ԵՏՄ անդամ երկրների միջև բեռնափոխադրումներն ազատականացվում են
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ՀՀ անդամակցությունից հետո անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին նոր թափ հաղորդելու նպատակով այս տարվա սկզբից ԵՏՄ բարձրագույն խորհրդի անդամների, ինչպես նաև անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի պատասխանատուների միջև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվեցին համաձայնագրեր, որոնք կազատականացնեն տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ոլորտը ԵՏՄ տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Այսուհետ, ԵՏՄ անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման համար չի պահանջվի մուտքի-ելքի, տարանցիկ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից՝ մեկանգամյա թույլտվություններ: Հայկական փոխադրողից թույլտվություն կպահանջվի միայն ոչ անդամ երկրից Մաքսային միության անդամ երկիր և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելիս:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2014թ. դեկտեմբերին, Մոսկվայում ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի նախարարների հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն ԵՏՄ անդամ պետությունների տարածքում կիրառելու «Կաբոտաժային» փոխադրումներ։ Իսկ 2015թ. փետրվարի երեքին ՌԴ մայրաքաղաքում ստորագրվեց «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնելու մասին արձանագրություն:
ՀՀ բեռնափոխադրողներին 2016 թվականի հունվարի մեկից հնարավորություն կընձեռվի իրականացնելու մինչ այժմ արգելված «Կաբոտաժային» փոխադրումներ, ինչն իրենից ներկայացնում է այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցի կողմից մեկ այլ պետության տարածքում գտնվող երկու կետերի միջև իրականացվող ներքին փոխադրումներ:
«Կաբոտաժային» փոխադրումների ներդրման գործընթացը տեղի է ունենալու 4 փուլով: Եթե առաջին փուլում անդամ պետությունները հնարավորություն կունենան միայն արձանագրությունում նշված մարզերի միջև կատարել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում, ապա գործընթացի հաջորդական փուլերով՝ մինչև 2025 թվականը, առավել կդյուրացվի և հնարավորություն կտրվի «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնել ԵՏՄ անդամ պետությունների ամբողջ տարածքով:
«Հայաստանի միջազգային փոխադրողների» ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը նշել է, որ սրանով բեռնափոխադրողները ձերբազատվել են մի շարք ավելորդ թղթաբանություններից և մաքսային ձևակերպումներից, ինչը դյուրացրել է ամբողջ գործընթացը.
«Այսօր արդեն Ռուսաստանում բեռի ձևակերպումից հետո, մեքենաները մաքսային ձևակերպում ստանում են միայն Վերին Լարսի և Բագրատաշենի անցակետերում, որտեղից մեքենան անմիջապես գնում է պատվիրատուի հասցեով: Սա թե ժամանակի խնայողություն է (մինչ այս մի քանի օր շարունակ մեքենաները մնում էին ճանապարհին), թե ավելորդ թղթաբանական ձևակերպումներից է զերծ պահում»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ հայ բեռանփոխադրողները դիմել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Վերին Լարսի անցակետում ԵՏՄ անդամ պետություններում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղի ունենալու խնդրանքով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը բարձրացված հարցի վերաբերյալ այս պահին քննարկումներ է սկսել ԵՏՄ անդամ պետությունների հետ՝ մաքսակետերում փոխադրումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Այդ գործընթացը կկրճատի ժամանակը՝ նպաստելով բեռների փոխադրման ինքնարժեքի իջեցմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել