Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը վերընտրվել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության 5-րդ համագումարը:
«Ազատ հայրենիք» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ համագումարը, որին ներկա էին պատվիրակներ Արցախի բոլոր շրջաններից ու Ստեփանակերտից, նախագահում էր ԱՀԿ Կենտրոնական գրասենյակի տնօրեն, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը։
Օրակարգի համաձայն՝ «Ազատ հայրենիք» կուսակցության և կառավարության 2007-2014 թթ. գործունեության, առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով, շնորհավորելով համագումարի պատվիրակներին կուսակցության հիմնադրման տասնամյակի առթիվ, միաժամանակ ներկայացրել է «Ազատ հայրենիք» -ի դիրքորոշումն ընթացիկ տարվա մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Համաձայն անցած 8 տարիներին իրականացված աշխատանքների վերաբերյալ կուսակցության ղեկավարի ու երկրի վարչապետի ներկայացրած հաշվետվության, նշված ժամանակահատվածում կայուն տեմպերով առաջընթաց է արձանագրվել Արցախի տնտեսության բոլոր բնագավառներում, ինչի արդյունքում նշանակալիորեն աճել են հանրապետության բնակչության թիվը և բարեկեցության մակարդակը։ Նա շեշտադրել է, որ «Ազատ հայրենիքը», որպես քաղաքական պատասխանատվություն ստանձնած կուսակցություն, իր ներդրումն ունի գրանցված հաջողությունների գործում:
Խոսելով առկա խնդիրների և դրանց լուծման մոտեցումների մասին՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է որոշ դիտարկումներ առանձին ոլորտների վերաբերյալ: Այնուհետև նա հավելել է՝ «բնականաբար, յուրաքանչյուր ոլորտում խնդիրների լուծման գործիքակազմը կարող է տարբեր լինել, սակայն կան ընդհանուր մեխանիզմներ և սկզբունքներ, որոնք բխում են ընտրված կառավարման կարգից: Ուստի, կարծում եմ՝ հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեվորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»:
Անդրադառնալով մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, լինելով հանրապետության առաջատար քաղաքական ուժը, ամենայն պատասխանատվությամբ քայլում է դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ:
«Մենք առաջ ենք գնում այն համոզմամբ, որ հայրենիքն ազատ պետք է լինի ոչ միայն արտաքնապես՝ հակառակորդի ոտնձգություններից, այլ նաև՝ ներքին առումով՝ սոցիալական լարումներից, աղքատությունից, ոչ ցանկալի արդյունավետությամբ կառավարումից, առողջապահական համակարգի հանդեպ անվստահությունից, ոչ ցանկալի մակարդակի կրթությունից և այն բոլոր խնդիրներից, որոնք կցանկանայինք չտեսնել Արցախ աշխարհում»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ ակնկալում է քաղաքակիրթ, մրցակցային և արժանապատիվ պայքար ընտրական գործընթացներում՝ միաժամանակ կոչ անելով բոլորին լծվել հայրենիքը խնդիրներից ազատելու սուրբ գործին, որի ճանապարհին ցանկացած կուսակցություն և ընտրություն միայն միջոցներ են:
Ելույթի ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է նաև ծրագրային դրույթներից՝ առաջիկա տարիների համար առանձնացնելով հետևյալ նպատակները՝
1. Տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանում:
2. Հանրապետությունում ստեղծվող արդյունքի վերաբաշխում՝ սոցիալական պետության սկզբունքներին համապատասխան:
3. Հասարակական կարգի և սահմանների անվտանգության մակարդակի բարձրացում:
4. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում՝ ինստիտուտների ամրապնդման, կադրերի որակավորման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ճանապարհով:
5. Կրթական և գիտական համակարգի մակարդակի բարելավում՝ ազգային արժեհամակարգի, նորարարության և կիրառականության հիմքերի վրա:
6. Ժողովրդագրական աճի բարձր ցուցանիշների պահպանում:
7. Ապագա սերունդների բարեկեցության համար անհրաժեշտ պայմանների երաշխավորում:
8. Արցախի Հանրապետության միջազգային սուբյեկտայնության բարձրացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորմանն աջակցության ցուցաբերում:
ԱՀԿ 5-րդ Համագումարը դրական է գնահատել կուսակցության նախագահի զեկույցը 2007-2014 թթ. իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Այնուհետև համագումարի մասնակիցներին է ներկայացվել ԱՀ կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ մարմնի հաշվետվությունը, որից հետո կայացել է կուսակցության, ղեկավար մարմինների՝ նախագահի, Խորհրդի անդամների և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրություն։
Նշենք, որ համագումարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանի ելույթի ամբողջական տեքստը՝ կից ֆայլով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել