Կառավարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը երկարացնել
Կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, ըստ որի` առաջարկվում է ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թ. զորակոչից երկարաձգել մինչեւ 2014 թ. զորակոչը: Նշենք, որ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով օրենքում արդեն հինգ անգամ կատարվել է նմանատիպ փոփոխություն:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց կարող են մուծել վճարներ:
Օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում եւ ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:
Ըստ կառավարության հիմնավորումների` 2013 թ. օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801.230.000 ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով՝ գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թ. եւ հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել