Անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն
Ապրիլի 18-ից 23-ը հանրապետության զինված ուժերի արևելյան օպերացիոն ուղղության զորքերի խմբավորման հետ անցկացվեց բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում հաշվի առնվեցին ինչպես տարածշրջանային ռազմաքաղաքական ներկա վիճակից բխող հավանական զարգացումները, այնպես էլ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Զորավարժության նպատակն էր բարձրացնել օպերացիոն ուղղության զորքերի կառավարման մարմինների, դրանցում ստեղծված աշխատանքային խմբերի, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների ու շտաբների ունակությունները պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման ժամանակ, կատարելագործել նրանց մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման և զորքերի օպերատիվ ծավալման գործնական պատրաստվածությունը:
Զորավարժությունը, որը մեկնարկեց տագնապ ազդականչով և անցավ պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման բոլոր փուլերը, նախորդներից տարբերվում էր մի շարք առանձնահատկություններով: Դրանցից թերևս ամենագլխավորը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր և լուծման նոր ուղիների հստակեցումը:
Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ համաբանակային նշանակության միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև զորքերի բարձր աստիճանների մարտական պատրաստականության բերման, զորահավաքային ռեսուրսով դրանց համալրման և ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված ողջ զինանձնակազմի առջև դրված խնդիրների կատարման հաջորդականությանն ու որակական ցուցանիշներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել