HY RU EN

Սառա Պետրոսյան

Գառնեցիները երրորդ անգամ մերժեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը

Փետրվարի 18-ին Գառնիի բնակչության եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ու «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչների երրորդ հանդիպումը՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» ծրագիրը քննարկելու նպատակով, անպտուղ ավարտվեց: Ծրագրի հանրային քննարկմանը, որը տեղի ունեցավ Գառնիի համայնքապետի աշխատասենյակում, հիմնականում քննարկվում էր մեկ հարց՝ Ազատ գետում առկա ջրի քանակությունը հնարավորություն տալի՞ս է խողովակաշարով մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր վերցնել ինքնահոս եղանակով Արարատի մարզի գյուղերին մատակարարելու համար:

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին ներկայացրին ջրի միջինացված թվերի աղյուսակ, ըստ որի՝ գետում բավարար քանակի ջուր կա ծրագիրն իրականացնելու համար: Նրանց ասելով՝ նախագծում ջրատնտեսական հաշվարկները կատարված են Ազատ գետի հիդրոլոգիական դիտակետի տվյալների հիման վրա եւ պնդեցին, որ Ազատ գետից խողովակաշարով մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր վերցնելուց հետո գետում կպահպանվի օրենքով նախատեսված 850լ/վրկ քանակությամբ ջուր: Այսինքն՝ գետին ցամաքելու վտանգ չի սպառնում:

Քննարկման մասնակիցները չցանկացան անգամ վիճարկել աղյուսակի թվերը, նրանք գետում առկա ջրի քանակությունը հաշվարկում են իրենց չափանիշով· ֆիզիկայի ուսուցիչ Լեւոն Մանուկյանը ներկայացրեց իր հաշվարկը՝ տարիներ առաջ Ազատ գետի ջուրը գոտկատեղին էր հասնում, հետո հասավ ծնկներին, իսկ հիմա սրունքից մի քիչ է բարձր: Մեկ այլ չափանիշով՝ նախկինում գետն այնքան վարարած էր գարնանը, երբեմն նաեւ ամռանը, որ ջրահեղձման դեպքերն անխուսափելի էին դառնում կամ՝ ափին կանգնած կարելի էր ձեռքով ձուկ բռնել գետից: Շատ վաղուց գետը ոչ միայն չի վարարել տարվա եւ ոչ մի ամսին, այլեւ ջուրն այնքան է քչացել, որ այլեւս ձուկ չկա ջրում: Հետեւաբար, տեղացիներին ջրի իրական քանակությունը որոշելու հարցում չափիչ սարքերը չեն կողնորոշելու:

Ծրագրի նախագիծը հիմնավորելու պատասխանատվությունն ստանձնած «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ ջրի քանակությունն ավելացնելու հնարավորություններ կան: Սակայն գառնեցիները հակադրվում էին՝ ասելով, որ նրանց մատնանաշած վտակները վաղուց ցամաքել են, այդ առումով նույնպես սպասելիքներ չկան:

Գառնեցիները շեշտում էին, որ իրենց հողատարածքները չեն կարողանում մշակել միայն այն պատճառով, որ գետում բավարար քանկի ջուր չկա, եթե ավելին լիներ՝ ավելի շատ ջուր կվերցնեին Գառնիի ջրանցքով իրենց հողատարածքները ոռոգելու համար: Նշեցին, որ սեզոնին 2-3 անգամ հազիվ են կարողանում ոռոգել, իսկ առանձին հողակտորներ անմշակ են մնացել ջուր չլինելու պատճառով:  Սահմանվածից ավել ջուր վերցնելու դեպքում գետում ջրի քանակությունն է նվազելու, իրենք հրաժարվում են հողատարածքները ոռոգելուց, որպեսզի գետը չմաքեցնեն: Գառնեցիներին վրդովվեցնում էր այն փաստը, որ Գառնիի ունեցած ջրային պաշարներից օգտվում են Երեւանի եւ Արարատի մարզի բնակիչները, մինչդեռ գառնեցիներն օրական մի քանի ժամ են խմելաջուր ունենում լավագույն դեպքում, իսկ հարյուրավոր հեկտար հողատարածքներ չեն մշակվում ոռոգման ջուր չունենալու պատճառով:

Քննարկման նախաձեռնողների մյուս տեսակետը, որ նախագծային տվյալներով ջրառը նախատեսվում է իրականացնել ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսներ, սակայն ծրագրում նշված 900լ/վ պահանջվող ջրաքանակը ոչ թե ոռոգման ողջ շրջանում, այլ միայն 1-2 ամիսներին է վերաբերում, դարձյալ հավատ չներշնչեց, քանի որ Արարատի մարզում ոռոգման պիկ սեզոնն ավելի երկար է տեւում: Ինչ վերաբերում է Ազատ գետում բնապահպանական թողքի հսկման մեխանիզմներին եւ դրանց կիրառմանը, ապա բոլորին ակնհայտ էր, որ բնապահպանական պետական տեսչությունը ոչ թե գետում անհրաժեշտ ջրի քանակությունը պահպանելուն է հետեւելու, այլ այն ցուցումներին, որը կտրվի նրանց:


Օրակարգային երկրորդ հարցը՝ վերցվող ջրի դիմաց Գառնի գյուղին կփոխհատուցեն ընդգրկելով ոռոգման համակարգի արդիականացման ծրագրում, կվերանորոգեն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցը եւ Գառնիի ջրանցքը, չքննարկվեց: Գյուղացիները նշեցին, որ իրենց համար սկզբունքային հարցը եղել եւ մնում է Ազատ գետի բնապահպանական խնդիրը, ինչպես նաեւ գյուղի հողատարածքները ոռոգման ջրով ապահովելը: Գառնեցիներն այսօր երրորդ անգամ մերժեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը:

Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ նախագծի հեղինակները մեծ սպասելիքներով էին ներկայացել հանրային քննարկմանը՝ հույս ունենալով, որ այս անգամ կստանան համաձայնությունը: Բնակչությունն իրազեկված չէր քննարկման մասին, 7500 բնակիչ ունեցող Գառնիից քննարկմանը մասնակցում էր մոտ 20 հոգի: Նրանցից շատերը պատահական դարձան հանրային քննարկման մասնակիցը՝ այլ հարցով համայնքապետարան այցելելով կամ փողոցով անցնելիս արդեն թեժացած վեճի ձայները լսելով: Շատերն էլ դրսում էին սպասում, քանի որ ներսում տեղ չկար: Նրանց համար անակնկալ, բավականին ուշացումով քննարկմանը միացան նաեւ «Ար» եւ «Կենտրոն» հեռուսատեսությունները, որոնց ներս մտնելուն պես «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դիմելով համայնքի ղեկավարին ասաց· «Բայց մենք էդպես չէինք պայմանավորվել»: Հատեւաբար, ճիշտ էին մեզ հասած տեղեկությունները, որ հանրային քննարկում նախաձեռնելուց առաջ համայնքի ղեկավարին որոշակի ցուցումներ էին տրվել եւ նման դիմադրությունն անակնկալ էր անգամ համայնքի ղեկավարի համար: