HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Զորավար Անդրանիկի մկրատը

Աննա Բաբաջանյան 

Պատմության ուղիները  տարիներ հետո հատվելու սովորություն ունեն, որպեսզի բացահայտեն անցյալի անհայտ էջերը, կապեն ներկան ու ապագան: Դրանք հաճախ հանդիպում են այնպիսի կետերում և այնպիսի պահերի, երբ մենք ամենաքիչն ենք  սպասում: Եվ դժվար է միանշանակ ասել՝  պատահականությունն է գործողը, թե՞ նախախնամությունը, որ անխուսափելի է դարձնում այդ հատումը:  Այդպիսի ճակատագիր էր վիճակված նաև Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ»  թանգարանի մի ցուցանմուշի՝ սովորական մի մկրատի, որը պետք է դառնար սերունդների երխկոսության վկան, մեծ Զորավարի պատգամը փոխանցողը:  

Երբ 2011-ի հոկտեմբերին զորավարի զինակից ընկերոջ՝ Սասնո Տալվորիկի իշխան Համզեի ծոռ Հայկը Անդրանիկ Օզանյանի անձնական մկրատը նվիրաբերում էր թանգարանին, միայն գիտեր, որ դա  իրեն հասել է նախատատից՝ որպես  հիշատակ մեծ Զորավարից. թերևս այսքանը: Եվ ոչ  ծոռը, ոչ էլ  թանգարանի աշխատակիցները չէին կարող պատկերացնել, թե որոշ ժամանակ անց ինչ  անսպասելի պայմաններում պետք է բացահայտվեր մկրատի պատմությունը, և թե ինչ կարևոր  խորհուրդ էր այն իր մեջ պարունակում:  

Մկրատը թանգարանին հանձնելուց մի քանի տարի անց՝ 2014-ին, թանգարանը հայտարարում է շարադրությունների մրցույթ՝ «Ես Անդրանիկի հետնորդն եմ» խորագրով, որի շրջանակում հաղթող է ճանաչվում թիվ 156 դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտ Ռոբերտ Հարությունյանը: Եվ ուշագրավն այն է, որ նա  գրի էր առել հենց սերնդեսերունդ փոխանցված և իրեն  նախատատից հասած  մկրատի պատմությունը՝ տալով  բոլոր անհայտ մնացած հարցերի պատասխանները: Այդ պատմությունը նրան պատմել էր տատը, տատին էլ՝ իր Մարիամ տատը:

Վերջինս ծնվել  և մեծացել է Սասնա լեռնաշխարհում, բազմանդամ ընտանիքում, հարս է գնացել ոչ պակաս մեծ ընտանիք: Ամուսնու հետ երազել է շատ զավակներ ունենալ: Սակայն առաջնեկը դեռ մեկ տարեկան էր, երբ հայ ժողովրդի  ճանապարհը կտրում է արհավիրքը, վրա է հասնում կոտորածը, ավերը…Հրաշքով ողջ մնացած Մարիամը, որդուն կրծքին սեղմած, բռնում է գաղթականի  ուղին:  Հանկարծ գաղթականների խումբը հեռվից նկատում է իրենց մոտեցող ձիավորների, նրանց շարքում՝ սպիտակ ձիավորին՝ Անդրանիկ Փաշային: Գաղթականները սկսում են ճչալ, փրկություն աղերսել:  Զորավարը մոտենում է նրանց, զրուցում հետները, հուսադրում: Հանկարծ նա նկատում է Մարիամին՝ մանկան հետ: Մոտենում է, գրկում երեխային, դնում ձիու գավակի վրա ու  բոլորին հրամայում է հետևել իրեն: Երբ Անդրանիկ Փաշան  գաղթականներին տեղ է հասցնում, երեխային հանձնում է մորը, ապա խուրջինից հանում է մի մկրատ, տալիս է նրան ու պատվիրում, որ այն դնի երեխայի բարձի տակ:

Համզեի ծոռ Հայկն էլ իր հերթին պատմել է, որ  երբ  Անդրանիկը մոտենում  է գաղթականներին,  Մարիամը դանակով կտրելիս է  լինում որդու վարսերը: Զորավարը հարցնում է, թե ինչու  է նա երեխայի մազերը  կտրում դանակով, իսկ մայրն էլ պատասխանում է, որ իր ձեռքի տակ մկրատ չկա:  Դրանից հետո Անդրանիկ Փաշան պատվիրում է  համհարզին իր խուրջինից մկրատ բերել, և դրանով կտրել մանկան մազերը:

Երբ այդ հանդիպումից հետո գաղթականները  անվնաս տեղ են հասնում եւ հանգրվանում Թալինի լեռնային մի գյուղում, Մարիամը, հետևելով Զորավարի պատգամին, մկրատը մշտապես պահում է որդու  բարձի տակ: Հետագայում այս տղան պետք է մեծանար եւ յոթ արու զավակի հայր դառնար: Իսկ Մարիամ տատը մկրատը հերթով պետք է դներ թոռների բարձի տակ՝ վստահ լինելով, որ Անդրանիկի պատգամը մեծ խորհուրդ է պարունակում:

Երբ թոռները մեծանում են, տատը փաթաթում է մկրատը սրբիչով եւ պահում այն մի սնդուկում: Ապա, ամեն անգամ բացելով այն, ինչպես սրբություն, շոյում է մկրատը և կամաց շշնջում. «Մըռնիմ քըզի, սպիտակ ձիավոր: Դու արևի նման արդար ես,  Զորավար…»:

Փաստական տեղեկությունները՝ Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ»  թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանի

Մեկնաբանություններ (1)

Գալուստ Ենոքյան
Շնորհակալ եմ Աննա Բաբաջանյանին, բոլոր հետաքրքիր պատմությունների համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter