
Արամյանցի դղյակի ճակատագիրը մնում է անորոշ
Հայտնի բարերար Միքայել Արամյանցի` Ախաթալայի դղյակի ճակատագիրը մնում է անորոշ:
Այս տարի լրանում է դղյակի կառուցման 120-ամյակը: Պատմամշակութային այդ կառույցն արդեն 15 տարի անհասանելի է, և քչերը գիտեն, թե ինչ կա ցանկապատերից ներս ընկած հատվածում:
Մշակույթի նախարարությունն արդեն մի քանի տարի է, ձգձգում է Արամյանցի դղյակը պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:
Դղյակը 2005թ. սեպտեմբերի 27-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հայաստանի տուրիզմի զարգացման հիմնադրամից գնել է «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան: Արամյանցի դղյակի հաշվեկշռային գինը սահմանվել է 57 հազար դրամ, այն ժամանակ` գրեթե 100 դոլար:
![]() |
Արամյանցի դղյակը նախկինում |
«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի սեփականատերը հանդիսացել է Սերոբ Տեր-Պողոսյանը (վերջինս 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2014թ. մահացել է): Պայմանագրով Տեր-Պողոսյանը պարտավորվել է 15 տարի չփոխել դղյակի օգտագործման ուղղվածությունը և այն բացառապես ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը: Տեր-Պողոսյանը դղյակի տարածքում կառուցել է բնակարան, ոչնչացրել է Արամյանցի աղջկա մշակութային արժեք ներկայացնող արձանը:
«Ես մի քանի տարի առաջ Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ աշխատել եմ Արամյանցի դղյակի անվտանգության պատասխանատու: Դժբախտաբար ես ներկա եմ եղել, և տեսել եմ , թե ինչպես էր Սերոբը ջարդում Արամյանցի աղջկա արձանը և էլի արձաններ»,- պատմում է ախթալեցի Իվան Ջաղինյանը:
Նա 2008թ. հուլիսի 20-ին դղյակի հարևանությամբ սպիտակ մարմարե հուշաքար է տեղադրել իր ծնողների հիշատակի համար, որն այսօր էլ պահպանվում է: Արամյանցի դղյակը, որպես սեփականություն 2010թ.-ից գրանցվել է «ԼՕԶԷ» ՍՊԸ-ի անունով:
Ընկերությունը հիմնադրել էր Սերոբ Տեր-Պողոսյանը: Վերջինիս ձերբակալությունից հետո (2011թ. փետրվարի 11-ին) «ԼՈԶԷ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետեր է դարձել Ս. Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասում է, որ վերջին տարիներին Լոռու մարզպետին, Մշակույթի նախարարությանը, կառավարությանը և Լոռու մարզի դատախազին գրավոր տեղեկացրել է Արամյանցի դղյակի վիճակի մասին, սակայն այնտեղ ոչինչ չի փոխվել:
«Դղյակը ինքը բրենդ է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար: Ախթալան ընդգրկված է զբոսաշրջության զարգացման կառավարության «Հյուսիսային դարպաս» ծրագրում: Արամյանցի դղյակի վերակառուցումը կնպաստի մեր տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման կառավարության ընդունած ծրագրի իրականացմանը»,- բացատրում է Հայկազ Խաչիկյանը:
«Նախարարության փորձագիտական մասնագիտական հանձնաժողովը Արամյանցի դղյակի կարգավիճակը դեռ չի որոշել, քանի որ դեռ չգիտենք ով է սեփական գույքի ժառանգորդը: Արամյանցի դղյակը պետք է արժևորվի ժառանգորդին պարզելուց հետո»,- հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը:
![]() |
Միքայել Արամյանցի ընտանիքը` դղյակում |
Սեփկանատիրոջը պարզելուց հետո հաջորդը օրը Ս.Շաքարյանին տեղեկացրինք, որ Արամյանցի դղյակի սեփականատերը «ԼՈԶԷ» ՍՊԸ-ն է: Այս անգամ էլ պարոն Շաքարյանը մեզ հայտնեց, որ օրենքը թույլ է տալիս Արամյանցի դղյակին տալ պատմամշակութային արժեքավոր հուշարձանի կարգավիճակ` առանց սեփականատիրոջ համաձայնության. «Դղյակը ընդգրկված է ցուցակում, բայց դրանք պետք է ուղարկենք գիտական հիմնարկներին, շահագրգիռ մարմիններին, այդ թվում` տարածքային կառավարման, ֆինանսների նախարարություններին` նրանց կարծիքը պարզելու համար: Ցավոք, մենք դեռ Արամյանցի դղյակի հարցը կառավարություն ուղարկվող ցուցակում չենք ընդգրկել»,- կրկին բացատրեց Ս. Շաքարյանը:
«Կառույցը ամբողջությամբ փակ է: Մուտքի մոտ գրված է, որ խստիվ արգելվում է մտնել տարածք: Մենք սեփականատիրոջ հետ պետք է հստակեցնենք, թե ինչու չի թույլատրվում մտնել տարածք: Եկող հինգշաբթի հրավիրել ենք նախարարության փորձագիտական մասնագիտական հանձնաժողովի նիստ, դրանից հետո կսկսվեն Արամյանցի դղյակը նորահայտ պատմամշակութային արժեքներ ներկայացնող հուշարձանների ցուցակում ընդգրկելու աշխատանքները: Բայց մենք ուսումնասիրություններ կատարելու համար պետք է կարողանանք նաև մտնել դղյակի տարածք»,- ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
![]() |
![]() |
«Ես միշտ էլ զմայլվել եմ Միքայել Արամյանցի դղյակի գեղեցկությամբ: Արամյանցը մեծ բարերար էր: Նա էսօրվա միլիոնատերերի նման մեկին մի ծրար փող տալուց հետո իրեն չի գովերգել: Համեստ մարդ է եղել: Հիմա այդպիսի մարդիկ չունենք: Չեմ տեսել Սամվել Ալեքսանյանին կամ մյուսներին մի արժեքավոր գիրք տպեն: Էդ առումով Արամյանցն ու Մանթաշովը գիտեին հոգևոր արժեքների գինը»,- ասում է գրող Լևոն Ջավախյանը: Լևոնի ասելով` Արամյանցի տունը պետք դառնա Լոռու մարզի զբոսաշրջության կենտրոն: Լոռու հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը Արամյանցի դղյակը գնահատում է որպես պատմամշակութային արժեքավոր հուշարձան, որի հետ առնչվել են Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսը, Ալեքսանդր Մանթաշյանցը, Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը և այլ հայտնի գործիչներ. «Արամյանցի դղյակը պետք է դառնա պատմական արգելանոց»,- ասում է Սերգո Երիցյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել