HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Պասկեւիչյան. ԻՆՔՆԱՆԿԱՐ

ՀԱՄԱՐՅԱ ՎԵՊ

Բոլոր գործերս կանեի նորից-

լավ կամ վատ- կարեւոր չէ։

Կարեւորը կրկնելու շանսն է,

որ չի տրվում երբեք։

 

Բոլոր գրքերը կկարդայի նորից-

նոր, բոլորովին նոր գրքերի պես-

վայելելով ուրիշի հետ պատահածի

անհնարինությունը։

 

Կանանց, ում չեմ հասցրել սեր խոստովանել,

կխոստովանեի վրիպումս,

իսկ սեր այդպես էլ չէի խոստովանի։

 

Պատերազմ չէի գնա, ինչպես նախկինում

ու չէի զոհվի-առաջվա պես։

 

Սովորության համաձայն-

չէի ավարտի  համալսարանը։

Հորս եւ հատկապես՝ պապիս

խրատներն ու խորհուրդները,

հնօրյա ուսուցողական պատմությունները,

կյանքի փորձով համեմված ակնարկները

չէի լսի երբեք։

 

Նրանց խոսքը կպահեի ջրհորդանի մեջ,

ինչպես ժամանակին հենց իրենցից

ծխախոտն ու լուցկին էի թաքցնում։

 

Մորս ձայնը կսղագրեի,

որ բառերը դառնային մանրաձավար,

իսկ մաքուր, անարատ խոհերը

կթաքցնեի խխունջի խեցու մեջ։

 

(Մարդ պետք է մորից գոնե մի փոքրիկ հիշատակ ունենա։)

 

Եթե ինձ հաշիշ առաջարկեին, կհրաժարվեի,

բայց սանդուղքներով դեպ վեր

կվազեի արագ, շատ արագ-

անզեն աչքի համար գրեթե աննկատ։

 

Առաջվա նման, առաջվանից էլ վատ

կվարվեի կենդանիների հետ-

ներս չթողնելով նրանց

ու չնվիրելով կարեկցանքի ավելցուկը,

եթե առհասարակ կարեկցանք կա

եւ եթե կարեկցանքն ավելցուկ ունենում է։

 

Չէի հրաժարվի թափառաշրջիկի հետ

նույն բաժակից օղի խմելուց

եւ աղբանոցից հանված հացը կիսելուց,

թեեւ նման առաջարկ դեռ չի եղել։

 

Կիրակի օրերին պատարագի կգնայի,

եթե, իհարկե, վստահ լինեի, որ չեմ նկատվի։

 

Ուրիշ ծնողներ,

ուրիշ ծննդավայր,

ուրիշ հայրենիք,

ուրիշ մանկություն,

ուրիշ կրոն ու դավանանք,

ուրիշ ձանձրույթ

կհորինեի։

 

Բայց դա արդեն վեպ է։

 

ԻՆՔՆԱՆԿԱՐ 

Ես սենց եմ։ Հենց ըսենց։

Չեմ խաղում իմ դերը,

Ոչ էլ ուրիշի։

 

Ինձ համար լինելը

գերխնդիր չէր։ Հերս

չէր նվաճել տեղն այս

արեւի տակ, լուսնի։

 

Ինձ համար լինելը խաղ էր,

զվարթ ոչնչից ցատկ

դեպի անուն,

որ թեեւ ենթատեքստ ունի-

հում,

որ թեեւ պարտադրանք է,

 

բայց ո՞ւմ բացատրեմ, ո՞ւմ,

որ ես անդունդ չեմ,

այլ՝ ազատ անկում։

 

ՄԱՐԴՈՒՑ ՀԵՏՈ

լռության մասին

երգ գրել

գուցե

հավաքել ճամփի

քարերը բոլոր

զսպել ավազը

ջրերից զատել

լուսինը վերջին

 

սրբել արցունքը սրբի երեսից

մաքրել հետքերը քայլերից մարդու

խոսքը ժողովել ու դնել քարին

քարը գլորել անկմամբ ահարկու

 

ու ներկել երկըրի

սահքը կորագիծ

ու սթափվել ինչպես

ցողունը քամուց

քամին ամայքից

ամայքը շնչից

շունչը սահմանից

սահմանը մարդուց

 

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter