
Կարմրավանում հորեղբոր տղաները պայքարում են համայնքապետի պաշտոնի համար
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան համայնքում ժամը 12:00-ի դրությամբ` 193 ընտրողից իրենց սահմանադրական պարտքն են կատարել 100-ը: Համայնքի ղեկավարի ընտրություններն այստեղ անցնում են հանգիստ: Ընտրատեղամասը տեղավորված է գյուղի 9-ամյա դպրոցի դասասենյակներից մեկում: Տարածքը փոքր է եւ, պայմանավորված այդ հանգամանքով, ժամանակ առ ժամանակ նկատվում են մարդկանց կուտակումներ: Կարմրավանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ Ֆելիքս Հարությունյանը եւ նրա հորեղբոր տղան՝ Մանուկ Հարությունյանը:
230 բնակիչ ունեցող Կարմրավանում Հարությունյանների գերդաստանը գյուղում մեծ է եւ երկու զարմիկների առաջադրումը նրանց կանգնեցրել է երկընտրանքի առաջ: Գործող համայնքապետը պաշտոնավարել է 8 տարի: Մյուս թեկնածուի վստահված անձ Լուսինե Ավետիսյանի փոխանցմամբ՝ Մանուկ Հարությունյանը նախկին ոստիկան է, երկար տարիներ աշխատել է Նովոսիբիրսկի ոստիկանությունում: Վերջին տաս տարին զբաղվել է արտագնա աշխատանքով: Թեկնածուներից Մանուկ Հարությունյանը գյուղում գործող միակ խանութի սեփականատերն է:
Երկու թեկնածուն էլ ՀՀԿ-ական են, սակայն չունեն կուսակացական առաջադրում՝ ինքնառաջադրվել են։
Մեկնաբանել