Ոստիկանությունը բացահայտել է. «Հորը սպանել է որդին»
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 28-ին՝ ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ՝ Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա:
Նույն օրը՝ ժամը 02.05-ին՝ հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին, պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը՝ գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վ. Գրիգորյանի որդին՝ 23-ամյա Սիփան Գրիգորյանը:
Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ին, տան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 01.00-ին, Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետևի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ՝ Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մաս և հրկիզել այն:
Հանցագործության գործիք կացինն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել