Բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգում փոփոխություն է կատարվել
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 24-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Ըստ ԿԲ - ի` փոփոխության հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը:
Իրականացված փոփոխությունների արդյունքում, ըստ ԿԲ պաշտոնական հաղորդագրության, էականորեն ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով, վերանայվել է բանկի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված միջոցների պահուստավորման կարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով միջազգային բորսաներում ցուցակված պարտատոմսերի դեպքում:
Կապիտալի համարժեքության նորմատիվի տեսանկյունից սահմանվել է ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները արտաքին վարկանիշերի առկայության դեպքում նվազեցված ռիսկի կշիռներով կշռելու հնարավորություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել