HY RU EN

Փոխնախարարի բավարար գնահատականը՝ իր գերատեսչության համակարգող մարմնի գործունեությանը

Կենդանիների առևտրի ոլորտումը Հայաստանը խնդիր ունի՝ կարծում է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:  Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների անօրինական առևտրի կանխարգելմանն ուղղված սեմինարին՝ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց փոխնախարարը: Հենց այդ նպատակով, ըստ նրա, 2009-ին Հայաստանը միացել է այդ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիային: Կոնվենցիան համակարգում է հենց բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս Կենսառեսուրսների կառավարման գործակալության:

Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանեց Խաչիկ Հակոբյանը:

Բնապահպանության նախարարությունը՝ որպես կոնվենցիայի համակարգող մարմին, 2009-ից մինչ օրս կենդանիների անօրինական առևտրի որևէ դեպք հայտնաբերե՞լ է:

Բնականաբար խնդիրներ շատ կան, ես հասկանում եմ՝ հարցը որտեղից է գալիս, որոնց մասին տարբեր զանգվածային լրատվամիջոցներում բարձրաձայնումներ եղել են: Սակայն մեր կողմից խնդրին մասնակից ոչ մի եզրույթ չի եղել: Մենք խնդրի մասին իմացել ենք բավականին ուշ՝ հետամուտ լինելով զանգվածային լրատվամիջոցներին, և բնականաբար, ներսում մեր հետևություններն են արվել, գործընթացներն ավելի վերահսկելի են դարձվել և բնականաբար ավելի են ուժեղացվել:

Դեպքերի հայտնաբերումից հետո նախարարությունը, որպես համակարգող մարմին, կենդանիներին ծագման երկիր արտահանձնելու գործընթացներ իրականցրե՞լ է:

Եթե չեմ սխալվում՝ տվյալ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները, և համապատասխան եզրակացությունից հետո, բնականաբար, կհետևեն համապատասխան գործողություններ, որոնց անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի մասնագիտական աջակցություն, մենք կմասնակցենք:

Այսինքն՝ կոնվենցիան համակարգող մարմինը երրորդ կո՞ղմ է դարձել, ոչինչ չի՞ նախաձեռնում խնդրի կարգավորման համար:

Երբ որ կա իրավական խնդիր, բնականաբար, դառնում ես երրորդ կողմ: Դու մասնագիտացված գործընթացի պատասխանատուն ես:

Ինչպե՞ս եք գնահատում կոնվենցիան համակարգող մարմնի գործունեությունը Հայաստանում:

Կարծում եմ՝ բավարար, և կարծում եմ, որ օր օրի պետք է ավելի կատարելագործել: Վառ օրինակը նման գործընթացի այս քառօրյա սեմինարն է: