
«Էժան թմրանյութ են ձեռք բերում, բայց շատ թանկ են վճարում դրա համար»
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում ներկայումս հաշվառված է թվով 60 ներերակային թմրամոլ: Եվս 90-ը գտվում են պրոֆիլակտիկ հաշվառման մեջ: Գրանցված թմրամոլների գերակշիռ մասը Վանաձորից և Գուգարքի տարածաշրջանից է: Նրանց մեջ անչափահասներ ու իգական սեռի ներկայացուցիչներ չկան: Թմրամոլներից ամենաերիտասարդը՝ 21, ամենատարեցը՝ 52 տարեկան է:
Թմրաբան Հովհաննես Ամիրխանյանը, ով 7 տարի է՝ աշխատում է դիսպանսերում, կարծում է, որ թմրամոլների իրական թիվը մարզում մի քանի անգամ ավել է գրանցվածից:
Վերջին մեկ-երկու տարիներին դիսպանսերում նվազել է ստացիոնար բուժում ստացողների թիվը. տարեկան բուժվում է 6-7մարդ: Մինչեւ 2012թ.-ը ստացիոնար բուժում էր ստանում տարեկան միջինը 14-15 մարդ: Պետության կողմից ստացիոնար բուժման կուրսը սահմանվել է 20 օր: Թմրամոլի 1 օրվա ստացիոնար բուժման համար պետությունը հատկացնում է շուրջ 6.500 դրամ, որը ներառում է դեղորայքը, սնունդը, սպասարկող անձնակազմի աշխատավարձը և այլն:
Ստացիոնար բուժում ստացող հիվանդների թվի կտրուկ նվազումը թմրաբանի կարծիքով կապված է նաեւ մեթադոնային փոխարինող բուժման ներդրման հետ:
ՀՀ-ում «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց» ծրագիրը սկսել է իրականացվել 2009 թվականի հոկտեմբերից ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում (ներկայումս՝ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ) «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» հկ-ի և «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի հետ համատեղ Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:
2010 թ.-ի օգոստոսից ՄՓԲ-ն իրականացվում է ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի (ներկայումս՝ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ) կողմից, իսկ 2012 թվականի հուլիսից՝ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի» շրջանակներում:
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում մեթադոնային բուժման ծրագրից տարեկան օգտվում է միջինը 20-30 մարդ:
«Ակտիվ թմրանյութ օգտագործողների մեծ մասը, որոնք միշտ դիմել են, բուժվել են, հիմնականում ընդգրկվել են այդ ծրագրում: Կանոնավոր հաճախելով՝ նրանք ստանում են մեթադոնային փոխարինող բուժում և այլևս հիվանդանոցային բուժում ստանալու կարիքը չի լինում»,- ասում է Հ. Ամիրխանյանը:
Մյուս կողմից էլ՝ հիվանդները խուսափում են ստացիոնար բուժում ստանալուց նաեւ բաժանմունքի ընդհանուր լինելու պատճառով: Թմրամոլների համար բաժանմունքը մեկուսացված չէ, միևնույն բաժանմունքում բուժում են ստանում նաեւ հոգեկան խնդիրներով հիվանդները:
«Ըստ էության, ճիշտ կլիներ, որ բաժանմունքն առանձին լիներ, բայց մեր շենքային ու ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ առայժմ նման հնարավորություն չկա»,- նշում է թմրաբանը:
Մեթադոնային բուժումը դիսպանսերում առաջարկվում է ոչ բոլորին: Սա նրանց համար է, ովքեր, այսպես ասած, ստաժավոր թմրամոլներ են, ունեն մինչ այդ գրանցված բուժման մի քանի անհաջող փորձ, առողջական վիճակի հետ կապված տարբեր բարդություններ:
«20-22 տարեկան, առաջին անգամ դիմած երիտասարդին, բնական է, այդ ծրագրում չենք ընդգրկի, փորձում ենք ընդհանրապես ազատել որևէ տեսակի թմրանյութի կախվածությունից: Եթե մի քանի անգամ կիրառվող բուժման փորձերն անհաջող են լինում, նոր միայն առաջարկում ենք մեթադոնային բուժման եղանակը»,- ասում է բժիշկը:
Լոռիում առավել տարածված են ափիոնի խմբի թմրամիջոցները: Վերջին տարիներին լայնորեն կիրառվում է դեղահաբերից անջատվող դեզոմորֆինը:
Հ. Ամիրխանյանը նշում է, որ բավականին լայն է այդ դեղամիջոցների ցանկը. «Դրանց մի մասը ՀՀ կառավարության որոշմամբ մտցվեց հոգեմետ, հսկվող դեղամիջոցների ցանկի մեջ: Սակայն Հայաստանում գրանցվում են այլ ֆիրմաների դեղամիջոցներ, որոնք էլի պարունակում են այդ թմրանյութը: Մինչև դրանք են գրանցվում, հիմա էլ նոր դեղամիջոցներ են բերվում Հայաստան: Ու այդպես, այդ արատավոր շղթան շարունակվում է»:
Թմրանյութերի այս տեսակի կիրառման դեպքում մարդու մոտ առողջական խնդիրները շատ ավելի արագ են գլուխ բարձրացնում:
«Պատճառն այն է, որ դրանք մաքուր թմրանյութեր չեն և այն լուծիչները, որոնք օգտագործում են տնային պայմաններում, հնարավորություն չեն տալիս լիովին զատել թմրանյութը: Արդյունքում բացի իրական թմրանյութը նաև թույներն են անցնում օրգանիզմ և շատ արագ առողջությունը քայքայում: Թմրամոլների 90 տոկոսի մոտ առաջանում է ծնոտների ոսկրի թարախային բորբոքում, ծնոտը սկսում է քայքայվել: Հետագա կարող է առաջանալ մենինգիտ, աբսցես,- ասում է բժիշկը,-մտածում են, որ էժան թմրանյութ են ձեռք բերում, բայց շատ թանկ են հատուցում դրա համար: Գրեթե բոլոր թմրամոլները տառապում են հեպատիտ C-ով, շատ են նաև ՄԻԱՎ վարակակիրները»:
Հայաստանում տարեցտարի ավելանում է մեթադոնային բուժման եղանակից օգտվողների թիվը: Եթե 2009թ.-ին բուժման այս եղանակից օգտվում էր 32 մարդ, ապա 2010-ին՝111, 2011-ին՝ 160, 2012-ին՝ 116, 2013-ին՝ 312:
Հ. Ամիրխանյանը նշում է, որ բուժման այս եղանակը թույլ է տալիս տարբեր հիվանդությունների հետ կապված բարդություննների առաջացումը հասցնել նվազագույնի.
«Մեթադոնը ըստ էության թմրանյութ է, որն օգտագործելով հիվանդն այլ թմրանյութի կարիք չի ունենում: Իմաստն այն է, որ այսպիսով բացառվում են ներերակային ճանապարհով փոխանցվող տարբեր վարակները, որոնք շատ տարածված են բենզինային թմրանյութեր օգտագործողների մոտ»:
Ըստ 2014թ.-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի՝ 2013 թ,-ի վերջին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1.586 դեպք, որից 1.109-ը եղել են տղամարդիկ: ՄԻԱՎ-ով վարակված տղամարդկանց 41,6 տոկոսը եղել են թմրամիջոցների ներարկային օգտագործողներ»:
Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերում առաջնակի հիվանդները մեծ թիվ չեն կազմում: Թմրանյութ օգտագործողները շատ հաճախ խուսափում են դիմել բժշկի օգնությանը: Մասնագետի հավաստմամբ՝ Լոռիում թմրամոլների դիմելիության պիկ է գրանցվել 2009-2010թթ.-ին, երբ առանց իրացնելու թմրամիջոցներ օգտագործելու համար սահմանվեց վարչական պատասխանատվություն՝ տուգանք:
Բժշկի չդիմելու համար, սակայն, թմրամոլներն այժմ այլ պատճառներ ունեն:
«Մտավախություն ունեն, որ հետագայում վարորդական իրավունքի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ»,- ասում է Հ. Ամիրխանյանն ու պարզաբանում, որ վարորդական իրավունքի հետ կապված խնդիրներ, իրոք, առաջանում են:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը: «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի» տվյալներով եթե 2009թ.-ին նարկոլոգիական ծառայություններում հաշվառված էր թմրամիջոց օգտագործող 1686 անձ, ապա 2011-ին՝ 3893, 2013-ին՝ 4922: Այժմ այդ ցուցանիշը հատում է 5.000-ի սահմանագիծը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով 2014թ.-ին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 1046 հանցագործություն՝ 2013թ.-ի 1222-ի դիմաց: Ու թեև ընդհանուր թիվը նվազել է, սակայն ավելացել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունները՝ իրացման նպատակով. 2014-ին գրանցվել է 571, 2013-ին՝ 527 դեպք:
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճ է նկատվել Լոռու մարզկենտրոնում՝ Վանաձորում. 2014թ.-ին գրանցվել է 46 դեպք՝ 2013-ի 29-ի դիմաց:
ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը ցուցանիշի կտրուկ ավելացման պատճառների թվում մատնանշում է 2014թ.-ին Վանաձորի քրեկատարողական հիմնարկում գրանցված 8 դեպքը:
Մեկնաբանել