HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Պանթուրքական տոնակատարություն Արարատի փեշերին

Ձեզ ենք ներկայացնում Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր» պայմանական վերնագրով, դեռեւս չտպագրված գրքից մեկ հատված, որը վերաբերում է ղարաբաղյան պատերազմի տարիների` Հայաստան- Նախիջեւան-Թուրքիա հարաբերություններին:

1992 թ. մայիսի 28-ին թուրք-նախիջեւանյան սահմանում՝ Արաքսի ձախ ափին, Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հավաքված հազարավոր ադրբեջանցիներին դիմում, բացականչում էր. «Սիրելի ադրբեջանցի թուրքեր, սիրելի նախիջեւանցի թուրքեր: Մենք այստեղ ենք՝ ձեզ ասելու, որ դուք միայնակ չեք: Արազի վրայով այսօր մենք բացում ենք հույսի կամուրջը, որը Էգեյան ծովից մինչեւ Չինաստան ճանապարհ բացելու առաջին քայլն է»:[1]

Ադրբեջանի իշխանական էլիտան Իսա Գամբարովի ղեկավարությամբ մայիսի 28-ին ծրագրել էր տոնակատարություններ անցկացնել Գյանջայում՝ նշելով Ադրբեջանի մուսավաթական հանրապետության ստեղծման 74-ամյակը: Հենց Գյանջան է եղել Ադրբեջանի այն ժամանակվա մայրաքաղաքը: Սակայն տոնակատարությունները չեղյալ են հայտարարվում, եւ ղեկավարությունը՝ խորհրդարանի նախագահ եւ երկրի ժամանակավոր ղեկավար Իսա Գամբարովի գլխավորությամբ շտապում է Նախիջեւան, Սադարակ, որտեղ տեղի էր ունենալու կամրջի բացման արարողությունը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի մասնակցությամբ: Այդ օրը պաշտոնապես բացվում է կամուրջը, որով ցամաքային կապ է հաստատվում Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ:

Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը ականատեսի աչքերով գրում է. «Օդանավի դուռը բացվեց, երեւաց Դեմիրելը իր նշանավոր ֆեդորայով (գլխարկի տեսակ է): Նա իջնում էր աստիճաններով՝ դեպի Հեյդարի գիրկը: Տասնյակ լուսանկարչական ապարատներ եւ տեսախցիկներ արձանագրում են պատմական պահը՝ վերջապես Դեմիրելն ու Ալիեւը միասին են:

Կան համառ ասեկոսեներ, թե Ադրբեջանի իշխանական ու անվտանգության համակարգում Ալիեւի վերելքը նախատեսված էր ՊԱԿ-ի «Կապույտ աչքեր» գործողության իրականացման հեռանկարով՝ 1960-70-ական թվականներին Թուրքիայի քրդերի շրջանում հրահրել ապակայունություն եւ անհանգստություն: Նայելով Հեյդարի կոկորդիլոսի անթարթ աչքերին՝ հասկանալի է, թե որտեղից է գալիս «Կապույտ աչքեր» անվանումը: Եվ ահա այստեղ՝ Արարատ լեռան ստվերի տակ, Դեմիրելն ու Ալիեւը կազմակերպել էին պանթուրքական տոնակատարություն»:[2]

Նախիջեւանը Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի հետ 20-րդ դարի սկզբներից համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության եւ մուսավաթական Ադրբեջանի միջեւ: 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրի հոդվածներից երրորդը վերաբերում էր Նախիջեւանին. «Երկու Պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջեւանի մարզը սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»:

1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքվում է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ մի կողմից եւ Թուրքիայի միջեւ` մյուս կողմից, Ռուսաստանի խորհրդային հանրապետության մասնակցությամբ: Այս պայմանագրի հինգերորդ հոդվածում ասվում էր. « Թուրքիայի կառավարությունը եւ Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի երրորդ հավելվածում նշված սահմաններում Նախիջեւանի մարզը կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո»:

Մոսկվայի պայմանագրում, եթե ասվում է, որ Նախիջեւանի խնամակալությունը Ադրբեջանը չի կարող զիջել երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին, ապա Կարսի պայմանագրում վերջին ձեւակերպումը տեղ չի գտել: 1924 թ. Նախիջեւանը, որտեղ հայ բնակչությունը կազմում էր մոտ 40 տոկոս, ինքնավար հանրապետության կարգավիճակ է ստանում Ադրբեջանի կազմում: Սկսվում է ինքնավար հանրապետության հայաթափումը, 1988 թ. Նախիջեւանում հայ բնակչության թիվը կազմում էր երկու տոկոսից էլ պակաս:

Նախիջեւանը Ադրբեջանի հետ ընդհանուր սահման երբեք չի ունեցել: Ինքնավար հանրապետությունը արեւմուտքում եւ հարավում սահմանակից է Իրանին, իսկ արեւելքում՝ Հայաստանին: Նախապես Նախիջեւանն ու Թուրքիան եւս ընդհանուր ցամաքային սահման չեն ունեցել, այսինքն՝ Նախիջեւանը պարփակված է եղել Խորհրդային Հայաստանի եւ շահական Իրանի միջեւ: Այսպես շարունակվել է մինչեւ 1930-ական թթ. սկիզբը, քանի դեռ Թեհրանի եւ Անկարայի միջեւ գործարքով չէր կատարվել տարածքների փոխանակություն:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը գրում է. «1929 թ. ապրիլի 9-ին կնքվեց թուրք-իրանական սահմանների կայունացման մասին համաձայնագիր: Սակայն 1930 թ. հունիս-հուլիս ամիսներին, Թուրքիայի գրաված հայկական տարածքների՝ Իրանի սահմանամերձ շրջանի քրդերն ապստամբեցին:

Թուրքիան հայտարարեց, որ քրդերի ապստամբության ճնշումը եւ երկու երկրների սահմանների անվտանգությունը կապահովի այն դեպքում, եթե քրդաբնակ ողջ հատվածը Թուրքիայի վերահսկողության տակ լինի, եւ ըստ այդմ էլ առաջարկում է տարածքների փոխանակում՝ Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանամերձ, ռազմավարական հույժ կարեւոր նշանակությամբ քրդաբնակ տարածքների (որոնց մեջ ընդգրկվում էին Փոքր Մասիսի ստորոտը եւ Արաքսի առափնյա շրջանից մի հատված) փոխարեն առաջարկելով Ուրմիա լճի արեւելյան հատվածում թուրքական երկու, թերեւս ոչնչով աչքի չընկնող հողատարածքներ: Այս գործարքի շնորհիվ Թուրքիան Նախիջեւանի հետ 12 կմ. երկարությամբ ընդհանուր սահման ունեցավ: 1932 թ. հունվարի 23-ին Թեհրանում ստորագրվեց Իրան- Թուրքիա պայմանագիրը՝ երկու երկրների սահմանագծերի փոփոխության վերաբերյալ, որը գաղտնազերծված չէ եւ գործում է առ այսօր: 1932 թ. նոյեմբերի 5-ին Անկարայում կողմերն ստորագրեցին բարեկամության համաձայնագիր, որտեղ նշվում է, որ երկու երկրների միջեւ հաստատվում են անսասան հաշտություն եւ ջերմ բարեկամություն»:[3]

Ադրբեջանի չորս նախագահներից երեքը՝ Աբուլֆազ Էլչիբեյը, Հեյդար եւ Իլհամ Ալիեւները ծագումով Նախիջեւանից են, եւ միայն Այազ Մութալիբովը, ով անկախ Ադրբեջանը ղեկավարել է ընդամենը կես տարի, չէր սերում ինքնավար հանրապետությունից: 1987 թ. աշնանը Քաղբյուրոյից հեռացվելուց եւ մի քանի տարի Մոսկվայում բնակվելուց հետո Հեյդար Ալիեւը 1990 թ. վերադառնում է հայրենիք, 1991 թ. սեպտեմբերին դառնում ինքնավար հանրապետության խորհրդարանի նախագահը, որը Նախիջեւանում բարձրագույն պաշտոնն է: Ամերիկացի լրագրող Գոլցը գրում է, որ միակ արտասահմանցի պաշտոնյան, որ զանգահարել եւ շնորհավորել է Ալիեւին, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կարճ ժամանակում Ալիեւը լավ հարաբերություններ է հաստատում Իրանի եւ Թուրքիայի հետ, Նախիջեւանը, ի տարբերություն Ադրբեջանի, զերծ պահում ներքաղաքական ցնցումներից: Ղարաբաղյան, հայ-ադրբեջանական երեքամյա ռազմական գործողությունների ընթացքում, Նախիջեւանը, բացառությամբ սահմանային մի քանի ընդհարումների եւ փոխհրաձգությունների, չի ներքաշվում արյունալի պատերազմի մեջ: Սրանում քիչ չէր Հեյդար Ալիեւի ներդրումը:

Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը, ով ողջ 1992-1993 թթ. ընթացքում հեռախոսային կապ էր պահպանում Հեյդար Ալիեւի հետ, նկատում է, որ ե ' ւ Հայաստանը, ե ' ւ Նախիջեւանը ունեին իրենց շահագրգռվածությունները, որպեսզի նոր ճակատ չբացվի:

«Ալիեւն ինչ-որ իմաստով այդ տարածքի արքան էր: Էլչիբեյը շատ կուզենար նրան հեռացնել, բայց դա անհնար էր, քանի որ Ալիեւը վայելում էր ժողովրդի հարգանքը, եւ նրան ձեռք տալը բավականին դժվար էր: Օբյեկտիվորեն, Ալիեւը շահագրգռված էր, որ Նախիջեւանում չլինի պատերազմ, մենք զգացինք այդ շահագրգռվածությունը: Բացի այդ, Նախիջեւանը խոցելի էր, պատերազմ սկսվելու դեպքում ամբողջ անկլավը կվերածվեր ռազմադաշտի: Մեզ էլ պետք էր զերծ մնալ երկրորդ ճակատ բացելուց:

Գնալով խոր առճակատման Նախիջեւանում, մենք մեծ վտանգ էինք ստեղծում մեզ համար Թուրքիայի հնարավոր միջամտության իմաստով, մանավանդ, որ նման միջամտության քայլեր Թուրքիան արել է: Տարբեր կարգի օգնությունների հետ, Նախիջեւանն ստանում էր նաեւ Թուրքիայի ռազմական օգնությունը, այնտեղ սկսեցին տեղափոխվել Թուրքիայի ռազերվիստները կամավորների տեսքով: Մենք գիտեինք, որ այդ կամավորների տեղափոխման գործընթացը վերահսկում են Թուրքիայի հատուկ ծառայությունները, Գլխավոր շտաբը», ասում է Մանուչարյանը:[4]

Մարտի 10-ին Բաբկեն Արարքցյանը եւ Հեյդար Ալիեւը չորսժամյա բանակցություններ են վարում հայ-նախիջեւանյան սահմանում, որին մասնակցում էր նաեւ Մանուչարյանը: Քննարկվում են Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ փոխադարձ անվտանգության եւ գարնան գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաեւ հաղորդակցությունների, այդ թվում՝ մարդատար գնացքների երթեւեկությունը անարգել կազմակերպելու ապահովման հարցեր, կարծիքներ փոխանակվում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների շուրջ: Հանդիպումից հետո Արարքցյանը եւ Ալիեւը Նախիջեւանի հեռուստատեսությամբ հայտարարություններ են անում:[5]

Մարտի 29-ին Սադարակում հանդիպում են Արարատի եւ Շարուրի շրջանների ղեկավարներն ու զինվորական ներկայացուցիչները եւ պայմանավորվում երկկողմ դադարեցնել հրաձգությունը: Ապրիլի 25-ին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հայ-նախիջեւանյան սահմանում հանդիպում է Նախիջեւանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Ռաշիդ Հասանովի եւ տեղակալ Անար Սաֆարովի հետ: Այսպիսով, եթե ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական հատվածում ռազմական գործողությունները դառնում էին անխուսափելի, հայ-նախիջեւանյան սահմանում հնարավոր եղավ խուսափել պատերազմից:

Նախքան Ալիեւի՝ Նախիջեւանում իշխանության գալը, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, հայ-նախիջեւանյան սահմանում տեղի էին ունեցել զինված բախումներ: 1990 թ. հունվարի 12-13-ը հայկական ուժերը գրավում են վարչականորեն Նախիջեւանին պատկանող, Արարատի շրջանում «կղզյակի» վերածված Քյարքի գյուղը, որը հետագայում վերանվանվում է Տիգրանաշեն: Մոտ մեկ շաբաթ անց հայ-ադրբեջանական բախումներ են տեղի ունենում Երասխ-Սադարակ հատվածում, փոխհրաձգության ընթացքում սպանվում է Հայաստանի անկախության պայքարի նվիրյալներից Մովսես Գորգիսյանը:

Պատերազմի տարիներին պարբերաբար փոխհրաձգություններ էին տեղի ունենում հայ-նախիջեւանյան սահմանի տարբեր հատվածներում, որոնք, սակայն, չեն վերածվում զինված բախումների: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը, ով 1992 թ. ընթացքում մասնակցել է հայ-նախիջեւանյան հանդիպումներին, նկատում է, որ սահմանի այդ հատվածում խաղաղությունը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ այդ ձեւով հնարավոր եղավ խուսափել երկրորդ ճակատից:

«Այս հանդիպումների նախաձեռնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից էր, իսկ դետալիզացիան եւ մշակումը կատարում էր նրա անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Հայաստանի իշխանությունները նախիջեւանյան ուղղությունը չէին անտեսում: Համարվում էր, որ ինչ-ինչ հանգամանքներում այդ ճակատում պատերազմը կարող է պարտադրվել: Այս հարցում խանգարող մի խութ կար. Թուրքիան ու Նախիջեւանի միջազգային իրավական կարգավիճակը: Մենք հասկանում էինք, որ ռազմական գործողությունները Նախիջեւանի տարածք փոխադրելով, մենք Թուրքիային կներքաշեինք հակամարտության մեջ: Մեր հիմնական քաղաքական ուղղությունը Թուրքիային չեզոքացնելն էր եւ թույլ չտալը Թուրքիայի ներքաշումը հակամարտության մեջ, որը մենք հաջողությամբ կատարեցինք», ասում է Սահակյանը:[6]

1992 թվականին Թուրքիայի նախկին վարչապետ, Ձախ ժողովրդավարական կուսակցության նախագահ Բյուլենթ Էջեւիթը կառավարությանը նախազգուշացնելով Խոջալուից հետո Նախիջեւանի վրա հայերի հնարավոր հարձակման մասին, պահանջում է անհապաղ պաշտոնապես հայտարարել, որ որեւէ հարձակում Նախիջեւանի վրա կդիտվի հարձակում Թուրքիայի վրա:

Լաչինի գրավման առիթով մայիսի 18-ին խորհրդակցություն է տեղի ունենում թուրքական բանակի գլխավոր շտաբում, ապա՝ կառավարությունում: Փոխվարչապետ Ինոնյուն , ով մասնակցում էր գլխավոր շտաբի խորհրդակցությանը, ընդգծում է, որ «Թուրքիայի համար զենքի ուժով հող գրավելու սկզբունքը անընդունելի է»: Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում էր, որ «հողային պահանջներ ներկայացնելով իր բոլոր հարեւաններին, Հայաստանը տարածաշրջանում խախտում է կայունությունն ու խաղաղությունը»: [7]

Մ. Նահանգներում ապաքինվող Թուրքիայի նախագա Թուրգութ Օզալը մայիսի 19-ին հայտարարում է, որ Թուրքիայի համբերությունը նույնպես սահման ունի: Անմիջապես հետեւում է ԱՊՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Եւգենի Շապոշնիկովի արձագանքը: Մայիսի 20-ին Շապոշնիկովը հայտարարում է, որ եթե Թուրքիան որեւէ ռազմական միջամտություն անի հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա Ռուսաստանը եւս կմիջամտի, որը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Նույն օրը հատուկ հայտարարություն է անում Հայաստանի նախագահը. «Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Հայաստանի եւ Նախիջեւանի հարաբերությունները եղել են համեմատաբար մեղմ եւ ունեցել են ոչ կոնֆրոնտացիոն բնույթ: Սակայն վերջին շրջանում Նախիջեւանի տարածքից անընդհատ փորձեր են արվում ապակայունացնել իրադրությունը Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանի վրա եւ առաջ է քաշվում այն մտացածին վարկածը, թե Հայաստանը ռազմական գործողություններ է սկսել Նախիջեւանի դեմ: Ակնհայտ է, որ սա տեղի է ունենում երրորդ ուժերի դրդմանբ եւ նպատակ է հետապնդում ստեղծել քաղաքական պատրվակ՝ ուղղակի միջամտության համար: Մերժելով նման վտանգավոր քաղաքական միտումները, որոնք ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, այլեւ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակը, Հայաստանը հայտարարում է, որ հենց այսօր էլ պատրաստ է Նախիջեւանի հետ կնքել համակողմանի համագործակցության պայմանագիր՝ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանը լիակատար անվտանգության եւ կայունության գոտու վերածելու նպատակով»:[8]

Մայիսի 21-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի պատվիրակությունը պետքարտուղար Գենադի Բուրբուլիսի եւ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի գլխավորությամբ: Տեղի են ունենում հինգժամյա դռնփակ բանակցություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Հարությունյանի եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ:

Շուշիի եւ Լաչինի համար կռիվների ընթացքում Անկարայի ուշադրության կենտրոնում Նախիջեւանն էր: Մայիսի 18-ին Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիեւը օգնության խնդրանքով դիմում է Թուրքիային: Մ. Նահանգներում ապաքինվող Թուրքիայի նախագա Թուրգութ Օզալը հայտարարում է, որ Թուրքիայի համբերությունը նույնպես սահման ունի: Մայիսի 25-ին պաշտոնական այցով Մոսկվա է ժամանում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը: Ռուս-թուրքական բարձր մակարդակով բանակցություններում քննարկման առանցքային թեմաներից էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը:

Մայիսի վերջերին ուժգնանում են փոխհրաձգությունները հայ-նախիջեւանյան սահմանի Երասխավան- Սադարակ հատվածում: Հեյդար Ալիեւի հայտարարություններին, թե Հայաստանը Նախիջեւանի նկատմամբ ունի ագրեսիվ մտադրություններ, Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանում է. «Ադրբեջանական կողմը սահմանի այդ հատվածում ռազմական գործողություններ է հրահրում, նպատակ ունենալով արդարացնել երրորդ պետության հնարավոր միջամտությունը տարածաշրջանի հետզհետե ավելի տագնապալից դարձող իրադարձություններին»:[9]

Հունիսի 19-ին՝ ադրբեջանական զինուժի կողմից Շահումյանի գրավումից մի քանի օր անց, Հայաստանում հավատարմագրված մի շարք արտասահմանյան երկրների դեսպանությունների եւ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ հրավիրվում են արտգործնախարարություն, որտեղ նրանք տեղեկացվում են Զանգելանից եւ Օրդուբադից սպառնացող հավանական զինված հարձակման մասին: Նույն օրը երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը հայկական հեռուստատեսությամբ հատուկ հայտարարություն է անում Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Վերջին ժամանակներում Ադրբեջանի առավել արմատական քաղաքական շրջանակները սկսել են իրականացնել Հայաստանի հարավային սահմանների գրավման եւ Հայաստանի ու Իրանի միջեւ ընդհանուր սահմանի վերացման վաղօրոք մշակված ծրագրերը: Ադրբեջանի աննախադեպ ռազմական ակտիվությունը Լեռնային Ղարաբաղում, Մեղրիի սահմաններում կենտրոնացած ուժերը եւ ռազմական միջոցները վկայում են, որ նման ծրագրերը բարձրացվում են պետական քաղաքականության աստիճանի: Մեղրիին սահմանակից Նախիջեւանի Օրդուբադի շրջանի եւ Ադրբեջանի Զանգելանի շրջաններում կենտրոնացված է Ադրբեջանի ռազմական ուժերի առնվազն տասը մոտոհրաձգային վաշտ` համալրված մեծ քանակությամբ հրանոթներով եւ զրահատեխնիկայով, եւ պատրաստ է հարձակում սկսել Հայաստանի վրա», հայտարարում է Տեր-Պետրոսյանը: [10]

Հունիսի 19-ին Տեր-Պետրոսյանը, հաշվի առնելով Հայաստանի հարավային շրջաններում ստեղծված լարված վիճակը, հրամանագիր է ստորագրում Մեղրու եւ Կապանի շրջաններում արտակարգ դրություն մտցնելու եւ պարետային ժամ սահմանելու մասին: Մեղրիի շրջանին սահմանակից Նախիջեւանի Օրդուբադի եւ Ադրբեջանի Զանգելանի շրջաններում ադրբեջանական զինուժի խոշոր կուտակումները ակնհայտ սպառնալիք էին Հայաստանի հարավի համար, որը Իրանին կապվում է մոտ 40 կիլոմետրանոց միջանցքով: Մեղրի է մեկնում Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:

1992 թ. օգոստոսից սկսվում եւ ավելի քան կես տարի շարունակվում են հայ-նախիջեւանյան շփումները սահմանի մեկ հայկական, մեկ՝ նախիջեւանյան հատվածում: Դրան մասնակցել են Հայաստանի եւ նախիջեւանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ՝ զինվորականներ եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, երկաթուղայիններ, էներգետիկներ: Օգոստոսի 20-ին տեղի է ունենում հանդիպում պետնախարար Ռուբեն Չիֆթալարյանի եւ փոխվարչապետ Ալեսքեր Սադըխովի միջեւ, որի ժամանակ ստորագրվում է փաստաթուղթ Հայաստանից Նախիջեւան էլեկտրաէներգիայի հոսքը վերականգնելու մասին:

Սեպտեմբերի 25-ին Արա Սահակյանը եւ Աֆիադդին æալիլովը հանդիպում են Կապանի շրջանի Եղվարդ գյուղի սահմանամերձ հատվածում, իսկ հոկտեմբերի 12-ին, ապա դեկտեմբերի 6-ին՝ Երասխավան-Սադարակ հատվածում: Այս վերջին բանակցություններին, պատվիրակությունների կազմից դուրս, մասնակցում էին նաեւ Աշոտ Մանուչարյանը եւ Հեյդար Ալիեւը:

Մանուչարյանը հիշում է. «Մենք հատուկ հարաբերություններ էինք հաստատել Նախիջեւանի եւ Ալիեւի հետ: Ես չեմ ուզում հանեմ ակնհայտ պրոբլեմը՝ Ալիեւը ներկայացնում էր հակառակորդ կողմը եւ դա իր հետ բերում էր բարդությունների ողջ փունջը: Իմ եւ Ալիեւի երկամյա հարաբերությունների ընթացքում ոչ մեկը մեզանից դիմացինին ոչ խաբել, ոչ էլ հարվածի տակ է դրել: Իմ եւ Ալիեւի միջեւ հեռախոսային ամենօրյա կապ կար, կային նաեւ անձնական հանդիպումներ: Մեր հարաբերությունների մեծ մասը մամուլի համար փակ էր»: [11]

Արա Սահակյանն ասում է, որ 1992 թ., ի պատասխան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական շրջափակման, Երեւանը շրջափակման է ենթարկում Նախիջեւանը՝ փակելով Մեղրիի երկաթգիծը, որով իրականացվում էր հիմնական բեռնափոխադրումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ:

«Հակասություններ առաջացան Իրանի հետ, որովհետեւ մոտ 3000 վագոն բեռ էր կուտակվել Ադրբեջանի տարածքում, ու սա պատրվակ էր օգտագործվում, որ երկաթուղին բացվի: Այդ ժամանակ Մեղրիի պաշտպանության ամենապարզունակ ձեւը հենց երկաթուղու չգործելն էր: Եթե վերաբացվեր երկաթուղին, ապա կարող էր ռազմական նպատակներով օգտագործվել: Իրանցիները բավական կոշտ էին դնում երկաթուղու բացման խնդիրը: Մենք կարողացանք դիմադրել մինչեւ ականապատվեցին համապատասխան վայրերը, մասնավորապես Օրդուբադի շրջանում, եւ ադրբեջանցիները հասկացան, որ այս ճանապարհը փակ է, իսկ իրանցիները ձեռնամուխ եղան Արաքսի աջ ափով զուգահեռ ճանապարհ կառուցելու եւ Նախիջեւանի հետ շփվելու համար», ասում է Սահակյանը:[12]

Մյուս կողմից, Երեւանը բոլոր տեսակի շրջափակումները վերացնելու նախաձեռնություններով դիմում էր Բաքվին եւ Նախիջեւանին, քանի որ շրջափակումներից ամենամեծ տուժողը հենց Հայաստանն էր: «Մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր բոլոր երկաթուղիների հատվածները՝ Իջեւան-Ղազախ, Այրում-Գյումրի, Մեղրի-Նյուվադի, բացել ադրբեջանական եւ ցանկացած տարանցիկ բեռների համար, փոխարենը՝ նույնը պահանջել ադրբեջանցիներից, որպեսզի նրանց երկաթուղիները բացվեն մեզ համար: Նախիջեւանը նոր էր սկսել զգալ էներգետիկ ճգնաժամի հետեւանքները, նրանք պատրաստ չէին դրան եւ շատ զիջող էին գազամատակարարման հարցում: Ժամանակ առ ժամանակ գազը բաց էր թողնվում: Նախիջեւանը երաշխավորում էր, որ գոնե օրական 5 մլն. խորանարդ մետր գազ բաց թողնվեր Հայաստանի համար, որի մի մասը մենք թողնում էինք Նախիջեւանին», հիշում է Սահակյանը:[13]

1992 թ. ամռանը եւ աշնանը, պատերազմի ամենաթեժ շրջանում անգամ, քննարկվել է երկաթուղիների ապաշրջափակման խնդիրը: Այդպիսի երկու հանդիպման մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վահան Շիրխանյանը:

«Մեղրիի շրջանում՝ սահմանապահ 14-րդ ուղեկալում, տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար Նիյազովի հետ: Քննարել ենք Երեւան-Նախիջեւան-Բաքու երկաթգծի վերագործարկման խնդիրը: Բանակցել ենք բավական երկար եւ ստորագրել արձանագրություն, ըստ որի երկու կողմերը պարտավորվում են մեկ ամսում վերագործարկել երկաթգիծը: Բանակցությունների ավարտից հետո մեզ գնդակոծեցին բարձունքից: Հասնելով Մեղրի, կապվեցի Նիյազովի հետ: Նա ներողություն խնդրեց, իբր իրենց կողմից անկառավարելի կազմավորում է եղել, ինքը տեղյակ չէր: Նոր հանդիպում խնդրեց: Ես պատասխանեցի՝ քանի դեռ չեք տիրապետում իրավիճակին ձեր երկրում, ձեզ հետ բանակցելն ավելորդ է: Երկրորդ բանակցությունը կրկին արձանագրության ստորագրումով եղել է Իջեւանում, կրկին Նիյազովի եւ խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահի հետ, բանակցում էինք Իջեւան-Ղազախ երկաթուղու եւ պայթեցված կամուրջի վերականգնման հարցի շուրջ», ասում է Շիրխանյանը: [14]

Եղել է՞ պահ, երբ պաշտոնական Երեւանի կամ հայկական քաղաքական շրջանակների մոտ առաջանար գայթակղություն նոր ճակատ բացել Նախիջեւանում՝ համարելով, որ դա բնիկ հայկական տարածք է, եւ ժամն է Ղարաբաղի հետ այդ հարցն էլ լուծել:

Արա Սահակյան. «Այն ժամանակ այդպիսի հստակ ձեւակերպված քաղաքական պահանջ չկար, բայց կային տրտունջներ մասնավոր, անձնական զրույցներում: Այսօր է դա ներկայացվում քաղաքական մեծ վրիպում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգրավեց Նախիջեւանը, երբ կար հարմար պահ: Ինձ ուրախացնում է Տեր-Պետրոսյանի հասցեին նման քննադատությունը, որովհետեւ դրանից կարելի է գոնե եզրակացնել, որ Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ուղղությունը, տեմպերը որոշում էր Տեր-Պետրոսյանը»: [15]

Աշոտ Մանուչարյան. «Այն բանից հետո, երբ խորհրդային բանակը, սահմանապահները դուրս եկան Նախիջեւանից, եթե որեւէ մեկի մտքով նման բան անցել է, ապա դա արկածախնդրություն է: Թուրքիան, հենվելով գոյություն ունեցող պայմանագրերի եւ չհրապարակված իր մտադրությունների վրա, կարող էր լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի համար՝ իր կործանարար հետեւանքներով: Ես ուզում եմ ասել. պատմական ամեն մի պտույտ հնարավորություն է ընձեռնում կամ չի ընձեռնում լուծել կամ չլուծել առանձին խնդիրներ: Որեւէ կասկած չկա մեր պատմական տարածքների մասին, բայց ամեն հարց ունի իր պահը, ժամը, ձեւը»: [16]

1993 թ. աշնանը, ինչպես իր հուշերում պիտի գրեր այն ժամանակ Հայաստանում Հունաստանի դեսպանը, Թուրքիան լրջորեն մտադրվել է ներխուժել Հայաստան: Սա նույն Թուրքիան էր, որ դրանից մեկ տարի առաջ համաձայնվել էր, որ եվրոպական օգնության ալյուրը Հայաստան հասցվի Կարս-Գյումրի երկաթուղով: Ավելին, քանի որ Հայաստանը ընդամենը մի քանի օրվա հացի պաշար ուներ, իսկ եվրոպական ալյուրի առաքումը կարող էր ուշանալ, Թուրքիան իր ցորենի պաշարներից հատկացրեց, հետագայում դրանք լրացնելով եվրոպականով, որը Հայաստանը պիտի ստանար:

Յուրաքանչյուր պատերազմ ողբերգություն է, բայց ունի նաեւ լուսավոր երես՝ զավեշտալի դեպքեր, մարդկային պատմություններ, հումոր: Աշոտ Մանուչարյանը հիշում է դրանցից մեկը.

«Կարող էր ուշ գիշերային ժամին սկսել փոխհրաձգություն, եւ Ալիեւը ինձ փնտրում, սակայն չի գտնում: Այդ դեպքում զանգեր էին հնչում մեր տուն: Մի անգամ մայրս է վերցնում հեռախոսը, այդ ժամանակ երկաթուղային կապի միջոցով էր, լսում է մի հեռավոր ձայն: Նրան թվում է, որ ընկերներիցս մեկն է զանգում Ռուսաստանից:

- Աշոտին կարելի է՞,- հարցնում է ռուսերեն:

- Աշոտը տանը չէ:

- Իսկ ո՞վ է խոսում:

Մայրս մտածում է որ ընկերներիցս մեկն է.

- Լենան է:

-Բարեւ ձեւ, մորաքույր Լենա, Ալիեւն է խոսում: Այստեղ, սահմանում սկսել է փոխհրաձգություն, անհրաժեշտ է անհապաղ կրակը դադարեցնել: Աշոտին ասեք, որ հայկական կողմից դադարեցնեն:

- Հենց որ գա տուն, կասեմ,- պատասխանում է մայրս:

- Ուրեմն, ես հրաման եմ տալիս, որ մեր կողմից դադարեցնեն հրաձգությունը,- ասում է Նախիջեւանի առաջնորդը:

Ալիեւը, չնայած ուշ ժամին, զանգահարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասում, որ Մանուչարյանին չի գտել եւ մորաքույր Լենայի հետ է պայմանավորվել, որ դադարեցնում են փոխհրաձգությունը: Տեր- Պետրոսյանը պատասխանում է. եթե մորաքույր Լենայի հետ պայմանավորվել եք, էլ ի՞նչ խնդիր, ես հիմա հրաման եմ տալիս դադարեցնել կրակը: Հաջորդ օրը նախագահի ապարատը հռհռում էր»: [17]

Ծանոթագրություններ

1 . Tomas Goltz, "Azerbaijan Diary", page 212-213, M. E. Sharpe, Armonk.New York,London,England
2. Tomas Goltz, "Azerbaijan Diary", page 212-213, M. E. Sharpe, Armonk.New York,London,England
3. Էմմա Բեգիջանյան, «1932 թ. Իրան- Թուրքիա պայմանագրի գաղտնազերծումը հակասում է ԻԻՀ շահերին», «Շրջադարձ» հանդես, թիվ 1, ապրիլ, 2004 թ.
4. Աշոտ Մանուչարյանի հետ հեղինակի զրույցից, 29 հունիս, 2006 թ., Երեւան
5. Գերագույն խորհրդի մամուլի ենտրոն- «Արմենպրես», «Հայաստանի Հանրապետութիւն», թիվ 49, 12 մարտ, 1992 թ.
6. Արա Սահակյանի հետ հեղինակի զրույցից, 21 ապրիլ, 2006 թ., Երեւան
7. Հեղինակի արխիվից
8. Հեղինակի արխիվից
9. «Արմենպրեսի» ժապավենից, 27 մայիս, 1992 թ.
10. Հեղինակի արխիվից
11. Աշոտ Մանուչարյանի հետ հեղինակի զրույցից, 29 հունիս, 2006 թ., Երեւան
12. Արա Սահակյանի հետ հեղինակի զրույցից, 21 ապրիլ, 2006 թ., Երեւան
13. Արա Սահակյանի հետ հեղինակի զրույցից, 21 ապրիլ, 2006 թ., Երեւան
14. Վահան Շիրխանյանի հետ հեղինակի զրույցից, 15 ապրիլ, 2006 թ., Երեւան
15. Արա Սահակյանի հետ հեղինակի զրույցից, 21 ապրիլ, 2006 թ., Երեւան
16. Աշոտ Մանուչարյանի հետ հեղինակի զրույցից, 29 հունիս, 2006 թ., Երեւան
17. Աշոտ Մանուչարյանի հետ հեղինակի զրույցից, 29 հունիս, 2006 թ., Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter