HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Հայաստանում բնակվող ադրբեջանցիները չեն ուզում էթնիկ համայնք ձեւավորել

«Եզդիները բախվում են հողի, ջրի եւ արոտավայրերի հետ կապված խնդիրների»,- ասվում է Եվրախորհրդի զեկույցում

Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը փետրվարի 13-ին հրապարակել է Հայաստանի մասին երկրորդ զեկույցը, համաձայն որի 2003թ. հուլիսի 8-ի առաջին զեկույցից հետո առաջընթաց է արձանագրվել մի շարք բնագավառներում։

Մասնավորապես, Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրությունը, Սահմանադրության մեջ կատարվել են փոփոխություններ, ընդունվել է Քրեական օրենսգիրքը, որը դատապարտում է ատելության հողի վրա կատարված ոճրագործությունները, ինչպես նաեւ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական գործերի վարչություն, որը, ի թիվս այլ խնդիրների, լիազորված է սատարելու փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթները։

Փաստաթղթում դրական է գնահատվում «Փախստականների մասին» օրենքում փոփոխությունների կատարումը` նրանց ժամանակավոր պաշտպանություն ցույց տալու նպատակով, «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումը, օմբուդսմենի պաշտոնի ստեղծումը: Այնուամենայնիվ, նշվում է, որ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցում արված մի շարք հանձնարարա֊կան֊ներ չեն իրագործվել կամ իրագործվել են մասամբ։

«Թեեւ ազգային փոքրամաս֊նու֊թյուն֊ների մասին օրինագիծը ուրվագծված է, ազգային փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ եւ ոչ կառավարական կազմակերպություններ դրան հավանություն չեն տվել, քանի որ կարծում են, որ այն մեծ փոփոխություն չի մտցնի առկա իրադրության մեջ։ Չի ընդունվել խտրականության դեմ ուղղված քաղաքացիական կամ վարչական դրույթների որեւէ սպառիչ փաստաթուղթ։ Եզդիների փոքրամասնությունը դեռեւս բախ֊վում է հողի, ջրի եւ արոտավայրերի հետ կապված խնդիրների, եւ այս համայնքի որոշ անդամներ դեռ չեն ստացել հողի սեփականության իրենց փաստաթղթերը»,- ասվում է զեկույցում։

Հայաստանի կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս զեկույցը, սակայն ունի մի շարք վերապահումներ, մասնավորապես եզդիների խնդիրների հետ կապված: Խառատյանը չի բացառում, որ արոտավայրերի վարձակալության հարցում «եզդիները շահարկում են խնդիրը»: Նա ներկայացրեց մի դեպք, երբ «կազմակերպված աճուրդին եզդիների համայնքից չներկայացան, չնայած նախապես տեղեկացվել էին: Աճուրդը հետաձգեցինք նրանց մասնակցությունն ապահովելու համար: Կրկին չներկայացան, եւ աճուրդը կայացավ առանց նրանց»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է, որ շատ հաճախ մրցույթում եզդիները չեն հաղթում, ինչը լարվածություն է առաջացնում ավանդաբար անասնապահությամբ զբաղվող եզդիների եւ հայ գործարարների, ֆերմերների միջեւ, ովքեր այդ արոտավայրերն օգտագործում են: Իշխանյանը հիշեցրեց վերջին ողբերգական դեպքը, երբ 2006 թվականի նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի «Կաշառներ» կոչվող հանդամասում սպանվեց Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի, 42-ամյա Քյարամ Ավդալյանը: Դեկտեմբերի 7-ին Ավդալյանի մայրը եւ չորս տղաները Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ ինքնահրկիզման փորձ կատարեցին: Սպանված Ավդալյանի հարազատները պնդում էին, որ ձերբակալված հովիվն անմեղ է, իսկ իրական հանցագործները ազատության մեջ են։

Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցում եզդիների խնդիրների մասին խոսվում է «Հատուկ բաժնում»: Մասնավորապես, խնդիրներ կան «եզդի համայնքի ան֊դամ֊նե֊րի հետ ոստիկանության ու բանակի վերաբերմունքում», «որոշ վտանգ կա արոտավայրերի հարցում, եւ հողի բաժան֊ման մեջ նրանք տուժում են տեղական իշխանությունների անբարյացակամության դրսեւորումից»։

Իշխանյանը նշում է, որ հողի սեփականաշնորհման հետ կապված խնդիրներ են առաջանում խառը` եզդիներով եւ հայերով բնակեցված Զովունի համայնքում: «Սեփականաշնորհման ժամանակ եզդիները հող չեն ստացել, համենայնդեպս ոչ այն պատճառով, որ նրանք եզդի են, այլ այն պատճառով, որ այնտեղ արհեստականորեն երկու համայնքներ են միացած, եւ համայնքներից մեկը հողատարածքներ չի ունեցել: Սակայն սա չի արդարացնում այն իրողությունը, որ եզդիները զերծ են մնացել հողի բաժանումից` սեփականաշնորհումից: Համայնքի բոլոր բնակիչների համար պետք է ձեւ գտնել՝ հողի սեփականաշնորհմանը մասնակից դարձնելու համար, առավել եւս, որ նրանք ազգային փոքրամասնություն են»,- ասում է Իշխանյանը:

Հայաստանի 2003թ. մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության մոտ 3 տոկոսը։ Հայաս֊տա֊նում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են` ավելի քան 40 հազար, ապա ռուսները` մոտ 15 հազար, ասորիները` մոտ 3,5 հազար, ավելի քան 1,5 հազարական ուկրաինացներ եւ քրդեր, մոտ 1200 հույն: Հրեաների թիվը հազարից պակաս է, Հայաստանում բնակվող մյուս ազգությունները միասին կազմում են մոտ 5 հազար մարդ։

Զեկույցում նշվում է, որ դեռեւս չի ստեղծվել երկրի հա֊սա֊րակական եւ քաղաքական կյանքին ազգային փոքրամաս֊նու֊թյուն֊ների մասնակ֊ցու֊֊թյանը ավելի մեծ հնարավորություն ընձեռող համակարգ։

Իրավապաշտպան Իշխանյանը կարծում է, որ չնայած ազգային փոքրամասնությունները երկու-երեք տոկոս են կազմում, բայց պետք է ձեւ գտնել նրանց հանրային կյանքին, կառավարման համակարգին մասնակից դարձնելու համար:

«Ես դեմ եմ քվոտաներ տալուն, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորի տեղի համար: Այդ երկու-երեք տոկոսի միջեւ վեճ կառաջանա` որ համայնքից եւ քանի հոգի: Հարցի լուծումը կարելի է այլ տեղ փնտրել: Այն մարզերում եւ համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնությունները բավականին մաս են կազմում, օրենքով կամ այլ կանոնակարգով, մարզպետարաններում ընդգրկված լինեն որոշակի պաշտոններում: Կամ այն մարզերում, որտեղ համայնքներով ապրում են ազգային փոքրամասնությունները, մարզային հեռուստատեսությամբ ազգային փոքրամասնությունների մշակույթին նվիրված հաղորդումներ լինեն»,- ասում է Իշխանյանը:

Հայաստանի կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը պնդում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքներն իրացվում են այն չափով, որ չափով իրացվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը:

«Ֆինանսական հնարավորությունների շրջանակներում երկիրն իր ստանձնած պարտավորությունները, ընդհանուր առմամբ, կատարում է: Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների զարգացումը խրախուսելու բարի եւ քաղաքական կամքի պակաս չկա: Առկա խնդիրներն այդ կամքի բացակայության հետեւանք չեն, այլ հնարավորությունների պակասի»,- ասում է Խառատյանը:

Ամեն տարի Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը էթնիկ համայնքների հետ կազմակերպում է փառատոններ, պետբյուջեից տարեկան 10 մլն դրամ է հատկացվում ազգային փոքրամասնությունների կրթամշակութային, հասարակական գործունեության համար: Պետբյուջեից սուբսիդավորվում է ազգային փոքրամասնությունների 10 անուն պարբերական: Այն դպրոցներում, որտեղ այլազգի աշակերտների թիվը բավարար է (7-8 աշակերտ), բացվում են մայրենի լեզվի ուսուցման դասարաններ:

Թեեւ զեկույցում չի հանդիպում «ադրբեջանցի ազգություն կամ համայնք» ձեւակերպումը, Հայաստանում ադրբեջանցիներ բնակվում են: Ըստ տարբեր, ոչ պաշտոնական տվյալների, մեր երկրում էթնիկ ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 8 հազարի, սրա մեջ մտնում է նաեւ այն ադրբեջանցիների թիվը, ովքեր փոխել են անուն-ազգանունները:

«Այո, Հայաստանում ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, շատերին գիտեմ, բայց թիվ չեմ կարող ասել: Հայաստանը ստորագրել է բնակչության եւ որոշ վիճակագրական տեղեկությունների հաղորդման վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, որով երկրները պարտավորվում են թվային տեղեկություններ չհրապարակել վտանգի առջեւ կանգնած կամ իրենց նման վիճակում զգացող խմբերի մասին, եթե դրանք մեծ չեն, եւ կարող են խնդիրներ առաջանալ: Մարդահամարի ժամանակ որոշ թվով մարդիկ իրենց էթնիկությունը նշել են ադրբեջանցի: Ես գիտեմ որոշ ադրբեջանցիների, ովքեր Ադրբեջանից են եկել իրենց ամուսնու կամ կնոջ հետ: Ոմանք գերադասում են իրենց էթնիկ պատկանելության մասին չխոսել, ոմանք շատ հանգիստ են վերաբերում դրան: Մենք զրույցներ ենք ունեցել Հայաստանում բնակվող հայտնի ադրբեջանցիների հետ, եւ նրանց կողմից էթնիկ համայնք ձեւավորելու կամք առայժմ չի դրսեւորվել»,- ասում է Խառատյանը:

Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը առաջարկում է նաեւ փոփոխություններ կատարել «Այլընտ֊րան֊քային ծառայության մասին» օրենքում՝ «խղճի դրդապատճառներով հակադրվողների համար ապա֊հո֊վելու իրապես այլընտրանքային քաղաքացիական ծառայություն» :

Իշխանյանը այս կետը համարում է բավականին հիմնավոր պահանջ: «Ըստ էության, Հայաստանում այլընտրանքային ծառայությունը չի գործում: Օրենքը թերի է, լիարժեք քաղաքացիական ծառայություն չէ, նույնիսկ օրենքի անվանումը իր մեջ չունի «քաղաքացիական ծառայություն» բառակապակցությունը: Օրենքը կոչվում է «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն»: Նախ՝ այլընտրանքային ծառայությունը 42 ամիս է, որը չափից ավելի երկար է: Բացի այդ, այլընտրանքային ծառայությունը վերահսկվում է ռազմական գերատեսչության` ռազմական ոստիկանության եւ դատախազության կողմից: Ավելին, երբ այլընտրանքային ծառայություն անցնողները հիվանդանում են, նրանց բուժումը կատարվում է ռազմական հոսպիտալներում, այսինքն` իր բնույթով այն լիարժեք քաղաքացիական չէ»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter