
Վստահված անձը խոստանում է, որ իրենց թեկնածուն չի փոշիացնի Կարմրավանի բյուջեն
Կարմրավանում համայնքապետի պաշտոնի համար պայքարող երկրորդ թեկնածուն՝ Մանուկ Հարությունյանը, ընտրության եկավ ժամը 17:30-ի սահմաններում: Թեկնածուն հրաժարվեց խոսել համայնքում կատարելիք բարեփոխումների մասին՝ նշելով, որ այդ մասին հետագայում անպայման կխոսեն համագյուղացիները, եթե, իհարկե, ինքն ընտրվի:
Նրա փոխարեն խոսեց վստահված անձ Լուսինե Ավետիսյանը: Նա հայտնեց, որ թեկնածուն, եթե ընտրվի, անպայման ձգտելու է լուծել գյուղի գիշերային լուսավորության ցանցի անցկացման, գերեզմանոցի ցանկապատման հարցը, գյուղամիջյան ճանապարհները փորձելու է տանելի դարձնել երթեւեկության համար: «Մի խոսքով, անելու է այնպես, որ համայնքի բյուջեն ծառայի իր նպատակին, ոչ թե փոշիանա»,-նշեց թեկնածուի վստահված անձը:
Կարմրավանում ժամը 18:15 րոպեի դրությամբ 193 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 151 ընտրող: Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտրական իրավունք ունեցող մոտ 40 հոգի բացակայում է գյուղից:
Մեկնաբանել