Ադրբեջանցի դիվերսանտների հարցը` Վիկտորիա Նուլանդի երեւանյան հանդիպումների օրակարգում
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Երևանում կրկնեց Բաքվում նախօրեին արած իր այն պնդումը, թե Հայաստանը պետք է որպես մարդասիրական ժեստ Բաքվին վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներին:
Բայց, ի տարբերություն Բաքվում արած հայտարարության, Երևանում նա ստիպված եղավ հաստատելու, որ ադրբեջանցի երկու դիվերսանտները, ովքեր ԼՂՀ-ում ենթարկվել են երկարաժամկետ ազատազրկման, հանցագործներ են: Սա կարևոր ճշգրտում է, որով ուղղակի ջախջախվում են այդ հանցագործներին որպես ռազմագերի, պատանդ ներկայացնելու` Բաքվի ձգտումների հիմքերը: Բայց ինքնին դիվերսանտներին հանձնելու կոչով հանդես գալը, այն էլ` մարդասիրության գործոնն օգտագործելով, որոշ հարցեր է առաջացնում, ընդ որում՝ թե' հենց հումանիզմի և թե' զուտ քաղաքական առումներով:
Առնվազն տարօրինակ է, որ Նուլանդը Հայաստանի կողմից այդ անձանց վերադարձնելու մարդասիրական կողմի վրա շեշտադրում է կատարում մի երկրի համար, որը գաղտագողի Հունգարիայից փախցնում է քնած հայ զինծառայողին կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին և, նրան ազատություն շնորհելով չբավարարվելով, նաև հերոսացնում է:
Մի երկրի, որը ութ օր շարունակ մերժում էր շփման գծի չեզոք գոտում ընկած հայկական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների դիակներին մոտենալու և այնտեղից հանելու հայկական կողմի, միջազգային հանրության համառ խնդրանքները: Մի երկրի, որտեղ հանգամանքների բերումով հայտնված Հայաստանի քաղաքացիները վերադարձվում են կիսակենդան և գրեթե բոլոր դեպքերում՝ մահվան դատապարտված: Արդյոք ԱՄՆ փոխպետքարտուղարը հարցրե՞լ է իր առջև այդ խնդիրը Բաքվում բարձրացրած ադրբեջանցիներին, թե որքանո՞վ է նրանց երկիրը վաստակել նման մարդասիրական ժեստի արժանանալու իրավունքը. Ադրեջանի ո՞ր մի մարդասիրական ժեստին ի պատասխան: Եվ ո՞րն է առհասարակ երաշխիքը, որ այդ քայլը համարվելու է հայկական կողմի դրսևորած մարդասիրության արդյունքը, այլ ոչ թե մատուցվելու է որպես թշնամու նկատմամբ ալիևյան վարչակարգի տարած հերթական փայլուն հաղթանակ՝ ծառայեցնելով հայատյացության պետական քարոզչությանը:
Մյուս կողմից` այդ անձինք ոչ միայն ԼՂՀ-ի սահմանն անօրինական հատած եւ հայկական կողմում հայտնված մոլորյալ քաղաքացիներ են, այլ ռազմական գործողություն կատարելու համար սահմանը խախտած և դաժանաբար երկու մարդու կյանք խլած քրեական հանցագործներ: Հանուն ինչի՞ պետք է այդ հանցագործներին ԼՂՀ-ն հանձնի Ադրբեջանին, եթե բոլորը, այդ թվում նաև ԱՄՆ փոխպետքարտուղարը գիտեն, որ դեռ սահմանը չհատած` նրանց նստեցնելու են ուսերին և հերոսի կոչում են շնորհելու՝ միայն էթնիկ հայեր սպանելու համար:
Ո'չ միջնորդ երկրները, ո'չ էլ Ադրբեջանը առ այսօր չէին խոսում այն մասին, թե որքանո՞վ էր արդար այդ մարդկանց նկատմամբ ԼՂՀ դատարանի կողմից կայացված դատավճիռը, որքանո՞վ են նախաքննությունն ու դատավարությունը վարվել օբյեկտիվ, արդար, և որքանո՞վ են այդ մարդիկ կարողացել պաշտպանել իրենց իրավունքները: Հնարավոր չէ հավատալ, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարող է իր դատարանի կողմից ծանրագույն հանցագործությունների համար մեղավոր ճանաչված անձանց հենց այնպես, հումանիզմից ելնելով, հանձնել որևէ երկրի, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ԼՂՀ-ն դա անի:
Մինչև Նուլանդի այս հայտարարությունը ադրբեջանցի դիվերսանտների՝ հանցագործ լինել-չլինելու հարցն առհասարակ որևէ մեկին չէր հետաքրքրում, թեև իրականում որևէ երկրի, որևէ միջազգային կազմակերպության արգելված չի եղել ներկայացուցիչներ ուղարկել՝ բաց դատավարության ընթացքին հետևելու և տեղում հետևություններ անելու համար: Դա չեն արել միայն այն պատճառով, որ չեն ցանկացել այդպիսով ճանաչել ԼՂՀ-ի և նրա դատական համակարգի լեգիտիմությունը: Այդ դեպքում նրան հանցագործ հանձնելու պահանջ ներկայացնելու իրավունք էլ չունեն: Նուլանդի երևանյան հայտարարության գլխավոր առանձնահատկությունը կարծես այս նրբությունը հաշվի առնելն է: Եթե ԱՄՆ փոխպետքարտուղարն ընդունում է, որ այդ մարդիկ հանցագործներ են, ուրեմն ինչ-որ չափով ճանաչում է նրանց նկատմամբ կայացված դատավճռի օրինականությունը, այդքանով՝ ԼՂՀ դատական համակարգի և առհասարակ ԼՂՀ-ի սուվերենությունը: Բայց սա արդեն զուտ քաղաքականություն է:
Իրականում տիկին Նուլանդը ադրբեջանցի դիվերսանտների հարցը բարձրացնելու համար սխալ հասցե է ընտրել: Երևանը նրանց հետ ընդհանրապես գործ չունի, քանի որ հանցագործները ձերբակալվել են ԼՂՀ ոստիկանության կողմից և ազատազրկման են դատապարտվել ԼՂՀ դատարանի կողմից: Եթե ԱՄՆ ներկայացուցիչն ինչ-որ հարցեր ունի, ապա նրան ոչ ոք չի խանգարում հումանիզմ դրսևորելու խնդրանքով ու նույնիսկ պահանջով դիմելու ԼՂՀ իշխանություններին: Վիկտորիա Նուլանդը դա չի անի՝ նախ որովհետև չի գնա արածից ավելի չափով ԼՂՀ-ի սուվերենությունը ճանաչելու քայլին, երկրորդ՝ չի փորձի դրանով բարկացնել Բաքվին, որի հետ կապված լուրջ ռազմավարական պլաններ ունի՝ Եվրոպայի էներգետիկ մատակարարը դարձնելու առումով:
Բայց անկախ դրանից՝ դիվերսանտների հարցը Ադրբեջանի և միջնորդ երկրների կողմից անընդհատ թմբկահարվելու պատճառով ակնհայտորեն քաղաքականացվում է, որից խուսափել գործնականում հնարավոր չէ: Եթե ԱՄՆ-ն այն դիտարկում է բացառապես հումանիզմի և տարածաշրջանային հարաբերական խաղաղությունը պահպանելու տեսանկյունից, ապա հայկական կողմի համար դիվերսանտների հարցը ԼՂՀ-ի կարգավիճակը ճանաչելի դարձնելու լուրջ դիվանագիտական գործիք կարող է դառնալ. ուզում եք լուծել նրանց վերադարձնելու հարցը, ուրեմն պետք է ուղիղ բանակցություններ սկսել Ստեփանակերտի հետ: Այլընտրանք չկա:
ԼՂՀ-ն անտեսելու խնդիրը, առանց չափազանցության, հայկական կողմի համար դառնում է կենաց-մահու հարց: Ընդամենը երկու օր առաջ Բաքվից Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում գործնականում հաստատում է փետրվարի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արած այն պնդումը, թե անհրաժեշտ է անցնել խաղաղության համապարփակ պայմանագրի մշակմանը: Եվ դա այն դեպքում, երբ մադրիդյան՝ ԼՂՀ-ի համար ամենասկզբունքային հարցերի՝ կարգավիճակի, անվտանգության երաշխքիների հարցում ոչ միայն համաձայնության հասնել չի հաջողվում, այլև Բաքուն գնալով կարծրացնում է դիրքորոշումը՝ այն ընդհուպ հանգեցնելով ողջ ԼՂՀ-ից հայկական զինուժը անվերապահ հանելու մաքսիմալիստական պահանջին: Մինչդեռ, ի սկզբանե թե' Հայաստանի նախագահի և թե' արտգործնախարարի մակարդակով հայտարարվել է, որ բուն խաղաղության հաստատման պայմանագրի մշակման աշխատանքները չեն կարող սկսվել առանց Արցախի ներգրավման: Եվ ակնհայտ է, որ երբ հիմա Բաքուն և համանախագահներն առաջարկում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հայկական կողմին դրդում են դեռ սկզբունքները չհամաձայնեցրած՝ անցնել պայմանագրի մշակմանը, ուղղակի թաղում են երբևէ բանակցություններում ԼՂՀ-ի ներգրավման հնարավորությունը: Բացի դրանից՝ սկզբունքների չհամաձայնեցոման պարագայում, միևնույնն է, նաև պայմանագրի մշակումն է հայտնվելու փակուղում, որովհետև ինչ-որ փուլում այդ հարցերին ստիպված են լինելու կրկին անդրադառնալ և կրկին բախվելու են ընդհանուր լեզու չգտնելու իրողությանը:
Եթե դա տեղի ունենա, ապա հարցը վերջնականապես ԼՂՀ ինքնորոշման հարթությունից տեղափոխվելու է տարածքային վեճի հարթություն, Ադրբեջանը հասնելու է նրան, որ կարգավորման հիմքում դրվեն ոչ թե հակամարտության բուն պատճառները, այլ հետևանքները, և Հայաստանն ինքնաբերաբար վերածվելու է ագրեսոր երկրի, որից ուղղակի պահանջելու են վերադարձնել այդ տարածքները:
Սա այն պահն է, երբ նույնիսկ պետք է շատ լուրջ քննարկել՝ արժե առհասարակ խոսել բանակցությունների մասին: Մյունխենի ֆորումում Ադրբեջանի նախագահը խոսում է ԼՂ հարցը բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում կարգավորելու անայլընտրանքայնության մասին, մինչդեռ համանախագահներն այդ հանդգնությունը պարզապես չեն նկատում:
Մինչդեռ երբ ընթերցում ես Նուլանդի հետ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության տեքստը, թվում է, թե նման հիմնահարց և վտանգներ առհասարակ գոյություն չունեն, կամ այնքան անկարևոր են, որ նախարարն ավելի էական է համարել զրուցակցի միջոցով ԱՄՆ պետքարտուղար Քերիին իր ջերմագույն ողջույններն ուղարկելը, գործնականում չեղած տնտեսական հարաբերությունները քննարկելը: ԼՂ հարցի մասին Երևանի կողմից ոչ մի ուղերձ, ասելիք այդ հաղորդագրությունը չէր պարունակում: Կամ ասելիք չունեն, կամ ինչ-որ բան չեն ասում: Գուցե Նալբանդյանը փոխպետքարտուղարի հետ լրջորեն քննարկել է ադրբեջանցի դիվերսանտներին հանուն անբովանդակ բանակցությունների վերսկսման վերադարձնելու հա՞րցը: Ի՞նչ իմանաս...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել