
Հայկավանում ընտրություններ են՝ հայկական ձևով
Այսօր Արմավիրի մարզի Արմավիր, Նալբանդյան, Հայկավան, Նոր Արմավիր համայնքներում համայնքապետ են ընտրում: Հայկավանում ընտրապայքարի մեջ են մտել երկու անկուսակցական թեկնածու՝ «Հայռուսգազարդ» ընկերության Արմավիրի մասնաճյուղի ինժիներ Ռուբեն Ղազարյանը և Արամ Մելքոնյանը: Հայկավանն ունի 1114 ընտրող, որից ժամը 11-ի դրությամբ ընտրել էր 108-ը:
Ռուբեն Ղազարյանն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, և օրվա սկզբից արդեն ակնհայտ է, որ վարչական լծակներն օգտագործվում են նրա օգտին:
Հայկավանում ընտրություններն ընթանում են ընտրական «սովորույթի» համաձայն. ընտրության եկած տարեցները միշտ օգնության կարիք ունեն և նրանց հետ քվեախուց են մտնում այլ անձինք, շատերին՝ ինչպես նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ավտոմեքենաներով են ընտրության բերում: Իսկ թեկնածուների կողմնակիցները՝ հատկապես Ռուբեն Ղազարյանի վստահված անձինք, կողմնակիցները պատին փակցված ընտրացուցակների մոտ ուղղորդում են մարդկանց:
Ներսում ընտրությունները հանգիստ են ընթանում:Ընտրատեղամասը տեղակայված է գյուղի դպրոցի շենքում: Բակում ավտոմեքենաների կուտակումներ կան, որոնց «լուռ հետևում» են ոստիկանները:
Այդ է պատճառը, որ Հայկավանում ընտրությունները բավականին աշխույժ են անցնում: Ինչպես հանձնաժողովի անդամներից մեկը կատակով նկատեց՝ ձանձրանալու ժամանակ չեն ունենում:Հանձնաժողովի նախագահ Ռոզա Համբարձումյանն ասաց, որ ընտրությունները սկսվել են սահմանված ժամին: Երկու թեկնածուների վստահված անձինք, դիտորդները որևէ դիմում-բողոք կամ այլ դժգոհություն չեն հայտնել:
Մեկնաբանել