
Ջավախքում սկսել է գործել հայկական լրատվամիջոց
Մարտի 5-ից Ջավախքում սկսել է գործել «Ջավախք նյուզ»-ի (www.jnews.ge) հայերեն տարբերակը: Լրատվական կենտրոնը հայտնումէ , որ երեք ամիս տևած փորձնական և նախապատրաստական աշխատանքներից հետո «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը թողարկեց մեսրոպատառ լրատվամիջոց Ջավախքում:
«Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը ստեղծվեց անցյալ տարի փետրվար ամսին: Հիմնադիրները ջավախքցի լրագրողներն են: Կազմակերպության ստեղծման առաջնային նպատակներից էր Ջավախքն առանց լրատվամիջոցի չթողնել: Հիմնական միտքն էր՝ ունենալ հայալեզու և վրացալեզու լրատվամիջոց: Սակայն սկզբի համար ստացվեց հայալեզու և ռուսալեզու, քանի որ ռուսալեզու տարբերակը ապահովում են հենց խմբագրության աշխատակիցները, իսկ վրացերեն լեզվի համար հարկավոր է աշխատավարձով թարգմանիչ: Սակայն լրատվամիջոցի ապագա ծրագրերի մեջ է մտնում նաև վրացերեն տարբերակի գործարկումը:
Ջավախքի լրատվական կենտրոնը՝ jnews.ge-ն ստեղծվեց ամերիկական NED (Ազգային աջակցություն ժողովրդավարությանը) հիմնադրամի և չեխական NESEHNUTI կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:
«Ջավախք նյուզ»-ը քաղաքական-հասարակական մի լրատվամիջոց է, որը ճշգրիտ և համաչափ ինֆորմացիա է տարածում Ջավախքից ինչպես ջավախցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: «Ջավախք նյուզ»-ի առաքելություններից է Վրաստանին տեղեկացնել Ջավախքում տիրող իրականության մասին:
«Ջավախք նյուզ»-ի խմբագրությունըհինգ աշխատակից ունի՝ խմբագիր, մենեջեր և երեք լրագրող, ինչպես նաև մեկ թղթակից Նինոծմինդայում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել