Հերթը Ծառուկյանի փեսայի՞նն է
Աբովյանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մանուկ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հավանական չէ, որ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը պաշտոնանկ կարվի, քանի որ Վերահսկիչ պալատի ստուգումները պլանային են և արվում են ամբողջ մարզի տարածքով:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը նախորդ շաբաթվանից ստուգումներ է սկսել Կոտայքի մարզում, ինչը մամուլում մեկնաբանվեց որպես Գագիկ Ծառուկյանին ճնշելու փորձ: Գուցե մամուլի կասկածներն իրական հիմքեր ունեն, քանի որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանում քաղաքական ուժերը շատ քվենեներ հավաքելու խնդիր ունեն:
Այսօր արդեն մամուլը գրել է, որ ստուգումներից հետո վարչապետի հրահանգով աշխատանքից ազատվելու է Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը:
Մինչդեռ Մանուկ Հակոբյանն ասաց. «Ստուգումները նոր են, և դրանց արդյունքում ոչինչ չի սպասվում և չի էլ կարող սպասվել, որովհետև Աբովյանի քաղաքապետարանն այդ առումով որևէ խնդիր չունի: Ամեն ինչ արվել է օրինական և ճիշտ: Մարզի կտրվածքով ստուգումները մեկնարկել են նախորդ շաբաթվանից: Մարզպետարանից են սկսել, որքանով գիտեմ, համայնքներում են արվելու ստուգումներ: Մեզանից պահանջել են անհրաժեշտ տեղեկություններ, բայց կոնկրետ ստուգումներ Աբովյանի քաղաքապետարանում դեռ չկան»:
Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ-անդամ է, նրա հայրը՝ պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ նույնպես: Ըստ մամուլի՝ պատգամավորը որդու հարցով արդեն երկու անգամ հանդիպել է վարչապետին: Մուրադ Գուլոյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նրա բջջային հեռախոսն անջատված էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել