HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրումում պոչամբար կառուցելու համար փոխվեց հողի նշանակությունը

Այսօր տեղի ունեցավ Մեծ Այրում համայնքի ավագանու նիստը, որտեղ ավագանու 4 անդամներից 3-ը` Պապիկ Առուշանյանը, Սամվել Միրզոյանը և գյուղի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, հաստատեցին  Մեծ Այրումի վարչական տարածքում գտնվող 12.1 հա գյուղատնտեսական հողի նշանակության փոփոխությունը ` Ախթալայի ԼՀԿ–ի 2-րդ պոչամբարը կառուցելու նպատակով:  

Նիստից բացակայում էր ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը: Վերջինս հեռախոսով մեզ  հայտնեց, որ  աշխատանքային անհետաձգելի այցով գտնվում է Երևանում և  գյուղապետ Սահակ Նազարյանին գրավոր դիմել է ավագանու նիստը մեկ օրով հետաձգելու համար, սակայն գյուղապետը մերժել է իր դիմումը: «Քվորումն ապահովում է և մենք կարող ենք ավագանու նիստը հայտարարել բացված»,- ասաց  Սահակ Նազարյանը:  Վերջինս ավագանուն ներկայացրեց նիստի օրակարգը, ասաց, որ  օրակարգում դրված է 12,1  հա հողամասի հողատեսքը փոխելու հարցը: «Խոսքը վերաբերում է  Նահատակ ձորում գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականությունը հանդիսացող ներկայիս գործող պոչամբարից ներքև գտնվող հողատարածքին:  Փոփոխության արդյունքում գյուղատնտեսական նշանակության 12,1 հա հողատարածքը  դառնալու է արդյունաբերական–ընդերքօգտագործման արտադրական նշանակության օբյեկտ: Այսօրվա նիստի մեր  խնդիրը հողատեսքի փոփոխության համար ավագանու անդամների համաձայնությունը ստանալն է»,- ասաց Ս. Նազարյանը:

Նիստին ներկա այրումցի Նաիրա Առաքելյանը փորձեց քվեարկությունից առաջ ելույթ ունենալ: «Ես հարցը ուղղել եմ ավագանիներին: Երբ խոսքը կտրամադրենք Ձեզ, դուք էլ կպատասխանեք»,- առարկեց  համայնքապետը: 

«Ընկեր Այվազյան, դուք»,- ավագանու անդամ Սոֆյա Այվազյանին դիմեց գյուղապետը: «Ես բան չունեմ ասելու»,- պատասխանեց Ս. Այվազյանը: Գյուղապետը հարցը ներկայացրեց ավագանու քվեարկությանը:  Ավագանու երեք անդամներն էլ  գյուղապետի առաջարկությունը ընդունեցին միաձայն:

Քվեարկությունից հետո ավագանու անդամները լքեցին գյուղապետի աշխատասենյակը: «Էս հարցի միջին ժողովուրդն իրավունք չուներ խոսելու»,- գյուղապետին դիմեց Նաիրա Առաքելյանը: «Ուրեմն մենք ժողովրդի հետ բազմաթիվ քննարկումներ կատարել ենք: Ես Ձեզ բացարձակ հիմա հավաստիացնում եմ, որ փետրվարի 12-ին մենք գլոբալ քննարկում ենք արել` պոչամբար կառուցելու համար: Քննարկման մասին 27 ընտանիքի տեղեկացվել  է Փոքր Այրումում, 131 ընտանիք Մեծ Այրումում»,- պատասխանեց գյուղապետը:  Սահակ Նազարյանը, սակայն, չհայտնեց, որ հանրային քննարկումներին այրումցիների վերաբերմունքը ճշտելու նպատակով իր կողմից  քվեարկություն  չի անցկացվել: 

Ավագանու քվեարկությունից հետո նիստին ներկա այրումցիները սկսեցին դժգոհել քվեարկությունից: «ժողովուրդ, էսօր միայն քվեարկությունը հողատեսքի փոփոխության համար էր, էնտեղ կատարվելու է պրոցես»,-  գյուղացիներին փորձեց բացատրել Ս. Նազարյանը: «Այսօր ավագանու անդամը ստորագրեց մի փաստաթուղթ, որը ես կարծում եմ պետք է հաստատվեր համայնքի բոլոր գյուղացիների կողմից:  Բերեք հարցը դնենք  համայնքի քվեարկությանը: Ավագանու այդ 3 անդամները վաղը, մյուս օրը քոչելու են, գնան, ապականված օդը շնչելու են մնացած գյուղացիները: Դուք դա ճի՞շտ եք համարում»,- պահանջեց համայնքի   բնակիչ Գարիկ Պետրոսյանը: «Հող չի հատկացվում, ընդամենը հողատեսքի փոփոխություն է կատարվում», - Գարիկին բացատրեց գյուղապետը:

«Հետքի»` հողատարածքի մասին ճշտող հարցին`  գյուղապետը պատասխանեց. «Ձեր կարծիքով մենք հո՞ղ ենք հատկացնում: Գրություն ենք ստացել, հողատեսքի փոփոխություն` հետագայում պոչամբարի կառուցման համար, մենք դա ենք հաստատել»:

 Ներկաների պահանջով ավագանու անդամները կրկին հրավիրվեցին գյուղապետի աշխատասենյակ: «2-րդ պոչամբարի առաջին քայլը հողի տեսքը փոխելուց հետո սկսվեց: Ավագանին քվեարկեց ու  գնաց, միգուցե գան, բացատրեն մեզ, մենք` գյուղացիներս ինչ եք ստանալու դրա դիմաց»,- պահանջեց  Արսեն Պետրոսյանը:

  Ախթալայի ԼՀԿ-ի ներկայացուցիչներն այսօր Մեծ Այրումի գյուղացիներին 2-րդ պոչամբարի կառուցման համար որևէ կոնկրետ խոստում չէին տալիս: Այդ խոստումների մասին խոսում է միայն գյուղապետ Սահակ Նազարյանը: Գյուղացիների դժգոհությունները գյուղապետարանում երկար շարունակվեցին. «Պարոն Նազարյան, այս որոշումով դուք մեծ պատասխանատվություն վերցրեցիք Ձեր վրա: Ակնհայտ է, որ Մեծ Արյումի վարչական տարածքում պետք է կառուցվի 2-րդ պոչամբարը: Հարցը նրանում է, որ կառուցելիս գոնե պոչամբարի բնապահպանական անվտանգությունը ապահովվի և կառուցվի  ժամանակակից պահանջներին համապատասխան պոչամբար»,- պահանջեց քաղաքացիական ակտիվիստ Մարիանա Պեպանյանը: Գյուղապետ Սահակ Նազարյանը խոստացավ այդ հարցում լինել հետևողական:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter