Երեկ Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում էր, այսօր՝ Փարիզում
Հոկտեմբերի 28-ին Բեռլինում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:
Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում հայ-գերմանական հարաբերությունները լավ զարգացում են ապրել:
Նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության առավել խորացումն ու ամրապնդումը: Դրա վկայությունն են համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերը, երկկողմ փոխգործակցությունը ամենատարբեր ոլորտներում»:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելլեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպում, տնտեսական համագործակցության խթանման նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, Հայաստան-Եվրամիություն համագործակցություն, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններ, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացում, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծում:
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձան ֆինանսական ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ Եվրամիության ջանքերին, Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:
Խոսելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին` Գերմանիայի ԱԳ նախարարը նշեց, որ այդ ոլորտում առաջընթացը տեսանելի է:
Առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումների համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում գործում է գերմանական կապիտալով շուրջ 80 ընկերություն, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանց թիվը առաջիկա տարիներին կարող է կրկնապատկվել:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումների մասին: Այս առումով նախարար Վեստերվելլեն Գերմանիայի աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:
Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ և համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով:
Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ քննարկման ժամանակ նախարար Վեստերվելլեն նշեց, որ Գերմանիան աջակից է Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման ջանքերին:
Գիդո Վեստերվելլեն ընդունեց Երևան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ այցը կլինի հաջորդ տարվա առաջին կեսին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Փարիզ, որտեղ հոկտեմբերի 29-ին նախատեսված է նրա ելույթը ՅՈւՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր համաժողովում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել