
Ազատամարտիկները հրաժարվում են պարգևներից և դրանք հանձնում Ժիրայր Սեֆիլյանին
Նախախորհրդարանը հայտնում է, որ Արցախյան պատերազմի լեգենդ դարձած Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Պավել Մանուկյանը (Ապարանցի Պավլիկ) և Արմեն Լամբարյանը ի նշան 2015 թ. հունվարի 31-ի պետական ահաբեկչության դեմ բողոքի՝ հրաժարվում են հերոսական կռվի ու արյան գնով ձեռք բերած պետական պարգևներից և դրանք հանձնում են իրենց հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:
«Նրանք այլևս անհնար են համարում կրել այդ պարգևները, որովհետև դրանք արժեզրկվել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի, նրա մարտական ընկերների, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի անդամների և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցների, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ ոստիկանական բանդայի և քաղաքացիական հագուստով բաշիբոզուկների թուրքաբարո վայրագությունից հետո: Հայտնի ազատամարտիկները նաև վիրավորական են համարում այն հանգամանքը, որ այսօր պետական պարգևներ են կրում ինչպես հերոսները, այնպես էլ ավազակները, ինչը որակեցին որպես ազատամարտիկի արժանապատվության հետ անհամատեղելի երևույթ: Նրանք բոլոր ազնիվ ու արժանապատիվ ազատամարտիկներին կոչ արեցին հետևել իրենց օրինակին, վերադարձնել պետական պարգևները և զինվորագրվել Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած քաղաքացիական բանակին, որպեսզի միասնաբար կարողանան ստեղծել այն Հայաստանը, որի համար կռվել ու կյանք են տվել ազատամարտիկները: Քաղաքացիական բանակը ՀՀ քաղաքացիների և արտերկրաբնակ հայության ներկայացուցիչների միավորում է, որի նպատակն է բանակային կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ, բայց՝ քաղաքացիական անհնազանդության մեթոդներով 2015 թ. ապրիլի 24-ին սկսվող հրապարակային քայլերով հեռացնել հայաստանյան կառավարող ռեժիմին, գաղութատիրությունից ազատագրել մեր երկիրը, Արցախը դե յուրե միավորել ՀՀ-ին և կառուցել նոր որակի հայկական պետություն»,-հայտնում է նախախորհրդարանը՝ տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել