Եղեգնաձորում մեկնարկում է Հայաստանի երրորդ պարային օլիմպիադան
Հոկտեմբերի 29-ին և 30-ին Եղեգնաձորի մշակույթի տանը կանցկացվի Հայաստանի երրորդ պարային օլիմպիադան: Հոկտեմբերի 29-ին կներկայացվեն ժողովրդական, իսկ 30-ին` ժամանակակից պարային ուղղություններ:
Օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության մարզերի, այդ թվում նաև Արցախի պարային կոլեկտիվներ և անհատ կատարողներ, ինչպես նաև մասնակիցներ Վրաստանից ու Ռուսաստանից:
Առաջնության գլխավոր մրցավարն է Համառուսաստանյան պարային կազմակերպության նախագահ, Միջազգային պարային կազմակերպության փոխնախագահ Անդրեյ Կոկոուլինը, մասնակցում են նաև միջազգային կարգի մրցավարներ Հայաստանից և այլ երկրներից:
Օլիմպիադան կեզրափակվի հանդիսավոր գալա համերգով ու մրցանակաբաշխությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» (ԿԱՀԱ) փոխնախագահ Հրաչյա Մեսրոպյանը, Հայաստանի երրորդ պարային օլիմպիադան ներկայացնում են ԿԱՀԱ-ն և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը:
Միջազգային պարային մրցույթի կազմակերպման և անցկացման իրավունքները 2008թ.-ից պատկանում են ԿԱՀԱ-ին: Մրցումները անցկացվում են IDO միջազգային պարային կազմակերպության մրցավարության կանոնների համաձայն շուրջ 30 պարային ուղղությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել