HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Թումանյանի «թուլությունն» ու մի գիշերվա վաստակը

Աննա Բաբաջանյան

Հովհաննես Թումանյանը մշտապես երազում էր մեծ գրադարան ունենալու մասին: Այդ միտքը, հավանաբար, ծագել էր դեռևս Ջալալօղլու (այժմյան Ստեփանավան) դպրոցում սովորելու տարիներին: Այդ ընթացքում նա ապրում էր դպրոցի հիմնադիր Տիգրան Տեր-Դավթյանի տանը, ով ուներ բացառիկ հարուստ, հսկայական մի գրադարան, որն էլ պետք է ոգեշնչեր ապագա բանաստեղծին հետագայում ստեղծելու սեփական գրադարանը:

Հայտնի է, որ Թումանյանն իր առաջին աշխատավարձով գնել է գրապահարան: Նրա զավակների հուշերում կարդում ենք նաև, որ Թումանյանն ամենայն բծախնդրությամբ էր վերաբերվում իր գրքերին ու դրանց «թաքստոցներին»: Եվ երբ հայրը բացակայում էր տնից, երեխաները հաճախ նրան երկտող էին գրում, որտեղ նշում էին, որ գրադարանը լավ վիճակում է, ամեն բան իր տեղում է, անհանգստանալու կարիք չկա:

Տարիների ընթացքում գրքերի ավելանալուն զուգընթաց տասնապատկվում էր նաև գրապահարանների թիվը: Տան անդամները սկսում են դժգոհել, թե նա իր վաստակած ողջ գումարը ծախսում է գրքեր ու պահարաններ գնելու համար:

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվող յուրահատուկ մի իր էլ եկել-հասել է մեզ` ևս մեկ անգամ վկայելու բանաստեղծի` գրքի հանդեպ ունեցած «թուլության» մասին: Այն վկայում է նաև բանաստեղծի` իրավիճակից ելք գտնելու և նրա հնարամտության մասին: Այսպիսով, երբ 1907-1908-ական թթ. Թումանյանն աչքի տակ է առնում հերթական գրապահարանը` գեղեցիկ ձեւավորումներով և դիզայներական լուծումներով, նա, կարելի է ասել, կորցնում է քունն ու դադարը` պատրաստ լինելով դիմել ամեն քայլի, միայն թե պահարանը հայտնվեր իր տանը: Ու քանի որ բանաստեղծն իրեն չէր կարող նման շռայլություն թույլ տալ, ցանկալիին հասնելու ուղին ավելի դժվարին էր դառնում:

Ի վերջո, Թումանյանը երկար պրպտումներից հետո գտնում է լավագույն լուծումը: Նա մեկ գիշերում թարգմանում է Վ.Ավենարիուսի «Русские былины» ժողովածուից Իլյա Մուրոմեցին վերաբերող հատվածը, առավոտյան տանում է այն խմբագրություն, ստանում իր հոնորարն ու շտապում իրականացնել ցանկությունը: Եվ երբ գրապահարանն արդեն զարդարում էր տունը, Թումանյանի տնեցիները  ապագա ցուցանմուշին չափազանց խնամքով էին վերաբերվում` այն կատակով կոչելով  «Մուրոմեց»:

Փաստական տեղեկությունները` Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակցուհի Սուսաննա Ադամյանի

Մեկնաբանություններ (1)

Համո
Ահավոր աշխատասեր է եղել, բացի աստվածատուր տաղանդը! Ով ունենք հիմա?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter