
Հոգեբան. «Եթե ուզում են մարդուն վերափոխել, խրախուսանքը միակ աշխատող մոտեցումն է»
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի հարցազրույցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի հետ:
«Բարդ երկուշաբթի» հեռուստահաղորդմամբ լսեցի Ձեր խոսքը կապված փակ տարածության մեջ գտնվող դատապարտյալների հոգեվիճակի հետ: 19-րդ տարին գտնվելով բանտախցում՝ շփվել եմ մի քանի տասնյակ մահապատժի ապա ցմահ բանտարկյալների հետ և այսօր, որպես «Հետքի» լրագրող (բանտային թղթակից), ցանկանում եմ հարցազրույցի հրավիրել Ձեզ՝ որպես հոգեբանի: 20 տարի շարունակ ցմահ դատապարտյալին թույլատրվում է տարվա ընթացքում միայն մեկ անգամ երկարատև հանդիպում ունենալ հարազատների հետ: Ներկայիս ցմահ դատապարտվածների մոտավորապես կեսը նախկին մահապատժի դատապարտվածներ են (ես նույնպես): Մինչև 2003 թ.-ը մենք հնարավորություն չենք ունեցել ընդհանրապես տեսակցել հարազատներին:
- Ի՞նչ եք կարծում՝ տեսակցությունների նման ծայրաստիճան սահմանափակումը նպաստո՞ւմ է ուղղմանը, թե՞ ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը:
- Բանտն, առհասարակ, հազվադեպ է նպաստում մարդու ուղղմանն ու վերականգնմանը: Փաստորեն տարեկան մեկ անգամ մինչև երեք օր կարող են մնալ հարազատները ցմահ դատապարտյալի հետ: Բնականաբար, նման սահմանափակումը սխալ է: Այդպիսի սահմանափակումն առավել ևս չի նպաստի, որ դատապարտված մարդն ուղղվի: Ընդհակառակը՝ մարդու մոտ կառաջանա ագրեսիա, դեպրեսիվ միտումներ: Տեսակցություններն, իմ կարծիքով, պետք է լինեն առնվազն 3 անգամ տարեկան: Տեսակցություններ կարելի է տալ նաև հատկապես տոների, օրինակ՝ Ամանորի, Սբ. Զատկի, դատապարտյալների ծննդյան օրերի կապակցությամբ:
- 19 տարի բանտը տեսնելով ներսից՝ միանշանակ կարող եմ ասել, որ ո՛չ ուսումը, ո՛չ աշխատանքը, ո՛չ ստեղծագործելը համակարգի կողմից չեն խրախուսվում: Ո՞րն է, ըստ Ձեզ, նման մոտեցման պատճառը:
- Բուն պատիժն ինքնին ոչինչ չի փոխում մարդու մեջ: Հակառակը՝ ավելի վատացնում է: Իսկ խրախուսանքով անգամ շիզոֆրենիան է բուժվում վերջնական ստադիայում, երբ արդեն ոչ մի մեթոդ չի աշխատում: Եթե իսկապես ուզում են դատապարտյալին ուղղել, վերափոխել, խրախուսանքի տարբերակը միակ աշխատող մոտեցումն է: Ըստ որում՝ ոչ միայն դրական վարքագծի համար, այլ առհասարակ՝ մտածելակերպի, արտահայտած մտքերի, գործողությունների: Կարելի է տալ լրացուցիչ տեսակցություն, զանգի հնարավորություն: Զարգացած երկրներում կարճատև մեկնումները շատ ընդունված են: Անգամ խրախուսելով մարդուն՝ մեկ շաբաթով տուն են թողնում: Խրախուսման հազար ու ձևեր կան: Իսկ պատժի միջոցով երբեք ոչ մեկին հնարավոր չի եղել փոխել: Իսկ, թե որն է նման մոտեցման պատճառը, կարծում եմ՝ նման առաջնահերթություն չի դրվում, թե ինչը և ինչպես խրախուսել: Ստանդարտով գնում են: Կատարվել է հանցագործություն, պիտի պատժվի, վե՛րջ: Չի դրվում ուղղման հարց: Տեսե՛ք, ցմահ բանտարկյալը ուսում է ստանում, չէ՞ որ դա գնահատման հզոր չափանիշ է: Աշխատելը, ստեղծագործելը էլ չեմ ասում: Ես հարցը միանգամից կդնեի այս մարդուն ազատելու: Կասեի՝ նա արդեն այսքան բան է արել, նա այս հասարակության անդամ է: Ուրիշները անգամ ազատության մեջ չեն կարողանում իրենց տեղը գտնել, նա թղթակցում է «Հետքին», ստեղծագործում է: Արժե, որ այս մարդուն ուրիշ ձևով մոտենանք, հնարավորություն տանք, միգուցե ինչ-որ տեղ դաս տա, փող վաստակի, իր կյանքը լցնի: Բայց ես իրավաբան չեմ: Համենայնդեպս այն մարդը, ով մտավոր աշխատանքով է զբաղվում, մշակութային արժեքներ է ստեղծում, նրան չի կարելի հանցագործ համարել:
- Ուսումնասիրություններ կան, որ 5 տարի փակ ռեժիմային պայմաններում՝ բանտախցում գտնվելուց հետո դատապարտյալն ադապտացվում է, և պատիժը կորցնում է նշանակությունը: Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ է արդյոք մարդուն 20 տարի շարունակ պահել փակ բանտախցում:
- Ես նայում եմ հոգեբանի, ոչ թե իրավաբանի աչքերով: Հոգեբանական տեսանկյունից, իհարկե, սխալ է մարդուն այդքան երկար պահել փակ խցում: Շփման պահանջմունքը մարդու ամենակարևոր պահանջմունքներից է: Այն չի կարելի այդ աստիճան ֆրուստրացիայի ենթարկել, արգելափակել: Մենք սովի դեպքում ենք միայն տեսնում՝ մարդը սովից նիհարեց, մահացավ: Բայց դա նույն բանն է: Դրան հաջորդում է դեպրեսիան, աուտիկ ֆանտազիաներ, մի խոսքով, հանգեցնում են հոգեկան լուրջ շեղումների: Ասենք՝ դատապարտման պահին անձը եղել է 19 տարեկան, հիմա, օրինակ, 40-ին մոտ է: Դա մի ամբողջ կյանք է: Նա այլևս նույն մարդը չէ: Նա այլևս նույն Հակոբը չի, օրինակ, նա արդեն Հակոբ ձյաձյան է: Նույնն է, թե բերենք, ուրիշ մարդու դատենք: Անգամ անձնագրի մեջ է մարդու նկարը փոխվում, մարդու ինքնագիտակցությունն է վերակառուցվում: Նա դառնում է ուրիշ կերպար: Ինքն իրեն է նաև ընկալում որպես ուրիշ մարդ: Պիտի պետությունը ճկուն, ռացիոնալ մոտեցում դրսևորի, կարծում եմ: Թող դատապարտյալներին տանեն հայրենիք պաշտպանելու: Մենք պատերազմի մեջ ենք գտնվում: Ի վերջո, գիտենք, որ թե՛ Հայրենական, թե՛Արցախյան պատերազմի ժամանակ, շատ մարդիկ գաղութներից ազատվեցին ու մասնակցեցին պատերազմին: Մարդկանց պահում ենք փակ բանտախցում, ո՞րն է նպատակը: Ճիշտ է, կան ռեցեդեվիստներ, որ վտանգավոր են հասարակության համար: Բայց եթե վտանգավորությունը պահպանվում է, ուրեմն այդ մարդը բուժման կարիք ունի:
- Պարոն Խուդոյան, Ձեր կարծիքով, հանցագործ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում: Եթե ծնվում են, ապա հնարավո՞ր է ուղղել: Եթե դառնում են, ապա արդյո՞ք հասարակությունը և պետությունը պատասխանատվության մաս չունեն:
- Հանցագործ չեն ծնվում: Կարող է խառնվածքի, հուզական ոլորտի որոշ առանձնահատկություններ նպաստեն դրան, բայց այդ նույն հատկությունները կարող են նպաստել, որ մարդ դառնա խոշոր քաղաքական գործիչ, զորավար, նույնիսկ գիտության մեջ առաջ գնա: Սովորաբար հանցագործությունը միջավայրի ծնունդ է՝ ընտանիք, թաղամաս, շրջապատ, բայց նաև՝ հաճախ պատահականության հետևանք:
Մեկնաբանել