HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագրի սպանությունը

«Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամար կոչվող հուշարձանից մոտ 500 մետր հեռավորության վրա, ոստիկանները հայտնաբերել էին մոտ երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 1-ին: Ինչպես ոստիկանությունն էր հայտնել, 51-ամյա կինը թալանված չէր, իսկ դիակի վրա առկա էին բռնության հետքեր:

Սպանության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունը հայտնում է, որ երկու օր առաջ սպանության կասկածանքով ձերբակալվել են հայր եւ որդի Վաղարշակ ու Հակոբ Աբաջյանները: Նրանք խոստովանել են, որ սպանել են ոչ միայն խմբագրին, այլեւ վերջինիս ամուսնուն՝ Յուրի Սրաբյանին:

Արդեն այսօր իրավապահները Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղում գտնվող մի կիսակառույց շենքի մոտ Հակոբի մատնանշմամբ հայտնաբերել են Սրաբյանի դին:

Պարզվել է, որ երեւանցի Վաղարշակի հետ խմբագիր Աբրահամյանն աշխատանքային եւ ֆինանսական հարաբերություններ է ունեցել: Որոշ ժամանակ անց նրանց միջեւ ծագել են տարաձայնություններ, ինչին միջամտել է խմբագրի ամուսինը՝ Յուրի Սրաբյան: Արդյունքում Վաղարշակը եւ նրա որդին՝ Հակոբը, սկզբում ծեծել են Սրաբյանին, հետո խեղդամահ արել: Հայր եւ որդի դիակը գցել են փոսի մեջ, ապա ծածկել քարերով եւ հողով:

Այնուհետեւ նրանք խաբեությամբ Ողջաբերդ գյուղի սկզբնամաս են տարել սպանվածի կնոջը՝ Ալվարդ Աբրահամյանին, որտեղ էլ Վաղարշակ Աբաջյանը նրան խեղդամահ է արել: Ըստ ոստիկանության՝ նման սցենարով՝ ամուսնու դին թաքցնելով, իսկ կնոջ դիակը թողնելով սպանության վայրում, Աբաջյանները կարծել են, թե իրավապահները կառաջնորդվեն ծանրակշիռ թվացող այն վարկածով, որ ամուսինը կնոջը սպանել է եւ անհետացել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter