HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել

2003թ.-ից ՀՀ կառավարությունը մանկատան շրջանավարտներին ապահովում է բնակարաններով:

Սակայն բազմաթիվ շրջանավարտների բաժին են ընկել այնպիսի բնակարաններ, որտեղ անհնար է ապրել: Ոմանք ճարահատյալ են ապրում այդ կացարաններում, ոմանք հրաժարվում են, ոմանք էլ առաջին իսկ օրերից ստիպված են լքել բնակարանները եւ շարունակել ապաստան փնտրել ուրիշ վայրերում: Իսկ պետությունն այդ բնակարանների ձեռք բերման համար ծախսել եւ շարունակում է ծախսել բավականին մեծ գումարներ: Այս տարի 50 հոգու համար բնակարան եւ գույք ձեռք բերելու նպատակով նախատեսված է ծախսել 379 մլն դրամ:

2003թ.-ից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է 18 տարին մանկատանը լրացած երեխաների համար ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաեւ տրամադրել կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական եւ այլ բնույթի աջակցություն:

Ծրագրում ընդգրկված են ոչ միայն յուրաքանչյուր ընթացիկ տարվա, այլեւ 1990-ական թվականների շրջանավարտները, որոնցից շատերն այդ տարիներին հայտնվեցին փողոցում: «Հայ օգնության միության» ծրագրի կոորդինատոր, «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանն ասում է, որ 1990-ականների շրջանավարտներից մոտ 40-50 հոգու մասին ոչ մի տեղեկություն չկա:

Բնակարան եւ գույք շրջանավարտներին տրվում է 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով, որից հետո միայն նրանք իրավունք ունեն մասնավորեցնել բնակարանները:

2003 թվականից ի վեր մոտ 100 շրջանավարտ արդեն ստացել է բնակարան եւ գույք` կահույք եւ տեխնիկա: Ամեն տարի ծրագրի շրջանակներում մոտ 40-50 հոգի ստանում է բնակարան, թեպետ մանկատների շրջանավարտների թիվն ամեն տարի մոտավորապես 30 է: Խնդիրն այն է, որ դեռեւս 1990-ական թվականներից կան շրջանավարտներ, ովքեր արդեն 10 տարի սպասում են իրենց հերթին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հավաստմամբ` պետությունը նրանց առջեւ իր պարտքը կմարի մինչեւ 2009թ.-ը:

Որպեսզի մանկատան շրջանավարտն իրավունք ունենա օգտվել այս ծրագրի հնարավորություններից, նա պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Նախ` պահանջվում է, որ շրջանավարտը 7-8 տարի ապրած լինի մանկատանը, չունենա սեփականություն իր անունով, եւ նրա 18 տարին պետք է լրացած լինի մանկատանը:

Բացի բնակարաններով ապահովելուց, ծրագիրը նախատեսում է նաեւ կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական աջակցության ձեւեր: Այդ հարցերով 2003-2005թթ.-ի ընթացքում զբաղվել է «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպությունը: 2006 թվականից ծրագրի այդ մասն իրականացնում է «Հայ օգնության միությունը», որի խնդիրն է նաեւ հայտնաբերել, ցուցակագրել շրջանավարտներին, ինչպես նաեւ նրանցից յուրաքանչյուրի համար կազմել անհատական ծրագիր` հաշվի առնելով շրջանավարտի բնութագիրը եւ կարիքները:

Բնակարաններ, որտեղ անհնար է ապրելը

Իգոր Կամեշկոն 29 տարեկան է: «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2005թ. բնակարան է ստացել Չարենցավանի 6-րդ թաղամասում: Նրա բնակարանը 9 հարկանի շենքի վերջին հարկում է, սակայն նա ոչ մի օր այնտեղ չի ապրել, քանի որ անձրեւաջրերը տանիքից լցվել են նրա տուն եւ վնասել առաստաղը, պատերը եւ հատակը:

Իգորը բնակարանը ստացել է ամռանը եւ չէր կարող պատկերացնել, որ տան տանիքի մաշված լինելու պատճառով անձրեւաջրերը լցվելու են տուն: Հիմա Իգորն ապրում է ընկերոջ տանը, չի աշխատում: Ի տարբերություն շատ ուրիշ շրջանավարտների, նրա բնակարանը լուսավոր է եւ հարմար, սակայն նա բավարար գումար չունի այն վերանորոգելու համար եւ կարծում է, որ իմաստ էլ չունի, քանի որ նույն պատմությունը կրկնվելու է նոր անձրեւների ժամանակ:

«Ես գումար չունեմ, որպեսզի վերանորոգեմ շենքի ամբողջ տանիքը: Չարենցավանում շատ լուրջ է աշխատանքի խնդիրը, ես էլ չեմ կարող ամեն օր 400-500 դրամ ծախսել, որ Երեւան աշխատանքի գնամ: Երեւանում էլ չեմ կարող այնպիսի գործ գտնել, որ գոնե ճանապարհածախսի գումարի հարցը լուծեմ»,- ասում է Իգոր Կամեշկոն:

Նույն հարկի հարեւանների բնակարանները նույն վիճակում են: Նրանք ասում են, որ արդեն մի քանի տարի է հին տանիքի պատճառով անձրեւաջրերը եւ ձյունը լցվում են իրենց տները: Գնորդները, եթե, իհարկե, նրանց հետաքրքրեր, կարող էին նախօրոք տեղեկանալ, որ շենքի վերջին հարկը նման թերություն ունի, եւ որ բնակարան ստացողը չի կարող այն իր ուժերով վերանորոգել : «2003-2005թթ.-ի ընթացքում բնակարանը ձեռք է բերվել 1100 ԱՄՆ դոլարով»,- ասաց Իգորը: Դա հաստատեցին հարեւանները, որոնք լավ էին ճանաչում բնակարանի նախկին տիրոջը:

24-ամյա Մհեր Շաքարյանը 8 տարեկանից ապրել է «Զատիկ» մանկատանը: Բնակարան Մհերին հատկացրել են 2005 թվականին Մասիսում: Մհերն ամուսնացած է եւ ուզում է երեխաներ ունենալ, բայց չի կարող ապրելի մի տանը, որտեղ միակ մեծ սենյակում, որը եւ՛ ննջասենյակ է, եւ՛ հյուրասենյակ, չկան լուսամուտներ: Ջուր եւ լոգարան նույնպես չկա: Մհերին ասել են, որ տան դիմացի փոքրիկ հողամասն իրենն է, բայց հարեւանը հակառակն է պնդում:

Մհերը նախկին տիրոջից իմացել է, որ տունը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով: Նա հիմա կտրականապես հրաժարվում է ստորագրել սենյակն ընդունելու պայմանագիրը:

«Ես չեմ ասում, որ շքեղ տուն եմ ուզում, համաձայն եմ ապրել Մասիսում, այստեղ գոնե կկարողանամ բանվորի աշխատանք գտնել: Բայց գոնե տունս լուսամուտ ունենա»,- ասում է Մհեր Շաքարյանը:

Հիմա Մհերը մոր, քրոջ եւ կնոջ հետ արդեն վեց տարի ապրում է Մասիսի լքված թռչնաֆաբրիկայի պահակի տնակում: Ֆաբրիկայի տերը ժամանակավորապես թույլ է տվել ապրել այնտեղ: Մհերը երրորդ կարգի թոշակառու է, սրտի արատ ունի եւ ձեռքի լուրջ վնասվածք, որը ստացել է ավտովթարից:

20-ամյա Փունջիկ Բրուտյանի բնակարանը գտնվում է Աբովյանի Չափիչի գործարանի հանրակացարանում: Տունը ստացել է 2006 թվականին: «Սոցապ նախարարությունում տվեցին բանալին, հասցեն ու ասացին, որ ինքս գնամ գտնեմ: Հազիվ եմ էդ չոլում տունս գտել: Ինձ ասացին, որ հետո կգան տեսնեն, թե ոնց եմ տեղավորվել, բայց մինչեւ հիմա գալիս են»,- ասում է Փունջիկ Բրուտյանը:

Նա չի դժգոհում իր բնակարանի պայմաններից: Միակ խնդիրն այն է, որ այն գտնվում է քաղաքի ծայրամասում, որտեղ ոչ մի աշխատանք չկա: 3 տարեկանից ապրելով Գավառի մանկատանը` նա կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, սովորել է գորգ գործել, բայց հիմա տեսողության խնդիր ունի եւ չի կարող աշխատել Աբովյանում գործող գորգի գործարանում: Փունջիկի տվյալներով` իրեն տրված բնակարանը պատկանել է թաղամասի փոստատարին, որն այն վաճառել է 7.500 ԱՄՆ դոլարով:

Սյուզաննա Մաշկովիչան ամուսնու եւ երեք մանկահասակ երեխաների հետ ապրում է Էրեբունի- Մասիվի (վարորդների) հանրակացարանում:

«Ես գոհ եմ այնքանով, որ չորս պատ ունեմ եւ երեխաներիս տանիքի տակ եմ մեծացնում, բայց տունը ստանալուց հետո բազմաթիվ պրոբլեմներ են ավելացել, որոնք ես չեմ կարող ինքնուրույն լուծել: Տալիս են ու ասում, որ մնացածը մենք անենք, բայց ես չեմ կարող ամբողջ հանրակացարանի տանիքը վերանորոգել, որ տունս անձրեւաջուր չլցվի»,- ասում է Սյուզաննա Մաշկովիչան:

Սյուզաննայի բնակարանն անմիջապես տանիքի տակ է, եւ անձրեւաջրերի կուտակման ժամանակ խոնավությունը թափանցում է տուն: Ամռանը, երբ նա ստացավ այդ բնակարանը, նման բան դժվար էր կանխագուշակել, բայց հիմա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նրան պատասխանում են, որ դա արդեն իրենց պրոբլեմը չէ:

Բացի խոնավությունից, տան հետ նա ստացել է նաեւ նախկին բնակչի կուտակած ջրի պարտքերը, որը նա չի կարողանում մարել:

Աֆրիկյան Խաչատուրի բնակարանը գտնվում է Երեւանի 16-րդ թաղամասում: Ինը հարկանի շենքի մուտքի հարկը, որն ըստ նախագծի բնակելի տարածք չէ (սովորաբար շենքերի այս մասում տեղակայվում են խանութները, գեղեցկության սրահները, ինտերնետային ակումբները, պահեստները եւ այլն) հարմարեցվել է 7 բնակարանների համար: Այդ յոթ բնակարանների եւ ինը հարկերի միջեւ կա մի միջանցիկ տարածք, որտեղ տեղակայված է ամբողջ շենքի կոյուղու համակարգը: Հին եւ մաշված լինելու պատճառով ամեն ձմեռ սանհանգույցի խողովակները պայթում են, եւ ամբողջ պարունակությունը լցվում է մանկատների շրջանավարտների համար հարմարեցված այդ 7 բնակարանները: Վթարները կրկնվում են ամեն տարի:

«Փառք Աստծո, փողոցում չեմ, բայց տունն էլ տան նման չի: Չհաշված վթարները` տան մեջ չկա օդափոխության համակարգ, գետինը բետոնից է, ջրի խողովակները` պլաստմասե, չեմ կարող նույնիսկ տաքացնել, որ սառույցը հալվի, ջուր ունենամ, պատուհանները միափեղկ են,- ասում է Խաչատուր Աֆրիկյանը,- երբ էլ գնում եմ Սոցապնախարարություն, պահակները, իմանալով, որ մանկատան շրջանավարտ եմ, միանգամից ասում են, որ տկն Լալա Ղազարյանը հանձնարարել է մանկատան ոչ մի շրջանավարտի իր մոտ չթողնել: Ես անձամբ լսել եմ այս պատասխանը մի քանի անգամ»:

Աբրահամյան Արթուրի քանդված բնակարանը նույնպես գտնվում է 16-րդ թաղամասի ինը հարկանի շենքի տակ` մուտքի հարկում: Նրա բնակարանի վերեւում տեղակայված է ամբողջ շենքի կոյուղու համակարգը եւ հերթական վթարից հետո, որը տեղի է ունեցել 2003 թվականի ձմռանը` բնակարանը ստանալուց մի քանի ամիս հետո, խողովակների ամբողջ պարունակությունը լցվել է նրա տուն:

Հարեւաններն ասացին, որ Արթուրը բնակության կոնկրետ վայր չունի եւ գիշերներն անցկացնում է ընկերների տանը:

Գրիգոր Հակոբյանը վերը նշված յոթ շահառուներից մեկն է: Ծրագրով ստացած տանը նա ապրում է մոր եւ երկու քույրերի հետ, որոնք նույնպես մեծացել են մանկատներում: Ամեն ձմեռ նրանք դիմավորում են հերթական վթարին դիմակայելու մտահոգություններով:

«Բնակարանը ստացել եմ 2003 թվականի ամռանը, կոսմետիկ նորոգում են եւ գործը համարում ավարտված: Բնակարանի իրական տեսքը երեւում է մի քանի ամիս հետո: Ես նույնիսկ չեմ կարող ինքս որեւէ բան նորոգել, որովհետեւ կրկնվելու է: Տունը խոնավ է, եւ չկա օդափոխության համակարգ»,- ասում է Գրիգոր Հակոբյանը:

Գրիգորի տան պատերի եւ առաստաղի վրայով, չգիտես ինչու, տարբեր հաստության խողովակներ են անցնում, որոնք ոչ միայն սառեցնում են բնակարանը, այլեւ պարզ չէ, թե ինչ նպատակի են ծառայում:

Բնակարաններ ձեռք բերելու համար յուրաքանչյուր տարվա սկզբին ՀՀ պետական գնումների գործակալությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատ ձեռներեցներ, այնպես էլ կազմակերպություններ: Երեք տարի անընդմեջ բյուջեից հատկացված գումարներով, առանց մրցույթներում շահելու, մանկատան շրջանավարտների համար այս բնակարանները ձեռք է բերում «Սոկոլ գրուպ» ընկերությունը, որն առավել հայտնի է բենզինի ներկրմամբ:

Ինչու՞ հենց «Սոկոլ գրուպ»-ը:

Մեկնաբանություններ (1)

meri
.mi ban miayn kasem tox voch voq glux chgovi.ayo cnoxner@ inch inch patjarnerov irenc erexanerin tanum en mankatun chmtacelov irenc masin mtacum en vor gone inchvor chapov irenc erexaner@ apahovac klinen.baic inche anum petutyun@ erexanerin pahum en taniki tak,xnamum nranc ev mi vorosh jamanak heto baxti qmahajuykin toxnum,inchov e tarbervum karavarutyunum ashxatox@ ayn cnoxic vor@ ir erexayin srti cavov mankatun e handznel.grete mi banov vor cnox@ mtacele erexayi barekecik kianki masin isk verum nstac xavi mardiq dzevakanoren xnamel en nranc vorovhetev da e irenc ashxatanki bnuyt@ ev heto drsum toxel ayd anotevan cnoxi xnamqic zurk erexanerin.kga jamanak erb nranc isk erexaner@ karjananan nuyn baxtin ev hisheq nuyn@ dzer isk erexaneri hete texi unenalu.misht nuyn atorin cheq mnalu mi or et atori votq@ kkotrvi.es voch mi erexayi chem kamenum vat@ baic cnoxneri arac sxalneri hamar mishtel erexanern en patasxan talis

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter