HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականներն առանձին ազգ են

Անցած դեկտեմբերին Թբիլիսիում հանդիպել էի ադրբեջանցի գործընկերներիս։

Սեմինարի ընդմիջումներին, սուրճ խմելիս խոսում էինք հայերին ու ադրբեջանցիներին հուզող ընդհանուր հարցերից։ Ասացի՝ ադրբեջանական մամուլում կարդացել եմ, որ փախստականների խնդիրը լուծվել է։ «Այո, նրանց համար տներ են կառուցել,-ասաց գործընկերս,-բայց եթե ուզում ես իմանալ, փախստականների խնդիրը մի բան է, որը երբեք չի լուծվում՝ տունը կառուցում ես, աշխատանք է պետք, աշխատանքը տալիս ես, հասարակական կարգավիճակ է պետք… »։

Ես հիշեցի Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղում հանդիպած մի կնոջ, ով չուներ բնակարանային ու սոցիալական սուր խնդիրներ, բայց առանձնանում էր նրանով, որ չէր ընդունել Հայաստանի քաղաքացիություն։

Աշխատավայրից անսպասելիորեն Կրասնովոդսկ ուղեւորվող լաստանավի վրա հայտնված Նինա Կադամյանի, առանց ինչք ու ունեցվածքի Բաքվից Երեւան փախած Սվետլանա Առուստամովայի, հաշված ժամերի ընթացքում ուղղաթիռով Գետաշենից տեղափոխված Սոնա Չիչյանի կամ անտառներով գիշեր ու ցերեկ ոտքով Շահումյանից Ստեփանակերտ, ապա` Երեւան, եւ հետո Վարդենիս հասած Սամվել Մովսիսյանի համեմատությամբ Ջեմարա Վարդանյանի եւ նրա ընտանիքի կյանքի անսպասելի շրջադարձը կարծես թե ավելի սահուն էր եղել։

Վարդանյանների ընտանիքին օգնել էին ադրբեջանցի հարեւանները՝ թաքցնելով նրանց հայերին տեղահանող հրոսակախմբերից։

«Մեր տեղն իմացել էին։ Քարկոծում էին մեր տունը։ Մեր հարեւան ադրբեջանցին մի թուղթ գրեց ու փակցրեց դարպասին՝ իբր էս բակում հայ չի ապրում։ Մենք էնտեղ էինք, բայց ինքը գրեց ու կպցրեց»,- հիշում է Ջեմարա Վարդանյանը։

Այդպես նրանց հաջողվում է տեղափոխվել Հայաստան ու բերել տան ունեցվածքը։ Հետո Ջեմարայի սկեսուրը գնում է Խանլար, գտնում իրենց այժմյան տան ադրբեջանցի տիրոջը։ «Գնաց Խանլար, ադրբեջանցուն ճարեց, էս տունը փոխանակեց, դակումենտները վերցրեց ու եկավ։ Մենք էլ տեղափոխվեցինք էս գյուղը 89 թվի մարտի 2-ին, ոչ խերով-բարով»։

Ջեմարայի ասած «ոչ խերով-բարովը» հիմնականում վերաբերում է հասարակական կարգավիճակին, թեեւ սոցիալական խնդիրներն էլ քիչ չեն։ Ջուրը բերում են 250-300 մետր հեռու գտնվող մի ջրհորից։ Գյուղում խանութ չկա։ Ձյունը գալու հետ գյուղը մեկուսանում է արտաքին աշխարհից։ «Գնում ենք շրջկենտրոն, որ լուցկի բերենք, ծխախոտ բերենք, պեսոկ բերենք։ Առավոտը ժամը տասին դուրս ենք գալիս, պայմանավորվում ենք, մի քանի հոգի հավաքվում, որ գնանք»,- ասում է տիկին Ջեմարան եւ ավելացնում, որ, բացի այդ դժվարություններից, լուրջ խնդիր է նաեւ գայլերի առկայությունը։ «Ոչ ոք չի մտածում դրա մասին, ժողովրդին էլ թույլ չեն տալիս հրացան պահել»։

Գյուղը բուժկետ չունի։ Ջաղացաձորը սպասարկում է հարեւան Շատվանի բուժկետը։ Ձմռան ամիսներին ձյան ու գայլերի, իսկ ամռանը գայլերի ու անանցանելի ճանապարհների պատճառով անհրաժեշտ բուժօգնությունը դառնում է անմատչելի։ Տիկին Ջեմարան պատմում է, որ Շատվանի բժշկուհին մի անգամ հազիվ է փրկվել գայլերի բաժին դառնալուց։

Բժշկուհի Զոյա Հովհաննիսյանը հաստատում է նրա պատմածը. «Հա, ճիշտ ա։ Ոտքով գնում էի էդ գյուղը, դեմս գայլեր դուրս եկան։ Թե ոնց եմ փախել ու ինձ գցել տուն, չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ մի քանի օր ջերմությունս քառասունից չէր իջնում, վախից էր երեւի»։

Այդ դեպքից հետո բժշկուհին, եթե մեքենա չի լինում, ոտքով չի գնում, ասում է, որ կամ մեքենա ուղարկեն, կամ իրենք գան։ «Օրինակ` էս հունվարին մի հատ ծննդաբերություն ա եղել, տաքսի են կանչել, իրանք մի կերպ հասցրել են մեր տուն։ Շատ վախտ ոտով են իրանք գալի։ Կարող ա էնպես լինի, որ գյուղից մի չորս-հինգ տղամարդ հավաքվեն-գան ինձ տանելու, որ ապահով լինի։ Կամ ինձ են տանում, կամ հիվանդին են բերում։ Նայած ինչ տեսակ հիվանդություն ա»։

Այս ամենը գումարվելով` պատճառ է դարձել, որպեսզի Ջեմարա Վարդանյանի ընտանիքը հրաժարվի ընդունել Հայաստանի քաղաքացիություն։ Եւ չնայած քաղաքացիություն չունենալուն, երբ Խանլարում ծնված նրանց որդին դարձել է 18 տարեկան, ընտանիքով որոշել են, որ դիմում գրեն զինկոմի անունով, ու տղան զորակոչվի բանակ։ «Ամուսինս մտածեց՝ տղա ա, ինչի պետք ա հետ ընկնի ծառայությունից, թող գնա ու ծառայի»,- ասում է Ջեմարա Վարդանյանը։

Քաղաքացիություն չընդունելը մի տեսակ ընդվզում է կեղծիքի դեմ։ «Քաղաքացի ես, թե քաղաքացի չես, էս րոպեիս ո՞վ ա քեզ համար մտածում։ Ոչ ոք։ Ոչ մեկը չի մտածում»,- ասում է տիկին Ջեմարան ու բողոքում, որ տեղացիների ու փախստականների մեջ խտրականություն կա։ Ըստ նրա՝ փախստականները երկրորդ կարգի, ձայնազուրկ մարդիկ են, թեեւ արդեն տասնյոթ տարի այստեղ են ապրում։

«Մի հատ դուրս գամ, դրսում խոսամ, կասեն հեսա՝ գյալմաները։ Մեզ գյալմա են ասում ստեղ։ Հա, մեզ ասում են՝ գյալմա։ Գյալմա թուրքերեն բառ ա, նշանակում ա «մի արի»։ Թե ինչի են մեզ հիմի էդ բառն ասում, ես չգիտեմ` ինչի համար։ Շատ եմ պայքարել էդ բառը չլսելու համար, բայց չեմ կարա մարդկանց գիտակցությանը հասցնեմ, որ դա անընդունելի բառ ա»։

Տիկին Ջեմարան պատմում է, որ 89 թվականին, Ջաղացաձորում դեռ նոր տեղավորված, Խանլարից մի նամակ է ստացել. «Գրել էր մեր հարեւան ադրբեջանցին, թե ամեն ինչ խաղաղ ա, լավ ա, վնաս չեն տա, եկեք ձեր տուն։ Մենք էս եկածների հետ չենք կարում յոլա գնանք»։

Հիմա դժվար չէ կռահել, թե հասարակական ինչ կարգավիճակի մասին էր խոսում ադրբեջանցի գործընկերս, եւ դժվար չէ հասկանալ, որ փախստականներն առանձին ազգ են՝ մերժված բոլոր ազգերի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter