HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեզ շրջանցող երկաթգիծը

Սառնասրտությունը քաղաքական գործչի, հատկապես դիվանագետի լավագույն հատկանիշներից է։
Երկրի ապագայի համար պատասխանատու մարդը չի կարող ամեն բանից գլուխը կորցնել, խուճապի մատնվել եւ դրա հետեւանքով թույլ տալ սխալներ, որոնք կարող են անուղղելի լինել։ Սա, իհարկե, վերաբերում է առանձին, անսպասելի իրավիճակներին, երբ հակառակորդն, ասենք, հանկարծակի ի հայտ է բերում այնպիսի փաստարկներ, որոնք անտեսելը, քամահրելն ու արհամարհելը կարող է ճկուն դիվանագիտական խաղ դիտվել։

Բայց երբ քաղաքական գործիչը, հատկապես դիվանագետը, այդ հատկանիշն է դրսեւորում մի հարցում, որի սկիզբը, ընթացքն ու ավարտն իր աչքի առջեւ է եղել, սառնասրտությունը դառնում է ցինիզմ, իսկ ցինիզմը, հայտնի է, երկրի ապագայի համար պատասխանատու մարդու լավագույն հատկանիշը չէ։

Փետրվարի 7-ին' նույն օրը, երբ Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները ստորագրում էին «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» (ԿԱԹԲ) երկաթգծի շինարարության համաձայնագիրը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասում էր, թե շրջանցող երկաթգիծը տնտեսական առումով չի վնասի Հայաստանին, իսկ քաղաքական տեսակետից տարածաշրջանային այդ ձեռնարկը որակում էր անհեռանկար։

«Մենք պնդում ենք դա, եւ դրա վառ ապացույցն այն փաստն է, որ ո՛չ ԵԽ-ն, ո՛չ Միացյալ նահանգները չեն աջակցում ծրագրի իրականացմանը»,- ասում էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Օսկանյանն իր խոսքում փորձում էր գտնել մեր հարեւանների կողմից Հայաստանը շրջանցող երկաթուղի կառուցելու պատճառները, բայց նրա հռետորական հարցերը մնում էին օդում, որովհետեւ հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է հասկացած լիներ, որ հարեւան երկրներն առաջնորդվում են բացառապես իրենց տնտեսական ու քաղաքական շահերով եւ չեն սպասի, թե Հայաստանը երբ կբարելավի հարաբերությունները հարեւանների հետ։
Օսկանյանն ասում էր, որ մեր երկիրը ձեռք է մեկնել Թուրքիային, թե առաջարկել է առանց նախապայմանների հաստատել բարեկամական հարաբերություններ՝ մոռանալով, որ անցած տարի մի քանի օր շարունակ հայկական հեռուստաընկերությունները շեփորում էին մեր դիվանագիտության հաղթանակը։ Իսկ այդ հաղթանակը հեռու էր ոչ միայն այս տարածաշրջանից, որտեղ մեր հարեւանները փորձում են մեզ շրջանցել, այլեւ, ըստ էության, գրոշի արժեք չուներ շրջանցման հեղինակների համար։ Բուշը ստորագրել էր մի փաստաթուղթ, որն ամերիկյան բանկերին արգելում էր ֆինանսավորել ԿԱԹԲ երկաթգծի շինարարության ծրագիրը։

Հունվարի 29-ին, երբ արդեն պարզ էր, որ Հայաստանի երեք հարեւանները ստորագրելու են երկաթգիծ կառուցելու համաձայնագիրը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը նորից հիշեցրեց, որ ԱՄՆ-ի՝ ԿԱԹԲ նախագծի ֆինանսավորման մերժումը պաշտոնական Երեւանի հետեւողական քայլերի հետեւանքն է։ Սա, անշուշտ, կարող էր համոզել շարքային հեռուստադիտողին, ով գիտե, որ Հայաստանում առանց դրսի, հատկապես Ամերիկայի փողերի ոչինչ չի կատարվում, իսկ իրականում աշխարհում շատ բան կարող է տեղի ունենալ առանց կանաչ թղթադրամի, ինչն էլ խոսնակի ելույթից մի քանի օր առաջ հաստատել էր Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին։

Հունվարի 25-ին տված մամլո ասուլիում Գոդֆրին բառացիորեն ասում էր հետեւյալը. «Եթե մասնակից երկրները (Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը) մտադիր են իրականացնել նախագիծը՝ չսպասելով ԱՄՆ-ի ֆինանսավորմանը, մենք չենք կարող արգելել դրա իրականացումը»։

Այդպես էլ եղավ։ Փետրվարի 7-ին Թբիլիսիում Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ ստորագրեցին ԿԱԹԲ երկաթուղու շինարարության մասին համաձայնագիր։ Նախագծի ընդհանուր արժեքը 600 միլիոն դոլար է։ Ադրբեջանը երկաթուղու վրացական տեղամասի շինարարության եւ վերականգնման համար Վրաստանին 25 տարով հատկացնելու է 300 միլիոն՝ տարեկան 1% դրույքաչափով։

Երկաթգծի շինարարության նախագծի հիմնավորումը ձեւական առումով զուտ տնտեսական էր, բայց Բաքվում այն նշում են որպես քաղաքական հաղթանակ, որովհետեւ, Ղարաբաղի հարցում ռազմական եւ քաղաքական լուրջ հաջողություններ չունենալով, պաշտոնական Բաքուն Հայաստանին տնտեսապես թուլացնելու եւ ապա իր քաղաքական պայմանները պարտադրելու մարտավարություն է որդեգրել։

DAY.az լրատվական գործակալության թղթակցի «Ի՞նչ եք կարծում, սա քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական նախագիծ է» հարցին ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը պատասխանել է. «Իր կառուցվածքով սա, անշուշտ, տնտեսական նախագիծ է։ Բայց բովանդակությամբ եւ տարածաշրջանի իրադարձությունների վրա հետագայում ունենալիք ազդեցությամբ, իհարկե, քաղաքական է»։

«Կարելի՞ է ենթադրել, որ նախագծի իրականացումը կազդի ղարաբաղյան հարցում Հայաստանի ունեցած դիրքորոշման վրա»,- հարցրել է թղթակիցը։ Ֆիքրեթ Սադիխովն այս հարցին պատասխանելիս հիշեցրել է, որ Հայաստանը հիմա ապրում է արտասահմանյան լոբբիի դոտացիաներով եւ այն երկրների օգնությամբ, որոնք այդ պետությունը ֆորպոստ են համարում։ Նրա կարծիքով՝ Հայաստանն արդեն հայտնվել է քաղաքական օֆսայդում (խաղից դուրս իրավիճակ), եւ դա այնտեղ շատերն են գիտակցում։

Դժբախտաբար, այդ գիտակցումը Հայաստանում քչերն ունեն, ունեցողներն էլ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա ազդելու որեւէ լծակ չունեն։ Նույն օրը, երբ աշխարհի լրատվականները տարածեցին ԿԱԹԲ երկաթգծի շինարարության մասին համաձայնագիր կնքելու լուրը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է հարկատու քաղաքացիների հաշվին, հրապարակեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի րոպեավճարի արժեքը՝ 80.000 դրամ (մոտ $220)։ Սա նշանակում է, որ այս տեքստը հեռուստացույցով արտասանելու համար անհրաժեշտ է մոտ կես միլիոն դրամ (մոտ $1300)։ Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի օֆսայդը գիտակցող մարդիկ ընտրություններից առաջ ընդամենը դիտելու են, թե ինչպես են կուսակցական կլանների ներկայացուցիչները խոսում Հայրենիքի, ազգի, պետության բարգավաճման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter