Արգենտինայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն
Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը, սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ, ընդունել է հայտարարություն, որով կրկին դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին:
Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործված այդ հանցագործության 96-րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը' ապրիլի 24-ը հռչակել հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր' ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործված ցեղասպանության»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ազգային սենատը դատապարտում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրով նախատեսված ցեղասպանության բոլոր ձևերը, անհանդուրժողականության ու ցեղասպանության ժխտմանն ուղղված բոլոր դրսևորումները և իր համերաշխությունն է հայտնում արգենտինահայ համայնքին»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել