Վարչապետ. «Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ»
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը` գործարար կապերի զարգացմանը նոր թափ կհաղորդելու և ներդրումային ծրագրերի իրականացման համար: Կողմերը հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը:
Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, ինչի իրացման գործում կարևորվել է բիզնես ֆորումների անցկացումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացնել հստակ քայլեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ներդրումային դաշտին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար:
Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում նաև մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը և ընդգծել, որ որպես ՀՀ կառավարության ղեկավար անելու է ամեն ինչ, որպեսզի հայ-քուվեյթյան տնտեսական կապերը զարգանան և ընդլայնվեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել