Նախկին թմրամոլի ինքնախոստովանությունը
Գայանե Սարգսյան
34-ամյա Արմենը (անունը փոխված է) Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում կիրառվող մեթադոնային փոխարինող բուժման ծրագրից օգտվողներից է:
«Երբ հասկանում ես, որ փոսն ես ընկել, արդեն ուշ ա լինում»
«5 տարեկան էի, գնացել էի Ուկրաինա՝ քեռիներիս մոտ: Մինչև Վանաձոր վերադառնալս գնացինք Մոսկվա՝ մյուս բարեկամներիս մոտ: Մոսկվայում ընկա հերոինի խելքին ու մնացի: Ես պլանի փող տվեցի, գնացին, հերոին բերեցին, ասեցին՝ էս ա, ուզում ես, սա էլ փորձի: Փորձեցի: Շատ ուժեղ էր, թեթևություն զգացի, հզոր լինելու հնարավորություն, ամեն ինչ կյանքում մի քանի անգամ հեշտացավ…
Մայրս ու քույրս երկար ժամանակ չեն իմացել թմրանյութ օգտագործելուս մասին: Սուտ ա, որ ասում են, եթե տանը խիստ էղնեն, կարող ա նման բան չանեն: Թմրանյութ օգտագործելու ժամանակ ո՛չ տունն ա դեր խաղում, ո՛չ ծնողը: Պա ստատիստիկե ավելի շատ խիստ ծնողների կամ ֆինանսապես ապահովված ծնողների երեխեքն են ընկնում էդ փոսը: Արգելված պտուղը քաղցր ա լինում:
Առաջին անգամ օգտագործելս պատահական էղավ: Առաջին անգամից հետո էլ դու ես պատահականություն ման գալիս, որ ասես երկրորդ անգամն էլ պատահական եղավ: Բայց դա էլ ա սուտ:
1997թ.-ի ամառն ավարտվեց, Մոսկվայից եկա Հայաստան, բայց շատ քիչ մնացի էստեղ: 8-րդ դասարանում ուսումս կիսատ թողեցի, գնացի Ռուսաստան՝ բարեկամներիս մոտ: 1996-ից հետո ստաբիլ օգտագործել եմ հերոին: Հայաստան չկա, եթե կա էլ, դա նախարարների, դեպուտատների հագով ա: Շատ դժվար ա ճարվում ու շատ թանկ ա: Դրսում շատ հեշտ ա ճարելը ու շատ էժան ա: 50 դոլար ա գրամը: Գրամը՝ 10 դոզա: 10 հոգով վրա ընկանք, 50 դոլարն ինչ ա:
Ամեն ինչ էդպես ա սկսվում: Հետո, երբ աստիճանաբար դոզան ավելանում ա ու մի օր էլ զգում ես, որ քեզ 500 դոլար ա պետք, որ դու մի սուտկա գոյատևես, հասկանում ես, որ փոսն ես ընկել, բայց արդեն ուշ ա էղնում:
Չորս տարի Մոսկվայում ապրեցի: 2000թ.-ին նոր տարուց հետո ուշքս գնացել էր, ինձ անգիտակից վիճակով տեղափոխել էին հիվանդանոց: Լյարդս 12 մատ մեծացել էր: Բժշկուհին մորս ասել էր, որ հերոինի օգտագործման հետևանքով ա: Էդպես տնեցիք էլ իմացան: Շատ վատ ընդունեցին…
2001թ.-ին հետ եկա Հայաստան, գնացի բանակ: Բանակում մի քիչ դժվար էր, բայց էլի օգտագործում էի: Ընկերուհի ունեի: Սկզբում չգիտեր: Երբ իմացավ, դեմից լավ ընդունեց: Հետո ընթացքում հասկացավ, որ ոչ թե կողմ ա պետք լինել, այլ դեմ: Բայց իրա դեմ կամ կողմ էղնելն արդեն եղանակ չէր փոխում…
2004թ-ին զորացրվելուց հետո նորից գնացի Մոսկվա: 2006-ին բռնեցին որպես թմրանյութ պատրաստող:
Ընկերուհուս պետք ա փակեին, իրա գործը վերցրի իմ վրա, որովհետեւ իրեն էլ ես էի ներքաշել դրա մեջ: Իմ խաթեր էր եկել, որ դեղը բացի, սրսկվենք, ես էլ պատասխանատվությունն իմ վրա վերցրի...
Բերդում էլ էինք օգտագործում: Օգտագործում էինք ավելի շատ, ավելի հաճախ, ավելի հեշտ:
2011-ին ազատվեցի, եկա Հայաստան: Առաջին դասարանից սիրած աղջիկ ունեի: Ինքն էլ էր սիրում: Էդքան տարի սպասել էր ինձ: Գիտեր, որ Ռուսաստան նստել եմ, բայց ասեցի, որ թարգել եմ: Հավատաց: Մտածում էի, որ էլ խնդիր չունեմ, ինքս ինձ համոզում էի: Մտածում էի, որ ամուսնանալուց հետո կարամ կանգ առնեմ:
Նշանվեցինք: Երևանում էինք մնում: Տնից դուրս չէի գալիս, որ տեսնի, որ ոչ մի բան չեմ օգտագործում, բայց տնից դուրս գալ պետք չէր: Ընկերներս գալիս էին, բալկոնից տալիս, գնում: Ինքը շատ փորձեց օգնել ինձ, ամեն ինչ արեց: Բոլորն էլ հույսեր էին փայփայում, որ կթողնեմ: Ես էլ էի ուզում: Ուզել եմ, փորձել եմ, չի ստացվել…
Վեց ամիս միասին ապրեցինք, բայց չստացվեց: Ու ճիշտ որոշում կայացրեց, ասեց, որ մեր ճանապարհները իրար հետ չեն կարող գնալ: Ես կողմ էի էդ որոշմանը: Բա ի՞նչ անեի, մինչև ե՞րբ պիտի թաթս բռնած ման գար, որ ես հանկարծ չօգտագործեմ: Քանի որ Հայաստանում հերոին չկար, սկսեցի անել էն, ինչը Հայաստանում կա: Հետո հասկացա, որ դա անելով երկար չեմ ձգի: Որոշեցի դիմել բժշկի:
Էստեղ ամենատարածվածը դեզոմորֆինն ա, ժողովրդի լեզվով ասած՝ բենզինը, որ բացարձակ կապ չունի նրա հետ, ինչ անում են: Ուղղակի սարքելու ժամանակ բենզինը մի պահ պետք ա գալիս: Ցավոք սրտի, բոլորն էլ գիտեն, թե որ տաբլետկեքն են առնելու, բոլորն էլ կարում են սարքեն:
Մի բան ա լավ, որ Հայաստանում անչափահաս թմրամոլների չեմ հանդիպել: Դա երևի մենթալիտետից ա գալիս, քանի որ որս էլ նկատենք, ամեն ձևով կաշխատենք պայքարենք, որ գոնե անչափահասները չսկսեն: Բայց Ռուսաստանում անչափահասներն էլ են շատ, կանայք էլ:
Էստեղ հիմնականում օգտագործում են նրանք, ովքեր դուրսն են սկսել, ովքեր շուտվանից են սկսել: Շատ քչերն են, որ հենց Կիրովական են սկսել: Չանող մարդուն մեզ մոտ ոչ մեկ հետը չի վերցնի, ասի՝ արի գնանք անենք իրար հետ: Բոլորն էլ հասկանում են ինչ փոսն են ընկել, ոչ մեկն էլ չի ցանկանում նոր մարդու քաշի էդ փոսի մեջ:
Շատերն են խուսափում դիմել բուժման համար: Պատճառներից մեկն էլ էն ա, որ պռավի հետ կապված խնդիր կունենան: Մենք հիվանդ ենք համարվում: Եթե դու օգտագործում ես, կարաս ոչ ադեկվատ պահեր ունենաս, որի ժամանակ քեզ ռուլին նստել չի կարելի: Ես կողմ եմ դրան, դա ի օգուտ մեզ ա:
Մի քանի անգամ բուժման կուրս եմ անցել Ուկրաինայում, Մոսկվայում, Վանաձորում: Բուժումն օգուտ չի տալիս, դու պիտի ուղեղով պատրաստ էղնես: Մինչև գիտակցաբար պատրաստ չէղնես, չես կարա բուժվես:
Հենց մեթադոնի ծրագիրն սկսեց աշխատել մեզ մոտ, դիմեցի: Էդ ժամանակվանից շատ թմրամոլների հարազատների դեմքին ժպիտ եկավ:
Չորս տարի ա, ծրագրի մեջ եմ: Ծրագիրն էնքանով ա արդյունավետ, որ ես ինձ հիմա նարկոման չեմ համարում, էնքանով ա արդյունավետ, որ ես հիմա վաղուց օղորմածիկ կլինեի, բայց դեմդ նստած եմ, էնքանով ա արդյունավետ, որ մի ամսվա մեջ ոչ թե 10 հոգի մեռնում ա, այլ ապրում ա: Սա շա՜տ-շա՜տ մեծ բան էր մեր նմանների համար: Տասնյակ, հարյուրավոր մարդկանց կյանք ավելացրեց էս ծրագիրը:
Հիմա ոնց որ բոլոր նորմալ մարդիկ ուզում եմ ամուսնանալ, երեխեք ունենալ: Հիմա ընտրություն կատարելու փուլում եմ, որ երբ բուժումս վերջացնեմ, ժամանակ չկորցնեմ:
Հ.Գ. Զրույցի ավարտին հարցնում է՝ հիմա սա ի՞նչ եք անելու: Ասում եմ, որ հոդվածը տեղադրվելու է կայքում: Ասում է. «Դե եթե ջահելները կարդան, ու գոնե մի հոգի սա կարդալով որոշի թմրանյութ չօգտագործել, ուրեմն իզուր չեմ համաձայնվել հարցազրույցին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել