HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի խախտումներին վերաբերող վարույթներ չեն հարուցվել` դիմումների բացակայության հիմքով

Վերջին օրերի ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունը» ջրի երես հանեց մի շարք պաշտոնյաների բառապաշարը, որը անհամատեղելի է նրանց ունեցած դիրքին, զբաղեցրած պաշտոնին և չի նպաստում հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը: Պաշտոնյաների մակարդակով հեռուստաէկրաններից իրար մականուններով, վիրավորական արտահայտություններով դիմելը, սոցիալական ցանցերոում նույն ոճով արված գրառումները քիչ թե շատ զարգացած երկրներում կարժանանային համապատասխան վերաբերմունքի, և չէին բացառվի նույնիսկ հրաժարականները: Իսկ ի՞նչ է լինում Հայաստանում:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մամուլի հրապարակումներին հետևում են, սակայն հանձնաժողովը նախկինում կայացրել է դիրքորոշում, ըստ որի, եթե խոսքը վերաբերում է վիրավորական արտահայտությունների միջոցով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուն, ապա այստեղ գործ ունենք միջանձնային հարաբերությունների հետ, որի վերաբերյալ գործերը հանձնաժողովի կողմից կարող են քննվել համապատասխան դիմումների առկայության պարագայում:

«Հրապարակումներին հետևում ենք, բայց պաշտոնապես միջադեպերին վերաբերող որևէ դիմում չենք ստացել և դիմումներ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգերով դրանց ընթացք կտանք և քննարկման առարկա կդարձնենք»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Հարցին, թե հանձնաժողովը չի կարող արդյոք իր նախաձեռնությամբ վարույթ հարուցել, Ս. Սահակյանն ասաց, որ հանձնաժողովն առանձնացրել է այդ դեպքերը, որոնք կարող են սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ:

Հանձնաժողովը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով վարույթ հարուցելու մասին որոշումով նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու հայեցողությունն անհրաժեշտ է դիտել որպես բացառիկ դեպքերում օգտագործվող միջոց: Ըստ այդմ` բացառիկ կարող են համարվել հասարակական լայն շերտերին վերաբերող, համակարգային բնույթ ունեցող էթիկայի կանոնների խախտումները, հասարակական մեծ հնչեղությունը, միանգամից մեծ թվով մարդկանց նկատմամբ էթիկայի կանոնների խախտումներ թույլ տալու դեպքերը, կամ այն դեպքերը, երբ անձը, օբյեկտիվ պատճառներից ելնելով, չի կարող անձամբ դիմել հանձնաժողովին:

Իսկ այն դեպքերին, երբ խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումներին, որոնք ուղղված են կոնկրետ անձի կամ անձանց խմբի, հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել դիմում:

«Ինչքանով ծանոթացել ենք, դասական առումով, այս խնդիրները չեն եղել, որպեսզի հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ հարուցեր, և դրանց գնահատականը կտրվի դիմումների առկայության դեպքում»,- ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահը:

Հասարակական մեծ հնչեղություն ստացավ հատկապես ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանի մասնակցությամբ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը: Հարցին, թե գոնե այդ հաղորդումը քննարկման առարկա արդյոք դարձել է, Սիրանուշ Սահակյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ես անձամբ ծանոթ չեմ այդ հաղորդմանը, շատ հավանական է, որ հանձնաժողովի առանձին անդամներ դիտած լինեն, բայց կարծում եմ՝ անթույլատրելի կլինի ընթացակարգերից դուրս քննարկում ծավալելը և վերաբերմունք ձևավորելը: Կարծում եմ՝ միակ վերաբերմունքը, որ թույլատրելի է ձևավորել և դրա մասին բարձրաձայնել, սահմանված ընթացակարգերով հարցը քննարկման առարկա դարձնելն է: Միգուցե յուրաքանչյուրը ուսումնասիրել է դեպքը, ներքին համոզմունք ձևավորել է, բայց սահմանված ընթացակարգերով որևէ քննարկում չի եղել: Դիմումի առկայության դեպքում այդ հարցին կանդրադառնանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter