Ընտրություններն Արմավիրում. «Ոտքդ խերով էր, ահագին մարդ եկավ»
Արմավիր քաղաքի այսօրվա ընտրություններն առանձնահատուկ են: Չկա այս օրերին Արմավիրին բնորոշ լարվածություն, ծեծուջարդ, կրակոցներ, մարդկանց առևանգումներ: Պատճառն այն է, որ այստեղ, ըստ էության, քաղաքապետին «նշանակում» են, ոչ թե ընտրում:
Գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը մրցակից չունի, նա միակ թեկնածուն է, ինչն էլ պասիվություն է հաղորդում ընտրություններին:
Ընտրատեղամասերի դիմաց չկան կուտակումներ, իսկ ներսում հանձնաժողովի անդամները ձանձրանում են ընտրողների պասիվությունից:
«Ոտքդ խերով էր, ահագին մարդ եկավ»,-դիմելով մեզ կատակեց թիվ 21/03 ընտրատեղամասի նախագահ Սաշիկ Վարդանյանը: Մեր այցելության պահին ընտրողների ակտիվություն չէր նկատվում․ ժամը 12.30-ի դրությամբ՝ 1867 ընտրողից քվեարկել էր 190-ը:
Հանձնաժողովի քարտուղար Վարսիկ Գևորգյանն ասաց, որ ընտրությունները պասիվ չեն, իսկ ընտրողների քիչ լինելը պայմանավորված է առավոտվա ժամով:
Արմավիրում հանգիստ վիճակը «դրդում» է ընտրողներին, որ բաց քվեարկեն: Ընտրողների զգալի մասի քվեախուց չի մտնում և հենց սեղանի վրա է նշումն անում: Թիվ 21/03 ընտրատեղամասում էլ «ավանդույթ» է քվեաթերթիկը քվեախցից դուրս ծրարի մեջ դնելը:
Այս ամենը չեն «նկատում» հանձնաժողովի անդամները: Նույն վիճակն է գրեթե քաղաքի բոլոր ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետի ընտրություններին որպես թեկնածու առաջադրվել էր 6 թեկնածու՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, վերջինիս քրոջ որդին՝ փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, Արմավիրի մարզպետի օգնական, Արմավիրի ավագանու անդամ Նվեր Պետրոսյանը, «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը և Էդվարդ Վարդումյանը:
5 թեկնածուները ինքնաբացարկի դիմում ներկայացրին՝ գործող քաղաքապետին թողնելով միայնակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել