HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Ռուսաստանի նախագահները իմ պատրաստած գավաթից են թեյ խմում»

Նրան ոսկեձեռ վարպետ են կոչում, որովհետեւ նյութը (ոսկի, արծաթ), որով աշխատում է, կարճ ժամանակ անց շնչավորվում է նրա ձեռքերի հպումից, նուրբ ձեւ ու բովանդակություն է ստանում` հետագայում իր ուրույն տեղը զբաղեցնելով հայ բարձրարվեստ ստեղծագործությունների կողքին:

Էջմիածնեցի Արշակ Մանուկյանն է նա. իգդիրցու եւ մշեցու թոռը: Հակառակ ծնողների` որդուն ինժեներ տեսնելու ցանկությանը, Արշակը 3-րդ կուրսից թողնում է պոլիտեխնիկն ու նվիրվում սիրած գործին` հմտանում է թանկարժեք մետաղներից գեղարվեստական իրեր պատրաստելու մեջ:

ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից Արշակը դեռեւս 80-ականներին է արտոնություն ստանում զբաղվել թանկարժեք մետաղների գեղարվեստական մշակմամբ: «Հայաստանից յոթ հոգի ստացան այդ իրավունքը, որոնցից մեկը ես էի»,- ասում է ժողովրդական վարպետը:

Այսօր արդեն ստեղծագործում է հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով: Եկեղեցու հետ համագործակցության սկիզբը դրվում է 88-ին, երբ Վազգեն Ա կաթողիկոսը նրան ոսկյա խաչեր է պատվիրում արցախցի երեխաների մկրտության համար: Պատմում է, որ դրանից հետո սկսել է խաչեր պատրաստել եկեղեցու համար, իսկ 88-ի երկրաշարժին օգնության եկած այլազգիներին, որպես երախտիքի արտահայտություն, Վազգեն կաթողիկոսի կողմից օրհնված հարյուրավոր ոսկյա խաչեր է նվիրել, որոնք հիմա աշխարհի տարբեր երկրներում են:

Հավատարիմ մնալով իր նախորդի ընտրությանը` Գարեգին Առաջինը շարունակում է համագործակցությունը Արշակ Մանուկյանի հետ, ինչի արդյունքում ծնունդ են առնում ոսկյա եւ արծաթյա սկիհները, բուրվառները, ասաներն ու աշտանակները` փորագրված հայոց եկեղեցու պատմության առանձին դրվագներով: «Ավելի հաճույքով ստեղծագործում եմ հոգեւոր թեմաներով, որովհետեւ լավ եմ զգում, երբ ինձ ասում են, թե ես էլ իմ լուման եմ ներդնում հայոց եկեղեցու նորօրյա պատմության մեջ:

Մայրս մի թեթեւ նեղացած էր ինձանից, որ պոլիտեխնիկը կիսատ էի թողել: Ինչքան էլ բացատրում էի, որ դա չէր իմ կոչումը, չէր համոզվում: Մի օր միասին մտանք Մայր Աթոռ. երբ ցույց տվեցի Իջման սեղանին դրված ճրագամանն ու բուրվառները, աչքերը փայլեցին: Իսկ երբ պատմեցի, որ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով Խոր վիրապից բերված լույսը հենց իմ պատրաստած ճրագամանի մեջ է այրվել, ու որի լույսը 40 թեմերի թեմակալները սփռել են աշխարհով մեկ, ներողամտորեն նայեց վրաս ու հուզվեց: «Ես հպարտանում եմ քեզանով»,- ասաց: Մի տեսակ թեթեւացած զգացի, որ կարողացա գոհացնել մորս»,- պատմում է վարպետ Արշակը:

Նրա ստեղծած արծաթե ճրագամաններից մեկն էլ Անթիլիասում է, մյուսը` Երուսաղեմում: «Վատիկանում էլ մի հետաքրքիր աշխատանք ունեմ: Հռոմի Պապին դա շատ է դուր եկել: Ստեղծագործություններ ունեմ նաեւ Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի գանձատանը»:

Վարպետ Արշակի ստեղծագործությունների աշխարհագրությունը տարածվում է Ավստրալիա մայրցամաքից մինչեւ Ամերիկա: «Բայց դա ինձ չի գոհացնում: Հիմա այլ նպատակներ ունեմ: Ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական վերակառուցվող վանքերում ու եկեղեցիներում: Այդ ցանկությանս մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր ստանձնել են քանդվող այդ հուշարձանների վերաշինման աստվածահաճո գործը:

Օրինակ` վերակառուցվում է Կոտայքի մարզի Ակունքի սբ. Կարապետ եկեղեցին. վերակառուցողն ինձ է վստահել եկեղեցու հսկա խաչը, որն արդեն պատրաստ է: Ես եմ պատրաստել նաեւ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի սբ. Սարգիս եկեղեցու արծաթյա սպասքն իր հոգեւոր-կրոնական ատրիբուտիկայով` նորապսակների թագերից սկսած մինչեւ մյուռոնաթափ աղավնին»:

Հոգեւոր թեմաներին չեն զիջում նաեւ աշխարհիկները: Նրա ոսկյա եւ արծաթյա սպասքի պարագաներից օգտվում են մի շարք երկրների առաջին դեմքերը: «Ռուսաստանի առաջին եւ երկրորդ նախագահները իմ պատրաստած արծաթյա գավաթից են թեյ խմում: Ֆրանսիայի նախագահի անձնական հավաքածուում էլ իմ ստեղծագործություններից կան: Այդ փաստից շատ եմ ոգեւորվում. չէ՞որ դա եւս խոսուն վկայություն է մեր` մշակութային ազգ լինելու մասին»,- ասում է վարպետն ու ավելացնում, որ 18 աշխատանք էլ Թուրքմենստանի նախագահական պալատում ունի: Անգամ մի դեպք հիշեց հայ-թուրքմենական տնտեսական փոխգործակցության հետ կապված, երբ ծագած խնդիրը լուծվել է շնորհիվ իր պատրաստած ոսկյա սկահակի:

Ոսկեձեռ վարպետը դժվարացավ մտաբերել բոլոր երկրներում ունեցած գործերը, փոխարենը վստահաբար ասաց, որ Հայաստանից գնացող գրեթե բոլոր պատվիրակությունները` լինեն դրանք կառավարական, թե գործարար, իրեն են վստահում հուշանվերների գործը: Ադամանդակուռ ոսկյա մի գրիչ է պատրաստել Ռուսաստանի զինանշանով ու կենտրոնում` դրոշի գույներով: «Հայ գործարարներից մեկն է պատվիրել ռուս պետական մի պաշտոնյայի համար: Սիրով եմ պատրաստել ու այն հաստատ համոզմամբ, որ այս գրչով են ստորագրվելու մեր ազգի համար նպաստավոր փաստաթղթերը»:

Արշակ Մանուկյանի ստեղծագործական միտքը չի շրջանցել նաեւ ռազմա-հայրենասիրական թեմաները: Նրա «Անկախություն»-ը Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում է, մյուսը` Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի առիթով մարտ ամսին տեղ կգտնի ՀԺԿ գրասենյակի թանգարանային մասում: Իր արվեստով Արշակը վարակել է նաեւ դստերը` Անիին, ով օգնում է հորը պանակեաներ պատրաստելիս` արծնապատելով դրանք: «Ընդօրինակումներ չեմ սիրում: Իմ յուրաքանչյուր ստեղծագործություն երեւակայությանս արդյունք է: Փա~ռք Աստծո, երեւակայության ճգնաժամ չեմ ապրում: Երբ ինձ փորձեցի ֆաբերժեի ոճում ու ստացվեց, գործից հասկացողներն ուրախացան. կարծեցին, թե ինձ կօգտագործեն կրկնօրինակումներում, բայց սխալվեցին: Ես կեղծիքների չեմ գնա, որովհետեւ սուտն ու կեղծիքը աղավաղում են ճշմարիտ արվեստը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter