
Կարմրավանում բարեկամուհիները միմյանց ուղղորդում են ընտրատեղամասում
Կարմրավանում ժամը 13:30-ի դրությամբ արդեն իսկ մասնակցել է 134 ընտրող: 33/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հենրիկ Մանուկյանի դիտարկմամբ` 2-3 ժամից ընտրությունները Կարմրավանում հավանաբար կավարտվեն: Նախնական տվյալներով՝ 193 ընտրողից մոտ 30-ը բացակայում են գյուղից: Գյուղում եւ անգամ այլ համայնքներում ապրող կարմրավանցիները բավական ակտիվորեն մասնակցում են ընտրությանը: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ պասիվություն սովորաբար նկատվում է միայն ավագանու ընտրությունների ժամանակ: Համայնքի ղեկավարի, նախագահի եւ ԱԺ պատգամավորների ընտրություններն այստեղ ընթանում են բավական ակտիվ:
Ընտրությանը մասնակցող մի խումբ կանայք չզլացան ընտրատեղամասում անգամ բարձրաձայն ուղղորդումներ կատարել: Կարմրավանի բնակչուհի Սուսաննա Կարապետյանն, ով առանց ակնոցի իր անվան դիմաց կարողացել էր ստորագրել, քվեախցիկում հանկարծակի հայտարարեց, որ չի տեսնում քվեաթերթիկի վրա արված բաժանումները եւ չի կարող նշում կատարել: Նրան ուղեկցող երկու բարեկամուհի կանայք բարձրաձայն հորդորեցին նշում կատարել քվեաթերթիկի առաջին համարի դիմաց:
Հանձնաժողովի նախագահն արդեն իսկ քվեարկած երկու կանանց դուրս հրավիրեց ընտրատեղամասից՝ հայտարարելով, որ այլեւս չի թույլատրելու քվեարկությունն ավարտած անձանց թեկուզ մեկ վայրկյան ավելի գտնվել ընտրատեղամասում: Հիշեցնենք, որ Կարմրավանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ Ֆելիքս Հարությունյանը եւ նրա հորեղբոր տղան՝ Մանուկ Հարությունյանը:
Մեկնաբանել