
Պետական գերատեսչությունները տարածքներ են վարձակալում պաշտոնյաների ընկերություններից
Սեփական տարածք չունեցող պետական գերատեսչություններն ամեն տարի կլորիկ գումար են հատկացնում այս կամ այն պաշտոնյայի ընկերությանը՝ վերջիններիս տարածքները վարձակալելու նպատակով:
Սփյուռքի նախարարությունն ու նախկին քաղաքապետի որդին
Սփյուռքի նախարարությունը տարածք չունի, վարձակալական հիմունքներով զբաղեցնում է Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի տարածքը: Ինչպես «Հետքին» տեղեկացնում են պետական գույքի կառավարման վարչությունից, 2012-ից մինչ օրս ամեն տարի նախարարության տարածքի վարձակալության համար պետբյուջեից հատկացվում է 79.298.000 դրամ:
Վարչության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ. և ուժի մեջ է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Սփյուռքի նախարարության համար վարձակալած 603.6 քմ մակերեսով տարածքի ամսական վճարը պայմանագրով կազմում է 6.608.166 դրամ:
Նշենք, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի բաժնետեմսերի 0.0001 %-ը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին, իսկ 99.9999%-ը` օֆշորային գոտում՝ Բրիտանիայի Վիրրջինյան կղզիներում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ Էնդ Ինվ.Ինկ» ընկերությանը:
Այս ընկերության կանոնադրային կապիտալը 500 մլն դրամից ավելի է:
Ֆինանսների նախարարությունն ու Կոտայքի մարզպետը
Ֆինանսների նախարարությունը թեև սեփական տարածքներ ունի, սակայն, կառավարության որոշմամբ, պետական գույքի կառավարման վարչությունը նախարարության կարիքների համար այլ տարածքներ էլ է վարձակալել: Վարձատուն ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն է: Տարածքը գտնվում է կառավարության շենքի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի 4 հասցեում:
«Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից վարձակալած տարածքի համար 2014թ. վճարվել է 16.667.000 դրամ, իսկ 2015թ.-ին՝ 123.840.000 դրամ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կողմից ղեկավարվող պետական գույքի կառավարման վարչությունը այս տարվա հունվարի 30-ին արդեն կնքել է մեկ տարվա պայմանագիր: Ֆիննախի համար վարձակալված ընդհանուր տարածքը կազմում է 2015 քմ, որի ամսական վարձավճարը կազմում է 10.320.000 դրամ:
Կառավարության որոշմամբ՝ 2014թ. նույն ԲԲԸ-ից տարածք է վարձակալվել արդեն լուծարված կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի համար՝ 16.667.000 դրամ արժեքով:
Նշենք, որ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրենը Արամ Հարությունյանի եղբայրն է՝ Արայիկ Հարությունյանը:
Նախարարություններն ու «գաղտնի» վարձատուները
Ֆինանսների նախարարությունը «ինքնուրույն» ևս տարածքներ վարձակալել է, թե ումից՝ չեն տեղեկացնում:
Տարածքներ վարձակալել են այլ նախարարություններ ևս, սակայն այդ նպատակով հատկացված գումարներն անհամեմատ ավելի քիչ են, իսկ վարձատուները հիմնականում պետական մարմիններ են: Օրինակ՝ առողջապահության նախարարությունը 2010-2015թթ. տարածքների վարձակալության համար վճարել է մոտ 15 մլն դրամ:
Մեր հարցմանը դժվարությամբ պատասխանեցին հատկապես արդարադատության նախարարությունից: Վերջինից մոտ 2 ամիս պահանջվեց վարձակալած տարածքներին վերաբերող հարցմանը պատասխանելու համար, այն էլ՝ թերի: Նախարարության Սևակ անունով աշխատակիցը թերի պատասխան ուղարկելու համար մեղադրեց մեզ` ասելով. «Շնորհակալ եղեք, որ պատասխանել ենք, մենք ժամանակ չունենք»: Ավելին, նա գաղտնիք համարեց, թե նախարարությունը ումից է վարձակալել տարածքներ, թեև գրավոր պատասխանում հստակ նշված է տարածքի հասցեն և վարձավճարի չափը:
Նախարարությունը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար 2010-2012թթ. վարձակալել է Աղբյուր Սերոբի փողոցում գտնվող 880 քմ մակերեսով տարածքը: Սակայն նույն տարածքի համար երեք տարիների վարձավճարները տարբեր են. 2010թ.՝ 15.984.000 դրամ, 2011թ.՝ 16.308.000, իսկ 2012թ.՝ 450.000 դրամ:
«ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը 2010-2012թթ. վարձակալել է Նուբարաշենի խճուղում գտնվող հրաձգարանը` դարձյալ տարբեր վարձավճարով. 2010թ.՝ 8.000.100 դրամ, 2011-ին՝ 15.903.000, 2012-ին՝ 15.930.000 դրամ:
Նախարարությունը 2013թ. վարձակալել է Մամիկոնյանց փողոցում գտնվող հրաձգարանը՝ 20.925.000 դրամ արժեքով:
Միգրացիոն ծառայությունն ու «օֆշորային» ընկերակցությունը
Միգրացիոն պետական ծառայությունը «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» սահմանափակ ընկերակցությունից 2009-ից մինչև 2013թ. վարձակալել է Հր. Քոչարի փ. 4 շենքի 4/9 մասնաշենքի 5-րդ հարկը` որպես վարչական տարածք: Վարձակալած տարածքի մակերեսը եղել է 453.3 քմ, իսկ ամսական վարձավճարի չափը՝ 250.000 դրամ:
Հիշեցնենք, որ «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի անունը կապվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային հայտնի սկանդալի հետ:
Ծաղրանկարը` caricatura.ru-ի
Մեկնաբանել