել է 371,8 հա անտառ: Ընկերությունը անտառավերականգնման ծրագրով պարտավորվել է մեկ հա հատված անտառի դիմաց վերականգնել 2 հա անտառ:
«Կազմակերպությունը իր հիմնական գործունեությունը իրականացնում է Շնող համայնքի վարչական տարածքում: Մենք այդքան հողատարածքներ չունենք, որպեսզի տրամադրենք անտառապատման համար: Մարզպետի միջամտությամբ, ընկերության հետ բանակցությունների արդյունքում որոշվեց պտղատու ծառեր տնկել»,- այսօր կայացած հանդիպման ընթացքում նշեց Շնողի գյուղապետը, փաստելով, որ թեեւ ընկերությունը արդեն իսկ 8.5 հա չափով ծառատնկման աշխատանքներ է կատարել, սակայն այդ ծրագիրը դեռեւս իրավական ուժ չունի:
«Պտղատու այգին տնկելու ծրագիրը ես ինքս եմ խրախուսել, ասել եմ, որ դա շատ նպատակային է: Ես կասեմ, որ այդ հարցի լուծումն արագացնեն»,- արձագանքեց նախարարը:
Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը հանդես եկավ համայնքապետերի լիազորությւունների ընդլայնման առաջարկով. «Դսեղը ունի 3115 հա անտառային տարածք, որտեղ աշխատում են 28 համագյուղացիներ: Գիտե՞ք, ոչ բոլորն են բարեխիղճ աշխատում: Ես խնդրում եմ հրաման կամ ցուցում տվեք տարեկան մեկ անգամ մենք բնութագիր ներկայացնենք, թե տվյալ մարդը համապատասխանում է իր տեղին, թե՝ ոչ, ավագանով հաստատենք, ուղարկենք ձեզ,- նշեց գյուղապետը,-դրանով կմեծանա համայնքների ղեկավարների դերը: Ինչքան մենք մեծ իրավունք ունենանք, այնքան մեր աշխատանքը նպաստավոր կլինի»:
Առաջարկը նախարարի կողմից միանշանակ չընդունվեց: «Այդ գործընթացը ո՞նց պետք է կազմակերպվի: Դուք ամեն օր նրանց աշխատանքը տեսնո՞ւմ եք… Դուք ձեր աշխատանքն ունեք, այդ մարդն իր աշխատանքն ունի: Ամբողջ օրը հո չե՞ք կանգնելու, աշխատանքը ստուգեք: Եթե որեւէ մեկի նկատմամբ դուք ինչ-որ դժգոհություն ունեք, կարող եք բարձրաձայնել, ասել, նամակ գրել»:
Հալավարի գյուղապետը բարձրաձայնեց կաթի մթերման գնի հետ կապված խնդիրը: «Կաթը տեղում մթերվում է շատ ցածր գնով՝ 150 դրամով: Խոսակցություններ կան, որ հնարավոր է գինն էլի իջնի»:
Գյուղնախարարի հարցին՝ թե ո՞ր կազմակերպությունն է այդ գնով մթերում, գյուղապետը պատասխանեց. ««Մարիաննան», ՚«Աշտարակ կաթը», ՚«Դիետը»»:
Նշված կազմակերպություններից առանձնացնելով մեկին, նախարարը նշեց. « Ես կհանձնարարեմ «Մարիաննայի» հարցով զբաղվեն»:
Ապա նա գյուղապետերին խորհուրդ տվեց պաշտպանել իրենց իրավունքները. «Դուք ձեր իրավունքները չեք կարողանում պաշտպանել: Այսօր կաթի յուղայնությունը շատ բարձր է: 150 դրամով իրավունք չունեն վերցնեն: Մենք որպես խելամիտ գին ընդունել ենք 150 դրամը: Բայց հիմա, երբ յուղայնությունը բարձր է, էլ ավելի բարձր պետք է լինի մթերվող գինը: Դուք կազմակերպեք համայնքում, ասեք, որ եթե այս գնով չեք մթերում, չենք հանձնում կաթը,- նշեց նա, դիմելով Հալավարի գյուղապետ Սարգիս Հակոբջանյանին,- դու ես համայնքապետը, մթերողին կանչի, հետը նստի, խոսի: Ասա՝ ի՞նչ իրավունք ունես այդ գնով ընդունես»:
Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանի տեղեկացմամբ՝ այստեղ եւս ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան. «Վերջին երկու-երեք տարիներին Կաթնաջուրի ոռոգման աշխատանքները նույնսիկ ամենապիկ սեզոնին ընդհատվում են մայր ջրագծի 80 մետր հատվածի պատճառով, որը ենթակա է փոխարինման»:
Գյուղնախարարը այս դեպքում եւս խոստացավ ուսումասիրել հարցը:
Գոգարանում թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը գյուղացուն է հասնում ինքնահոս եղանակով: Գյուղապետի հարցին, թե այս դեպքում ջրօգտագործման թույլտվությունը պարտադիր է, թե՝ ոչ, նախարարը պատասխանեց. «Այո, պարտադիր է: Ջուրը դիտարկվում է որպես պետական ռեսուրս եւ դուք պետք է բնապահպանության նախարարությունից ջրօգտագործման թույլտվություն ստանաք»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում Հայաստանում կառուցվում են թվով 5 սպանդանոցներ, որոնցից մեկը Լոռու մարզի Օձուն համայնքում: Օձունի գյուղապետը հետաքրքրվեց՝ երբվանի՞ց են աշխատելու սպանդանոցները եւ ի՞նչ ծավալով:
Նախարարը նշեց, որ այժմ ընթացքի մեջ են սակագների հաստատման աշխատանքները, որոնք հաստատելուց հետո սպանդանոցները կսկսեն գործել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել