HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Խրիմյան Հայրիկի տպագրական մեքենան

Աննա Բաբաջանյան

Երևանի պատմության թանգարանում վերջին հանգրվանը գտած մի ցուցանմուշ, որը,  չնայած  իր խոշոր չափերին, ճամփորդել է տարածության, ժամանակների միջով և  հասել է  մինչև մեր օրերը, այսօր իրավամբ համարվում է  հայ տպագրության գործի նախակարապետներից մեկը` վկայելով այն մասին, որ հայ ժողովրդի առանձին հատվածներ, որտեղ էլ որ կեցություն են հաստատել, չեն հեռացել իրենց մշակույթից, գիր ու գրականությունից: Այդ նպատակի համար ներդրել են հսկայական ջանքեր՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ: Խոսքն այն տպագրական մեքենայի մասին է, որին վիճակված էր կտրել երկար թափառումների ճանապարհ, մինչև կհասներ Երևան: 

Վենետիկ, Տրիեստ, Վիեննա, Կ.Պոլիս. ահա այն կենտրոնները, որտեղ  ծաղկել է հայ տպագրության գործը:   Հայ գրքի, նաև այլալեզու գրականության տպագրության  գործում մեծ դեր են խաղացել հատկապես Վենետիկի Մխիթարյանները: 18-րդ դարում միաբանների մի խումբ տեղափոխվում է Տրիեստ, ապա 1810-ին ստիպված է լինում անցնել Վիեննա:  Այստեղ Վիեննայի Մխիթարյանները տասը տարում  տպագրության գործը այնպես են  զարգացնում, որ ավստրիական կառավարությունը  այն հանձնում է հենց նրանց:

Նույնիսկ պատահեց այնպես, որ քաղաքի մյուս տպարանների տերերը, տուժելով այս մրցակցությունից, 1848-ին տեղական լրագրերում հոդվածներ տպագրեցին «արևելցի, օտարական, մորուքավոր կրոնավորներ»-ի դեմ:  Նրանք կազմակերպեցին մի ցույց, հրահրեցին ամբոխին, իսկ վերջինս էլ  գիշերը հարձակվեց ու քարկոծեց տպարանի շենքը, մինչև որ վրա հասած ոստիկանությանը հաջողվեց ցրել ամբոխին: Միայն մեծ ջանքերի գնով շաբաթներ անց տպարանը կրկին վերաբացվեց:  Տպարանը տպագրում էր շուրջ 50 լեզվով գրականություն, այդ թվում` չինարեն, ճապոներեն, հնդկերեն  եւ այլն: Գրքերից բացի` տպագրվում էին  նաև  հունգարական թղթադրամներ:

Այդ նույն շրջանում Մկրտիչ Ա Խրիմյանը `Խրիմյան Հայրիկը, որ 1855-56 թթ. Կ.Պոլսում  խմբագրել և հրատարակել էր  «Արծիվ Վասպուրականի»  ամսագիրը, հայրենի Վան քաղաքում  հիմնեց մի համեստ տպարան և  շարունակեց ամսագրի հրատարակությունը: Մշակութային  օջախը վերազինելու նպատակով էլ նա ձեռնարկեց կարևորագույն մի առաքելություն` այն է` Վիեննայից ձեռք բերել  տառաձուլական և տպագրական մեքենաներ ու տեղափոխել Վան: Նախաձեռնությունը դժվարությամբ  իրականություն դարձավ, իսկ ավելի ուշ տպագարական այս մեքենաները տեղափոխվեցին Երևան: Հենց այս մեքենայով էլ 1913 թ.  տպագրվել է «Խօսք» թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ:  Թերթի 19-րդ համարը լույս տեսնելուց հետո  խմբագրին մեղադրեցին հակակառավարական  գործունեության մեջ և ձերբակալեցին: Սակայն հայկական մամուլի կայացման ու զարգացման ընթացքն այլևս անկասելի էր, և դրան մեծապես պիտի նպաստեր Խրիմյան Հայրիկի բերած հաստոցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter