HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Կոսովոն եւ Ղարաբաղը

Ահտիսաարի նախագիծը կդառնա՞ ուղենշային մոլորակի մյուս սառեցված հակամարտությունների կարգավորման համար

Երկիր մոլորակի վրա կան մի շարք «սառեցված» հակամարտություններ, որոնք տասնյակ տարիներ վերջնական լուծում չեն գտնում նախ եւ առաջ ներգրավված կողմերի անզիջում, կարծր դիրքորոշումների պատճառով:

Պաղեստին, Քաշմիր, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Կոսովո եւ նման այլ հակամարտություններ, որոնք իրենց ծագումով, պատմական անցյալով, յուրահատկություններով եւ այլ հատկանիշներով, անշուշտ, տարբերվում են միմյանցից, բայց ունեն մեկ գլխավոր ընդհանրություն. կարգավիճակի հարցում ներգրավված կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Որքան էլ Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում կամ Թբիլիսիում ու Սուխումում պնդեն, որ ղարաբաղյան եւ աբխազական հակամարտությունները տարբերվում են Կոսովոյի խնդրից, միեւնույն է` հենց Կոսովոյի ապագա կարգավիճակը կարող է դառնալ ուղենշային մոլորակի մյուս սառեցված հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան կարգավորման համար: Ի՞նչ է առաջարկում միջազգային հանրությունը Կոսովոյին: Ըստ էության` անկախություն, բայց որպեսզի այդ կարգավիճակը, այսպես ասենք` մարսելի լինի Սերբիայի համար, այսինքն` իբր չլինեն հաղթողներ եւ պարտվողներ, Արեւմուտքը օգտագործում է «սահմանափակ անկախություն» տերմինը:

Փետրվարի 2-ին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին Սերբիայի եւ Կոսովոյի իշխանություններին է ներկայացրել Կոսովոյի կարգավիճակի մասին ամբողջական փաթեթը: Ինչպես հայտնի է, 1999 թվականից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն ռմբահարեց Սերբիան, Կոսովոն դրվել է ՄԱԿ-ի հովանու ներքո եւ, ըստ էության, արդեն 7 տարի Բելգրադը կորցրել է վերահսկողությունը Պրիշտինայի նկատմամբ:

Սերբերը որեւէ կերպ ընդունելի չեն համարում Կոսովոյի այնպիսի կարգավիճակ, որով երկրամասը կստանա անկախություն, մինչդեռ ալբանացիները անկախությունից ցածր կարգավիճակը համարում են անընդունելի: Սերբերը Կոսովոն համարում են բնիկ սերբական հող, ալբանացիներին` եկվորներ, որոնք տարիների ընթացքում երկրամասում դարձել են մեծամասնություն: 1918 թվականին, երբ կազմավորվեց նախկին Հարավսլավիան (Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա (Մոնտենեգրո), Մակեդոնիա, Բոսնիա-Հերցեգովինա), գերազանցապես ալբանացիներով բնակեցված Կոսովոն ինքնավար մարզի կարգավիճակով անցավ Սերբիայի կազմ:

Սլոբոդան Միլոշեւիչի օրոք Կոսովոյից «վերցվեց» նրա ինքնավարությունը, ապա տեղի ունեցավ ալբանացիների տեղահանում, դրան հետեւեց ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը, հետո տեղահանվեցին Կոսովոյի սերբերը: Այսօր Կոսովոյի մոտ 2 միլիոն բնակչության միայն հինգ տոկոսն են կազմում սերբերը, որոնք հավաք կերպով բնակվում են երկրամասի հյուսիսում` Սերբիային հարող շրջաններում:

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը փետրվարի 2-ին Բելգրադում Մարտի Ահտիսաարիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ կարգավորման առաջարկություններում հստակ չի նշվում, թե Կոսովոն կարող է անկախություն ստանալ, բայց չկա նաեւ կետ, որում խոսվի Սերբիայի տարածքային ամբողջականության մասին: «Այս եւ Ահտիսաարիի մի շարք այլ կետեր հաշվի առնելով` Կոսովոն կարող է անկախ դառնալ»,- ասել է Տադիչը:

Ենթադրվում է, որ միջազգային հանրությունը Կոսովոյին կառաջարկի մի կարգավիճակ, ըստ որի կոսովարները, այսինքն` Կոսովոյի բնակչության ավելի քան 90 տոկոս կազմող ալբանացիները, կունենան անկախ պետության հատկանիշներ. սահմանադրություն, սեփական կառավարություն, անվտանգության ուժեր, պետական դրոշ, օրհներգ, ինչպես նաեւ իրավունք` անդամակցելու միջազգային կազմակերպություններին: Ավելի հասկանալի լեզվով` Կոսովոն ստանում է անկախություն Սերբիայի սահմաններում, սակայն որեւէ ձեւով ուղղահայաց հարաբերություններ չի ունենում Բելգրադի հետ: Մյուս կողմից` Կոսովոն հետագայում չի կարող միանալ Ալբանիային, այսինքն` օրակարգից հանվում է «Մեծ Ալբանիա» հասկացությունը:

Ըստ էության, Ահտիսաարիի ծրագրով Կոսովոն անկախանում է Սերբիայից, բայց այդ անկախացումը միանգամից չի հայտարարվում: Եթե համեմատենք Ահտիսաարիի` սերբերին եւ ալբանացիներին ներկայացրած ծրագիրը այն առաջարկությունների հետ, որոնք վերջին տարիներին առաջարկում են միջազգային միջնորդները ղարաբաղյան հակամարտության կողմերին, ապա սկզբունքային հարցերում դրանք շատ նման են:

1997թ. աշնանը Երեւանին, Ստեփանակերտին եւ Բաքվին ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը ներկայացրեց կարգավորման «փուլային» տարբերակը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները, բացառությամբ Լաչինի միջանցքի, վերադարձվում էին Ադրբեջանին, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու էր տարիներ հետո: Հայաստանի առաջին նախագահը, միջազգային հանրությունը, Ադրբեջանը գիտակցում էին, որ ղարաբաղյան կարգավորման հարցում բարդագույնը կարգավիճակն է, եւ հենց այդ պատճառով կարգավիճակը թողնվում էր ապագային: 1997թ. առաջարկը, որը խիստ վերապահումներով, որպես բանակցությունների հիմք, սկզբունքորեն ընդունելի էր համարում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա հրաժարականի պատճառներից մեկը դարձավ:

Մեկ տարի անց` 1998 թվականի աշնանը, Մինսկի խումբը ներկայացրեց նորացված առաջարկություն, որը հայտնի է «Ընդհանուր պետություն» անունով: Եթե 1997թ. «փուլային» տարբերակն ընդունելի էր համարել Բաքուն, սակայն մերժել էին Ստեփանակերտն ու Երեւանի իշխանությունների Վազգեն Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան թեւը, ապա նորացված առաջարկը մերժեց Բաքուն: Երեւանն ու Ստեփանակերտը, կրկին խիստ վերապահումներով, «Ընդհանուր պետություն» բանաձեւը ընդունելի համարեցին որպես բանակցությունների հիմք: Այդ փաստաթղթի հենց սկզբում, ճիշտ է` ոչ այնքան հստակ, ամրագրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ըստ էության, միջազգային հանրությունը փորձ էր արել ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միմյանց հակասող սկզբունքները հաշտեցնել «ընդհանուր պետություն» ձեւակերպման մեջ:

Այսօր Կոսովոյին առաջարկվող կարգավիճակը նմանություններ ունի նաեւ այն առաջարկների հետ, որ անում են Մինսկի խմբի միջնորդները ղարաբաղյան հակամարտության կողմերին վերջին մեկ տարվա ընթացքում: Կոսովոն միանգամից չի ստանում անկախություն, բայց բոլորի համար ակնհայտ է, որ այդ երկրամասը այլեւս չի լինի Սերբիայի կազմում: Նույնն է նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում. միջնորդներն առաջարկում են հայկական երկրամասը ժամանակավորապես դնել միջազգային կազմակերպությունների վերահսկողության տակ եւ կարգավիճակի հարցը որոշել ապագայում` համաժողովրդական հանրաքվեով:

Վերադառնալով կոսովյան բանակցային գործընթացին` նշենք, որ Արեւմուտքը` Միացյալ Նահանգները, Եվրամիության «ծանրքաշային» երկրները, ըստ էության, կողմնակից են Կոսովոյի անկախությանը: Իսկ ահա Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի համաձայնվի Կոսովոյի կարգավիճակի հետ, եթե դրան դեմ լինի Սերբիան: Այսինքն` Մոսկվան ասում է, որ դեմ է Կոսովոյի անկախությանը:

Նկատենք, որ Ահտիսաարիի ծրագրով Կոսովոյի հյուսիսում հավաք կերպով բնակվող մոտ 100 հազար սերբերի համար առաջարկվում է լայն ինքնավարություն: Կոսովոյի կարգավիճակի հարցը վերջնական պետք է որոշի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի հինգ մշտական անդամներից է Ռուսաստանը: Այսինքն` Ահտիսաարիի ծրագիրը կյանքի չի կոչվի, եթե դրան դեմ լինի Ռուսաստանը: Մյուս կողմից, բոլորի համար էլ ակնհայտ է, որ մեծ տերությունները միմյանց միջեւ խոշոր հարցեր լուծելու ընթացքում զոհաբերություններ են կատարում հիմնականում փոքր ժողովուրդների հաշվին: Եթե այսօր Ռուսաստանը պաշտպանում է Սերբիային, ապա դա չի նշանակում, որ վաղն էլ է պաշտպանելու: Հնարավոր չէ՞ Մոսկվա-Վաշինգտոն պայմանավորվածության արդյունքում Ռուսաստանը ընդունելի համարի կոսովյան կարգավորման Ահտիսաարիի ծրագիրը: Անշուշտ, հնարավոր է: Շատ բան կախված է բանակցություններից եւ սակարկությունների գնից:

Համենայն դեպս, ռուսներն առայժմ դեմ են Ահտիսաարիի ծրագրին: Օրերս Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի հավանական իրավահաջորդը, հայտարարեց, որ Ահտիսաարիի առաջարկները լավագույնը չեն: Բացի այդ, Մեդվեդեւը կրկնեց Պուտինի խոսքերն այն մասին, որ Կոսովոյի օրինակը կարող է կիրառվել նաեւ աշխարհի այլ հակամարտությունների կարգավորման դեպքում` ակնհայտորեն նկատի առնելով Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը, որոնց անկախությանը նույնքան ակնհայտորեն դեմ են եւ՛ Միացյալ նահանգները, եւ՛ եվրոպացիները:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նկատում է, որ գնալով Լեռնային Ղարաբաղը դառնում է մանրադրամ տարբեր տերությունների փոխհարաբերություններում: «Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից եւ չի էլ կարողանում մասնակցություն բերել կարգավորման բանակցություններում, եւ նման իրավիճակում, երբ Ղարաբաղն ընդամենը ընկալվում է որպես մի տարածք, որը գրավված է Հայաստանի կողմից, վտանգ կա, որ այս կամ այն աշխարհաքաղաքական զարգացման պարագայում Ղարաբաղի հարցը, ժողովրդական լեզվով ասած, ձեռքի հետ լուծվի (ավելի խոշոր) հարցերի կարգավորման համատեքստում: Դա ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ, որովհետեւ ձեռքի հետ ստացված լուծումները երբեւէ չեն կարող նպաստավոր լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի համար»,- ասաց Արզումանյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արման Մելիքյանը այդ հանդիպման ժամանակ նկատեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա: «Հարավային Կովկասը, որտեղ ծավալվել է հակամարտությունը, այսօր գտնվում է խոշոր պետությունների շահերի խաչմերուկում: Դրանով են պայմանավորված ղարաբաղյան հակամարտության հետ կապված բազմաթիվ բարդությունները»,- ասաց Մելիքյանը:

Արզումանյանը եւս ընդգծում է, որ հարավկովկասյան տարածաշրջանը գտնվում է խոշոր տերությունների շահերի խաչմերուկում, որով եւ պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարդությունը: Մյուս կողմից, նա անընդունելի է համարում այսօր ստեղծված վիճակը, երբ ղարաբաղյան կողմը մեկուսացված է իր իսկ ճակատագրի շուրջ ընթացող բանակցություններից: Այս հարցում նա առաջին հերթին մեղադրեց պաշտոնական Երեւանի քաղաքականությունը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարծում է, որ բանակցություններում առաջընթացի հասնելու համար նախ եւ առաջ պետք է ուղղակի բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ, որոշ ժամանակով, մինչեւ Լեռնային Ղարաբաղում կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը, Լեռնային Ղարաբաղը դնել միջազգային միջնորդների վերահսկողության տակ: Տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու համար, ըստ Բաբայանի, պետք է տարածաշրջանը ապառազմականացնել եւ հնարավորություն ստեղծել, որ բոլոր աշխարհաքաղաքական ուժերը այստեղ կարողանան տնտեսական դաշտում մրցակցել։

«Միացյալ նահանգները, Ռուսաստանը, Եվրոպան, հարեւան մյուս պետությունները մեր տարածքում պետք է տնտեսական ծրագրեր իրագործեն։ Բայց մենք չպետք է լինենք որեւէ կողմի, որեւէ տերության սպասարկողը եւ հակադրվենք մյուսին։ Նաեւ` գերտերությունների հակասություններից չպետք է փորձենք դիվիդենտներ շահել։ Համոզված եմ, որ մեր ազգային շահը դա է պահանջում»,- ասաց Բաբայանը:

Ի դեպ, Մինսկի խմբի միջնորդները տարածաշրջան հերթական այցի ընթացքում (հունվարի 24-26) զուգահեռներ անցկացրին Կոսովոյի եւ Ղարաբաղի հարցերում: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում, պատասխանելով Կոսովոյի խնդրի կարգավորման մասին հարցին, նշել է, որ լիովին համաձայն է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության հետ, թե Կոսովոյի մոդելը կարող է նախադեպ հանդիսանալ ԱՊՀ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման գործում:

Ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Բեռնար Ֆասիեն ու Մեթյու Բրայզան ասել են, որ դեմ են կոսովյան կարգավորման մոդելը օգտագործել որպես համընդհանուր: «Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկություններն ու դժվարությունները, եւ յուրաքանչյուրի համար պետք է գտնել առանձին լուծում»,- հայտարարել է Բրայզան:

Ֆրանսիացի համանախագահը նշել է, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր բարդությունը, եւ հակամարտությունների կարգավորումն անհրաժեշտ է գտնել դրանցից յուրաքանչյուրի հատուկ ասպեկտների հիման վրա: «Ներկայումս մենք փորձում ենք աստիճանաբար ստեղծել խաղաղության պայմաններ եւ մինչ օրս էլ այն կարծիքին ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, իսկ դրա համար մենք պետք է անընդհատ խոսենք խաղաղության մասին»,- ասել է նա:

«Մեր գործը խաղաղության պատի կառուցումն է, ինչը շատ երկար գործընթաց է: Եվ յուրաքանչյուր աղյուսով մենք ամրապնդում ենք առաջխաղացումները: Մենք շարունակում ենք խաղաղության պատի կառուցումը»,- նշել է Ֆասիեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter