Թեկնածուները ընտրատեղամաս են տանում վերջին ընտրողներին
Մոտ 20 րոպեից կփակվեն ընտրատեղամասերի դռները, և հանձնաժողովները կսկսեն թեկնածուների ստացած քվեների հաշվման գործընթացը: Այժմ թեկնածուները վերջին ճիգերն են գործադրում` ընտրողներին քվեարկության բերելու:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը թեև մրցակից չունի, և չընտրվելու վտանգ չկա, այնուամենայնիվ, ընտրությունների ավարտից մի քանի ժամ առաջ իր կողմնակիցների միջոցով ընտրողներին բերում է ընտրատեղամասեր: ՀՀԿ-ական թեկնածուն ցանկանում է հնարավորինս շատ ձայնով ու մասնակցության արդյունքով վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:
Թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանն ասաց, որ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքի թեկնածուներից որևէ դիմում բողոք չի ստացել, արտառոց դեպքեր չեն գրանցվել:
Ըստ նրա՝ ժամը 17-ի դրությամբ Արմավիր քաղաքի 28.466 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7.294-ը, Նոր Արմավիրում՝ 1497-ից՝ 851-ը, Նալբանդյանում 3265 ընտրողից ընտրության եկել 1789-ը:
Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքային հանձնաժողովից էլ փոխանցեցին, որ Հայկավանում 1114 ընտրողից քվեարկել է 617-ը, իսկ Հովտամեջ համայնքի 909 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 241-ը: Հովտամեջում ևս մեկ թեկնածու է առաջադրվել՝ գործող համայնքապետ Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ ընտրություններն ավարտվում են ժամը 20.00-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել