HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի անհատ տաքսիստները բողոքում են, որ ի վիճակի չեն տեղադրելու պահանջվող հաշվիչները

Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Գյումրիում գործունեություն ծավալող անհատ տաքսիստները բողոքի ակցիա էին կազմակերպել Վարդանանց հրապարակում: Նրանք բողոքում էին, որ ի վիճակի չեն կատարելու կառավարության նոր որոշումը՝ հաշվիչ տեղադրել մեքենաներում եւ մտնել հարկային դաշտ:

«ՀՀ-ում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու, և ՀՀ Կառավարության 2007թ. մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել` առանց գրանցվելու պետական ռեգիստրում: Ինչպես նաև` հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը, որի փոխարեն` համապատասխան ներդիրը կփակցվի ավտոմեքենայի դիմապակուն: Արդյունքում կխնայվի 175 000 ՀՀ դրամ: Հանվել է նաև ամենօրյա բուժզննում անցնելու պահանջը, ինչի արդյունքում կխնայվի ամսական 10000-15000 դրամ:

Տաքսամոտորային փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլներին ներկայացվող պարտադիր պահանջներից է ուղեսրահում՝ ուղեւորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետրը (սակաչափիչ), մեքենայի տանիքին «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին եւ սեւ տարբերանշանը: Թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի՝ ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի եւ սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

Գյումրեցի տաքսիստները հավատացնում էին, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու: Չունենալով կայուն աշխատանք՝ շատերն օրվա հացը վաստակում են քաղաքում սեփական մեքենաները որպես տաքսի շահագործելով: Ըստ նրանց հաշվարկների` միայն հաշվիչի տեղադրումը կարժենա 70.000 դրամ:

«Էս տաքսու զնակը 1500 դրամ է,-տեղեկացրեց Ղափանյան Ռուդիկը,- լյուբոյ զապչաստի խանութ կծախե, եթե գուզես, աղջիկ ջան, կըրնանք էրթանք քեզի համար էլ առնինք: Բայց ըստեղ ուրիշ հարց կա՝ հարկային դաշտ մտնել, հաշվիչ դնել: Գյումրու նման քաղաքում, ուրդեղ քնից զարթնողը պարապությունից տաքսի կքշե, բայց թամամ նստող չկա, շատ դժվար է: Հըլը օրվա մեջ ման եկեք քաղաքում, տեսեք քանի՞ տաքսի կա կանգնած, ու էդ ավտոները քանի՞ նստող կա»:

Շատերը պատճառաբանում էին, որ իրենք տաքսի ծառայություն ամբողջ տարին չեն մատուցում: Հատկապես երիտասարդ վարորդները դրանով զբաղվում են պարապությունն ինչ-որ բանով լցնելու եւ գոնե օրական 1500 դրամ հավելյալ գումար աշխատելու հույսով: «Մե քանիմ ամիս կաշխատինք, մինչեւ խոպան էրթալու հնար կեղնի, թողնինք կերթանք: Ես օր հաշվիչը դնեմ, հետո՞ ինչ էնեմ, ու՞մ հանեմ տամ: Կարող է պատահի հետո ընձի վաբշե պետք չգա»,-նեղսրտեց Հայկ անվամբ ներկայացած տաքսիստը: Ակցիայի մասնակիցների համոզմամբ` իրենց պարտադրվող հաշվիչները հավանաբար ինչ-որ մեկի բիզնեսն են, ինչպես տեսախցիկները, կարմիր գծերը եւ այլն:

Երթեւեկությունը Վարդանանց հրապարակում խաթարած ակցիայի մասնակիցներին Շիրակի մարզային ոստիկանության փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը խորհուրդ տվեց հանդիպել մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Մինչ այդ տաքսիստների հետ հանդիպեցին փոխքաղաքապետեր Մխիթարյանն ու Սանոյանը:

Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպմանն ուղեւորվեց 4 հոգանոց մի պատվիրակություն: Լսելով բողոքը՝ մարզպետը խոստացավ խոսել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ եւ հանդիպում կազմակերպել երկուշաբթի օրը ակցիայի մասնակիցների ու նախարարության աշխատակիցների միջեւ:

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter