HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշակի հանգամանքներ

Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը դարձել է հելսինկյան երկու՝ ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հակամարտություն։

Հայերը պնդում են ինքնորոշման սկզբունքը, ադրբեջանցիները՝ տարածքային ամբողջականության։ Եւ սա, մեծ հաշվով, արդեն հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, որովհետեւ նշված երկու սկզբունքների կիրառման հարցում տարակարծություններ, եթե չասենք՝ հակասություններ ունեն Արեւմուտքն ու Ռուսաստանը։

Կոսովոյին անկախություն շնորհելու հնարավոր տարբերակն առավել ցայտուն կերպով է երեւակում այդ հակասությունները եւ ցույց տալիս, որ ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային հարաբերությունների կարգավորման սկզբունք լինելուց զատ, նաեւ հիանալի գործիք են մեծ տերությունների ձեռքին։

Կողմ լինելով Կոսովոյի «սահմանափակ» անկախությանը` Արեւմուտքը դեմ է, որպեսզի այն կիրառվի նախկին ԽՍՀՄ տարածքում ծագած հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Ռուսաստանը, կողմ լինելով Սերբիայի տարածքային ամբողջականությանը, դեմ չէր լինի, եթե Կոսովոյի համար Արեւմուտքի առաջարկած տարբերակը կիրառվեր Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի դեպքում։ Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը չի բարձրաձայնում իր այդ նկրտումները՝ վախենալով, որ «անջատման» սկզբունքը կարող է հարմար գալ նաեւ Չեչնիային։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հանրային կապերի ղեկավար æոնաթան Հենիքը, պատասխանելով APA գործակալության թղթակցի՝ Կոսովոյի անկախության հնարավոր հետեւանքներին վերաբերող հարցին, ասում է. «Ես եղել եմ ամերիկացի համանախագահի խորհրդականը եւ շուրջ երկու տարի եմ նվիրել այս հարցերի ուսումնասիրությանը։ Այդ ընթացքում մենք նայում էինք, թե աշխարհում ինչ օրինակներ ու մոդելներ կան, որոնք կարող են մեզ օգտակար գաղափարներ տալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար։ Եւ հասկացանք, որ ցանկացած հակամարտություն՝ լինի դա Կոսովոյում, Պաղեստինում կամ այլուր, յուրօրինակ հանգամանքներ ունի։ Կոսովոյի մոդելը կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել, բայց չենք կարծում, որ այն կարող է օգտագործվել ղարաբաղյան իրավիճակում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր «Էթնոքաղաքական հակամարտությունների «Քաղաքական քարտեզը» եւ հելսինկյան երկու սկզբունքը» հոդվածում կարծես շարունակում է ամերիկացի դիվանագետի միտքը. «Պետք է շեշտը դնել դրանց (երկու սկզբունքի) կիրառելիության եւ հատկապես կենսունակության վրա, պարզել, թե յուրաքանչյուրը որքանով է կենսունակ ոչ վերացականորեն, այլ որոշակի պատմաաշխարհագրական իրավիճակում, բացահայտել ներքին տրամաբանությունն ու օրինաչափությունները»։ Ռուս դիվանագետի կարծիքով` սկզբունքը վերացական հասկացություն է, իսկ կյանքում կան խիստ որոշակի հանգամանքներ։

Եւ՛ ռուս, եւ՛ ամերիկացի դիվանագետները խոսում են որոշակի հանգամանքների մասին, բայց Կազիմիրովն առավել հակված է սկզբունքները քննարկել թե՛ հակամարտության հանգամանքների համատեքստում, եւ թե՛ ժամանակաշրջանի։ Նա գրում է. «Հելսինկյան սկզբունքները ծնունդ են առել մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպայում ամփոփվում էր երկրորդ աշխարհամարտի արդյունքը, երբ ստեղծվում էր երկու համակարգ՝ հակադիր ճամբարներով, դրան էլ գումարվում էր միջուկային զենքի գոյությունը»։

Ըստ ռուս դիվանագետի՝ այդ սկզբունքները եկել էին հակադիր ճամբարների միջեւ հաշտություն ապահովելու։ Նա գտնում է, որ սկզբունքները պետք է քննարկել պատմական, աշխարհագրական եւ ժամանակային նոր իրավիճակում՝ նկատի ունենալով, որ աշխարհում անցած դարի 90-ականներին շատ բան է փոխվել։ «Այս ժամանակաշրջանում (ցնցումային, ֆորս-մաժորային) եւ փլուզվող տարածքում ամբողջականության սկզբունքը չէր կարող լինել այնքան անվրեպ, որքան առաջ էր։ Եթե այն բացարձակ էր, ինչո՞ւ չփրկվեցին Սովետական Միությունը, Հարավսլավիան, Չեխոսլովակիան, Եթովպիան։ Բնականաբար, դա կբացատրեն այնտեղ եւ այն ժամանակ ստեղծված իրավիճակով։ Բայց արդյունքում ինքնորոշման իրավունքն ինքնուրույնություն տվեց 23 հանրապետության (15-ը` ԽՍՀՄ-ում, 6-ը՝ Հարավսլավիայում, 2-ը՝ Չեխոսլովակիայում, մեկն էլ Էրիթրեան է)։

Եթե տարածքային ամբողջականությունը չի փրկել ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի նման պետություններին, ի՞նչ կարող է անել նորաստեղծ հանրապետությունների համար, որոնք ունեն զույգ սկզբունքների հետ կապված խնդիրներ։ Ուրեմն պետք է ոչ թե բացարձակացնել այդ սկզբունքները, այլ խորանալ հակամարտությունների պատճառների ու հետեւանքների մեջ՝ պարզելու համար, թե ի՞նչն է ծնել հակամարտություն եւ ի՞նչ կծնվի կամայական լուծման դեպքում։

Իր հոդվածում Վլադիմիր Կազիմիրովն առաջարկում է ուշադրություն դարձնել հետեւյալ հարցերի վրա. շարժումն անկախության համար ժողովրդի՞ պայքարն էր, թե՞ մաֆիոզ կառույցների, դա եղել է խաղաղ պահանջատիրությո՞ւն, թե՞ ահաբեկչություն, ի՞նչ ընթացք ու առանձնահատկություններ է ունեցել զինյալ հակամարտությունը (ո՞վ է կողմ եղել խաղաղ լուծման, եւ ո՞վ է դիմել ուժի), միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտվե՞լ են (ո՞վ եւ ինչպե՞ս է խախտել), ո՞վ է դեմ ուղիղ կապերին ու երկխոսությանը, նորաստեղծ կազմավորումը պետականության եւ ինքնուրույնության ատրիբուտներ ունի՞ եւ, վերջապես, որքանո՞վ է նրա համակարգը ներկայանալի՝ ընտրված է ժողովրդավարորե՞ն, թե՞ ոչ։

Եթե «որոշակի հանգամանքներ» ասելով հասկացվում է այս ամենը, ուրեմն դեռ կարելի է սպասել ղարաբաղյան հակամարտության արդարացի եւ անաչառ լուծման, իսկ եթե նկատի են առնվում համանախագահող երկրների շահերի ու ձգտումների «որոշակի հանգամանքները», ապա տեղին է փորձառու դիվանագետի զարմանքը. «Վարչական սահմանները ԽՍՀՄ-ում բավական կամայական էին (բոլորին է հայտնի Ղարաբաղի մասին Կավբյուրոյի որոշումը, Ղրիմի կամայական հանձնումը)։ Արեւմուտքը, մերժելով խորհրդային ամեն ինչ, հիմա աղոթում է ԽՍՀՄ ներքին սահմանների պահպանման համար։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Լավ է նոր հակամարտություններ չծնելու իմաստով։ Բայց ի՞նչ անել, եթե արդեն արյուն է թափվել, եւ` ոչ քիչ։ Ձեւ անել իբր ոչինչ էլ չի՞ պատահել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter