
Ջավախքում շաքարի գործարան կառուցելու նախագիծ է մշակվում
Ջավախքում շաքարի գործարան կառուցելու նախագիծ է մշակվում: Դրան աջակցելու է Ջավախքի Հեշտիա գյուղում ծնված, այժմ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում բնակվող գործարար Արարատ Վարդանյանը: Նախագծի վերաբերյալ քննարկումներ ընթացել են նաև հայաստանյան գործարարների հետ:
Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական համաժողովի ընթացքում հայտարարեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը:
Բացի դրանից, մշակվում են ևս երկու՝ պահածոների և արևածաղկի յուղի լցման արտադրության նախագծեր:
Ծնունդով Հեշտիա գյուղի գործարար Կարեն Գոմցյանն իր հերթին տրիկոտաժի արտադրություն է հիմնելու: Սանկտ-Պետերբուրգի գործարարները մտադիր են Ախալցխայում առևտրական համալիներ ստեղծել: Հայաստանյան որոշ գործարարներ ցանկություն են հայտնել փոքր հէկեր կառուցել Ջավախքում:
Սոս Սահակյանի կարծիքով, ավանդական՝ անասնապահության և գյուղատնտնեսության ոլորտում Ջավախքում անսահման ռեսուրսներ կան, «սպասում է գործ անողների»:
Առաջիկա օրերին հիմնադրամի ղեկավարությունը Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահի հետ, որից հետո այս ծրագրերը ներկայացնելու են տարբեր նախարարություններ:
Անցյալ տարվա գործունեությունը Վրաստանում աննախադեպ համարելով՝ գործարարը նշեց, որ Ջավախքում եղեռնի զոհերի հիշատակին նվիրված 4 հուշարձան է կանգնեցվել:
Սոս Սահակյանը հույս ունի, որ այս օրինակները ոգևորիչ կլինեն նաև մյուս գործարների համար, ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ հայրենի Ջավախքում՝ տարածաշրջանի հայապահպանության նպատակով:
Մեկնաբանել