HY RU EN

Անի Հովհաննիսյան

«Մնում ա Գարեգին Երկրորդին էլ ռուսական որևէ եկեղեցում մոմավաճառի պաշտոն տան»

Այսօր ֆեյսբուքյան շրջայցը սկսենք մի լուսանկարով, որ շատ լավ նկարագրում է ներկայիս քաղաքական դաշտը: Ֆեյսբուքահայ Սերգեյ Խամանյանն է լուսանկարը հրապարակել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Հուսամ` պարզ է, թե ում ներքո է գործում եւ շնչում Պուլպուլակ Սարգսյանը»:

Իսկ ֆեյսբուքցի Տիգրան Քոչարյանը մեկնաբանել է. «Սպասում են Ծառուկյանի գրպանից փող-մող ընկնի կամ մեդալ»:

Արթուր Ղազարյանը նշում է, թե ով չգիտի`Սարգսյանի կողքինն էլ Այվազյանն է` նախկին հարկայինի պետը:

Իսկ մեկ այլ ֆեյսբուքցի` Գագիկ Ստեփանյանը, մեկնաբանում է քաղաքական գործիչների դիրքերն`ասելով. «Սա կլասիկ դիրք է. կամասուտրան էլ մյուս տարի է սկսելու»:

Բայց մինչ քաղաքական կամասուտրաներին ականատես լինելը, եկեք անցում կատարենք ֆեյսբուքյան կարեւոր մի իրադարձության:

Թռչկանի ջրվեժի պահպանության համար պայքարող ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է դրամահավաք` Թռչկանում գիշերող երիտասարդներին տաքացնելու համար: Իրադարձության տեքստում մասնավորապես ասվում է.

«Մեր ցրտադիմացկուն ընկերները հիմա Թռչկանի ջրվեժի մոտ են ու հսկում են տարածքը: Շինարարները երբեմն հայտնվում են այն հույսով, որ պայքարողները կլքեն դիրքերը և իրենք կշարունակեն իրենց գործը, բայց իզուր. մերոնք շարունակում են հսկել:

 

Սակայն հատկապես գիշերները շատ ցուրտ է լինում, և այնտեղ մետաղյա կրպակում գիշերող ակտիվիստների համար շատ անհրաժեշտ է սնունդ, վառելիք, մոմեր, մարտկոցներ ֆոտո և վիդեոխցիկների համար: Մենք այնքան շատ ենք, որ անհրաժեշտ գումարը կարող ենք հավաքել անգամ 100, 500 կամ 1000 դրամ ներդնելու դեպքում:

Մենք հավատում ենք, որ Թռչկանը փրկվելու է: Մեզ հետ կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարներով՝ Վահե 093-691-491, Լենա 091-70-79-85: Կիրակի օրը երեկոյան 16:00-ից 18:00 մենք լինելու ենք Թամանյանի արձանի մոտ: Գումար կարող եք փոխանցել նաև հետևյալ համարով քարտին՝ 9051240201140044»:

Օրվա ամենաթեժ ֆեյսբուքյան տարածքը նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջն էր: Իր պաշտոնական հրաժարականի մասին նա առաջինը հայտարարեց ֆեյսբուքում, որից հետո բազմաթիվ գրառումներ հայտնվեցին նրա պատին:

Պարզվում է` մեր համաքաղաքացիները սիրում, ավելին` պաշտում էին Կարեն Կարապետյանին, բայց այդ մասին հասկացան նրա հրաժարականից հետո: Ներկայացնենք մի քանի սրտառուչ գրառումներ` ուղղված նախկին քաղաքապետին.

Կուշո Կուշանե. «Խնդրում ենք, պարո′ն քաղաքապետ, ետ եկեք»:

Շողեր Գասպարյան. «Ափսոս, շատ ափսոս: Շնորհակալություն անցած 10 ամիսների համար»:

Վահագ Ռուշ. «Ափսոսալ պետք չէ, չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի պես անձնավորությունը չգիտի` ինչ է անում: Ես դեռ համոզված եմ, որ նա շատ բան կանի թե հանրապետության, թե քաղաքի, թե իր ազգի համար»:

Սարգիս Միքայելյան. «Հարգելի քաղաքապետ, կներեք, բայց մի քիչ դժվար է հավատալ, որ Ձեզ հրաժարականի դրդող գործոնների շարքում քաղաքական գործոններ չկային... Ինչևէ, գուցե դա այդքան էլ էական չէ... Իսկ ահա այն, որ մեր երկրում կիրթ, բարեկիրթ և խելացի մարդը չի կարողանում երկար աշխատել պետական կառավարման /կամ տեղական ինքնակառավարման/ մարմինների բարձր պաշտոններում, արդեն վաղուց ապացուցված էր, և հենց դա է էականը: Ափսոսում եմ Ձեր հեռանալու համար: Ողջ լերուք, և ԱՆԿԱՇԿԱՆԴ ուղի Ձեզ` հետագա գործունեությունում»:

Ֆեյսբուքահայ Արգիշտի Կիվիրյանն էր հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց քաղաքապետի հեռանալուն. « Հերիք չի Հայաստանի շարքային քաղաքացիներն են չվում Ալթայ, դեռ երկրի բարձրագույն պաշտոնյաներն էլ փորձում են մի ծակ գտնել` Կրեմլի պատերի տակ։ ԱԱԾ-ի նախկին պետը ինչ-որ շարժում ա Մոսկվայում խաղացնում, Հայաստանի երկրորդ նախագահը Մոսկվայի ինչ-որ ֆիրմայում խորհրդի նախագահ ա աշխատում, հիմա էլ Երևանի քաղաքապետն ա փորձում իր երջանկությունը գտնել Գազպրոմում։ Ու դրանից հետո հայերը ուզում են որ ռուսները կամ որևէ այլ ազգ մեզ հարգի, այն պարագայում, երբ մենք ինքներս մեզ չենք հարգում...»:

Այնուհետեւ, մեկնաբանելով իր իսկ գրածը, Արգիշտի Կիվիրյանը շարունակեց. «Մնում ա Գարեգին Երկրորդին էլ ռուսական որևէ եկեղեցում մոմավաճառի պաշտոն տան...»: