HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական գաթա» փառատոնը՝ Ջավախքում

Մարտի 11-ին` Մեծ պահքի Միջինքի օրը,  Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 4-րդ անգամ անցկացվեց «Հայկական Գաթա» փառատոնը: Այս մասին տեղեկացնում է Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Ջավախքի կանայք առանձնահատուկ կերպով էին պատրաստվել ամենամյա դարձած փառատոնին: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Ախալքալաքի տարածաշրջանի շուրջ 11 գյուղեր, 10-ից ավելի կազմակերպություններ և 55 կանայք: Տարեցտարի փառատոնն ընդարձակում է իր սահմանները՝ տարածվելով նաև գյուղերում: Այն կանայք, որվքեր փառատոնին ներկայացել էին սեփական ձեռքերով թխած գաթաներով՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանից օրհնությամբ ստացան պատվոգրեր:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը խոսքով դիմեց հավատավոր ջավախքցիներին. «...Արդեն ավանդական դարձած Միջինքի Գաթայի փառատոնը մեզ ևս մեկ անգամ համախմբել է Տիրոջ տան մեջ՝ նախևառաջ աղոթքով և փառաբանությամբ լցնելու մեր հոգիները և այնուհետ՝ հոգեպարար ջերմությամբ քրիստոնեավայել սիրով միմյանց հետ կիսելու հայկական գաթայի համն ու բույրը: Մեծագույն օրհնությունը ոչ թե գաթայի միջից մետաղադրամ գտնելն է, այլ միմյանց սիրով հյուրասիրելու հայկական ու քրիստոնեական վեհ գաղափարները գտնելու հնարավորությունն է: Այս փառատոնը մեզ հնարավորություն է տալիս վերագտնել ազգային արժեքներն ու սովորույթները՝ այդ ամենն ի կատար ածելով միմիայն աստվածային օրհնության հայցմամբ»,- իր խոսքում նշեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Այնուհետև, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կողմից օրհնվեցին բոլոր գաթաները, որից հետո հայկական տարազներով աղջիկները եկեղեցու բակում այն մատուցեցին ներկաներին: 

Արդեն չորս տարի շարունակ փառատոնին իր անգնահատելի ներդրում է բերում «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը: Այս տարի ևս նրա սաներն իրենց ներկայությամբ, երգով ու պարով ամբողջական ու ներկայանալի դարձրին Փառատոնը: Փառատոնին իրենց ներկայությունն էին բերել Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների անդամները, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: 

 Ավանդության համաձայն՝ հնում Միջինքի օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր: Փառատոնն ավարտվեց, «սկիզբ» դնելով «մոռացված» այս գեղեցիկ ավանդությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter